Եթե Փաշինյանը՝ «ճանաչում եմ» բառի փոխարեն օգտագործեր «պատրաստ եմ ճանաչելու, եթե․․․» տերմինը, բանակցային այլ դիրքերում կլինեինք. Վարդան Օսկանյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկում մտցնելու իր նախորդ առաջարկին ու դրա վերաբերյալ համացանցում տարածված արձագանքներին։
«Հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու վերջերս իմ արած առաջարկության թեման ուզում եմ շարունակել: Այդ հարցի շուրջ վերջին մի քանի օրերին տարբեր քննարկումներ են եղել, տարաբնույթ մեկնաբանություններ՝ կողմ, դեմ, որը ես համարում եմ շատ առողջ, լավ։ Եվ այդ քննարկումները պետք է շարունակել։
Այս անգամ ևս ես կրկնում եմ իմ առաջարկը, անգամ վստահ եմ, որ դա հնարավոր է անել, և ինչպես նախորդ իմ գրառումներում ասել եմ, որ պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այդ գործն առաջ տանելու համար։ Իմ առաջարկության մեջ, երբ ասացի, որ ուղղակի այդ ընթացքում պետք է իշխանությունները լռեն, հավատացեք, ես որևէ նպատակ չունեի ինչ-որ մեկին կամ մարդկանց նեղացնելու, վիրավորելու, ես դա ասել եմ՝ ելնելով մեր այս վերջին տարիների դառը փորձից։
Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, սա փաստ է, այստեղ նորից ինչ-որ վիրավորելու հարց չկա, նրա կրթությունը դիվանագիտությանը չէր վերաբերում, քաղաքական հարցերին չէր վերաբերում, նա նման փորձ չուներ իր ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում, բացառությամբ մի քանի խորհրդարանական այցելություններից։ Նա արտաքին շփումներ չի ունեցել, այդ փորձը Փաշինյանը չուներ։ Առավել ևս, Փաշինյանը չէր հասկանում և այսօր էլ չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, կարևորությունը, որ մի բառը նույնիսկ, եթե դա ճիշտ չի ասվում, բացասական հետևանքներ է ունենում։ Օրինակ՝ Փաշինյանի ասած այն միտքը, որ Արցախը Հայաստան է, և վերջ, գուցե դա Փաշինյանի արած քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ ձևով, սխալ տեղում և սխալ ժամանակ, և դա բերեց շատ բացասական հետևանքների»,- ասել է Վարդան Օսկանյանը։
Ըստ նրա, դիվանագիտության մեջ խոսքի ճիշտ լինելը և դրա ճիշտ ժամանակին օգտագործելն էական նշանակություն ունի։ Հարցի ճիշտ ձևակերպումը և փաթեթավորումն էական նշանակություն ունի։ Միջազգային հարաբերություններում, միջազգային դիվանագիտության մեջ օրինակները բազմաթիվ են, նաև հայկական դիվանագիտության մեջ։
Շարունակելով միտքը՝ նախկին ԱԳ նախարարն ասել է.
«Սառը պատերազմի ժամանակ Արևմուտքի ողջ քաղաքականությունը Սովետական Միության նկատմամբ կառուցված էր ընդամենը մեկ բառի` «containment»՝ զսպողականության քաղաքականության վրա, որը տվեց իր արդյունքները, պահպանեց խաղաղությունն այդ ամբողջ ժամանակահատվածում։ Իմ նախարար եղած ժամանակ մենք որդեգրել էինք «կոմպլեմենտար» քաղաքականություն՝ մեկ բառի վրա էր կառուցված՝ փոխլրացում, որը նույնպես տվեց իր դրական արդյունքները։ Հնարավոր եղավ երկու կողմերի հետ՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական, և՛ այլ հարցերում համագործակցություն ծավալել, և դրանից Հայաստանը քաղեց մաքսիմում հնարավոր օգուտը։
Եթե հետևել եք լրահոսին, վերջերս Արևմուտքը փոխեց իր քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, ընդամենը փոխելով իր ձևակերպումներում մեկ բառ՝ տնտեսություններն իրարից անջատելուց՝ անցան տնտեսություններն իրարից կախված լինելու ռիսկը նվազեցնելուն։ Եվ դա էական փոփոխություն էր համարվում քաղաքականության մեջ, որը նոր դռներ բացեց և վերջերս հնարավորություն բացեց Միացյալ Նահանգների տնտեսության քարտուղարի հաջող այցը Չինաստան։ Քիսինջերը 1971 թվականին, երբ գաղտնի այցով Չինաստանում էր, բանակցությունները մտել էին փակուղի, որովհետև չինացիները պնդում էին, որ ԱՄՆ-ը ճանաչի Թայվանը Չինաստանի մաս, բայց Միացյալ Նահանգները պատրաստ չէր։ Քիսինջերը հենց տեղում մի այնպիսի ճկուն ձևակերպում տվեց այդ խնդրին, որը հանգուցալուծեց խնդիրը, որն առ այսօր հանդիսանում է Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնաքարը՝ Թայվանի և Չինաստանի նկատմամբ։
Օրինակները բազմաթիվ են, ուզում եմ պարզապես շեշտել այն փաստը, որ խոսքը շատ կարևոր է և սխալ խոսքը կարող է բերել պատերազմի, ճիշտ խոսքը կարող է նպաստել խաղաղությանը։ Բանակցություններում, երբ խնդիրները չեն հանգուցալուծվում, փակուղի են մտնում, այնտեղ կարողանան նրանց ճիշտ ձևակերպում տալ, հնարավորություն կտա հարցն առաջ տանելու։ Իմ առաջարկությունը՝ բեկում մտցնելու հայ-ադրբեջանական բանակցություններում, կառուցված է հենց նման մոտեցումների վրա։ Այն փոփոխությունները, որոնք ես առաջարկում եմ այնտեղ, շատ նուրբ են, բայց ընկալելի են և՛ միջազգային հանրությանը, և՛ միջազգային միջնորդներին, հավատացեք, ընկալելի կլինի և մեր հակառակորդին։ Այնտեղ որոշակի շեշտադրումների փոփոխություններով, մենք կարող ենք հնարավորություն ունենալ բանակցությունները դնել բոլորովին այլ հունի մեջ, շատ ավելի հայանպաստ հունի մեջ։
Այնտեղ ես երկու հիմնական միտք եմ ասել, մեկը, որ բանակցությունների նարատիվը, փիլիսոփայությունը, մոտեցումը փոխել և այնտեղ պնդել, որ մենք ամեն գնով պետք է հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրման, ընդամենը մենք այս փուլում պետք է փորձենք Ադրբեջանի հետ որոնել այն հնարավոր ճանապարհները և միջոցները, որը հնարավորություն կտա երկու ժողովուրդների միջև հասնել արդար և կայուն խաղաղության։
Մյուս առաջարկը նույնպես շատ նուրբ էր. ընդլայնելով օրակարգը՝ մտցնել օրակարգ Արցախը Սովետական շրջանում ինքնավար մարզ ունենալու փաստը, հանգամանքը։ Սա, հավատացեք, նոր մեծ հնարավորություն կստեղծի բանակցությունները տանել այլ հունով, կփոխի տրամաբանությունը»։
Նրա խոսքով՝ այդ հարցն օրակարգ բերելու հարցում դժվար թե լուրջ դիմադրություն լինի, դրա դեմ հակափաստարկ չկա, որովհետև Ադրբեջանն ինքն էր օրակարգ բերել որոշ հարցեր, որոնք ժառանգությունն են հենց սովետական շրջանի քարտեզների՝ անկլավների հարցը։ Եթե Ադրբեջանը համարձակվում է անկլավների հարց դնել, բայց այդ նույն քարտեզները, որոնք ցույց են տալիս անկլավները, ցույց են տալիս նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, և այստեղ ուղղակի հակափաստարկ չկա։
«Առավել ևս, ես նախորդ անգամ բավականին մանրամասն հիմնավորել եմ, թե ինչու Ադրբեջանը չի կարող դիմադրել այս մտքին, որովհետև միջազգային օրենքը շատ հստակ է՝ նման դիմադրություն ցուցաբերելու դեպքում նա արդեն լուրջ խնդիրների առաջ կկանգնի՝ միջազգային օրենքի դրույթներից ելնելով, որովհետև միջազգային օրենքը նման դեպքում Արցախի արտաքին ինքնորոշման համար նոր հնարավորություններ է բացում։ Ահավասիկ՝ իմ առաջարկության էությունը, նաև այդ առաջարկության նրբությունները հարցի ձևակերպումների առումով։
Հիմա ես ուզում եմ մտնել Փաշինյանի տրամաբանության դաշտ, արդեն ասացի, որ Փաշինյանն ուղղակի չի տիրապետում, չի հասկանում ու ընկալում խոսքի կարևորությունն ու արժեքը։ Եվ իրոք մեզ որևէ այլ բան վնաս չի տվել այս հինգ տարիներին, որքան Փաշինյանի սխալ խոսքը։ Նա հաճախ կարծես խոսում է առանց մտածելու, պահի տակ իր մտքում եղածն արտահայտում է, և հաճախ նա իր արտահայտություններում նկատի ունի ոչ թե՝ հակառակորդը, ոչ թե՝ միջազգային հանրությունը, այլ՝ ներքին լսարանը։ Հատկապես ընդդիմադիր դաշտը, դա միայն ու միայն սխալ ճանապարհով կտանի մեզ։ Եվ իրոք այս հինգ տարվա գործունեությունը և այսօրվա գործընթացները դրա վառ ապացույցն են։
Ես ասացի՝ մտնելու եմ Փաշինյանի տրամաբանության դաշտ, այն, ինչ ասելու եմ, դա իմը չէ, դա Փաշինյանինն է, և ես ուզում եմ այդ դաշտում որոշ հարցեր բարձրացնեմ և լինեմ ընդդիմախոս Փաշինյանի վարած քաղաքականությանը, բայց հենց իր քաղաքականությանը, իր դաշտում ու իր տրամաբանության մեջ։
Ի՞նչ է այսօր փորձում անել Փաշինյանը, նա ասում է՝ ես պատրաստ եմ տալ Արցախը՝ ի դիմաց նրա, որ ապահովեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29.800 քկմ տարածքը։ Բայց Փաշինյանին չի հաջողվում նույնիսկ սա անել, ինչո՞ւ, որովհետև իր սկզբնակետը սխալ է եղել, այնտեղ ինքը նույնպես սխալ է խոսել։ Ինքը եթե ոչ ասած լիներ՝ «ես ճանաչում եմ», և այդ ճանաչումը որակավորեր այնպես, որ ընդհանրապես այդ ճանաչումն ինչ-որ պահի հնարավորություն չլինի մեկնաբանելու, ասելով, որ նախկիններն են ճանաչել, Ալմա Աթայի հռչակագրով ենք ճանաչել, աշխարհն այդպես է ճանաչում, Ղարաբաղն ընդանրապես մերը չի եղել և այլն, ինքն այսքան որակավորումներ է տվել այդ «ճանաչում եմ» բառին, դրա փոխարեն եթե ասեր, որ՝ պատրաստ եմ ճանաչելու, եթե…, հավատացեք, ինքն այսօր բանակցային առումով շատ ավելի լավ դիրքերում կլիներ, այսօր ինքը կստանար այն, ինչ ուզում էր, ստորագրած կլիներ իր երազած խաղաղության պայմանագիրը»,- ասել է Վարդան Օսկանյանը։
Նախկին ԱԳ նախարարն ընդգծում է նաև, որ Փաշինյանը, սակայն, չի կարողանալու անել այս ամենը, քանի որ սխալ է խոսել։ Երբ դեռ չի գնացել բանակցությունների, բայց հայտարարում է, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, դրանով իր հակառակորդին տալիս է նրա ցանկացած ամենամեծ պատառը։ Այդ ժամանակ հակառակորդն այդ ամենը ստանալով հանդերձ՝ շարունակելու է իր մյուս պահանջները ձեռք բերել։ Դրանով Փաշինյանը կորցնում է իր բանակցային ճկունությունը, հնարավորությունը։
«Հիշում եք, երբ Ադրբեջանը ներկայացրեց իր հինգ առաջարկները, ընդամենը մեկ օր էր անցել, երբ ամենաբարձր մակարդակով՝ արտգործնախարար, վարչապետ, միանգամից ասացին, որ՝ ձեր հինգ կետերն էլ մեզ համար ընդունելի են, փոխանակ ասեին, որ՝ մենք ընդունում ենք ի գիտություն, բանակցություններում դա կքննարկենք։ Բանակցությունների չգնացած՝ արդեն ասում են, որ դա մեզ համար ընդունելի է։ Սա ինձ ապշեցնում է, կարծես թե մանկապարտեզի ինչ-որ երեխաների ուզում եմ բան բացատրել։ Սա այնքան ակնհայտ է, սրանք խնդիրներ են, հարցեր են, որ այստեղ դժվար չէ կողմնորոշվել։ Ընդամենը մի տեղ պետք է ասել, որ ես պատրաստ եմ ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, եթե բանակցությունները տան իրենց դրական արդյունքները։ Գնում ասում է, որ՝ ես ճանաչում եմ։ Երբ առաջարկներ են անում, դու այստեղ ասում ես՝ ընդունում եմ դրանք, գնանք խոսենք, ինչո՞ւ ես գնում խոսելու, եթե ընդունել ես. ուղղակի ապշեցուցիչ է։ Այստեղ ակնհայտ է, որ կա կոմպետենտության խնդիր, սա ակնհայտ է, բացահայտ է։ Բայց սրանից ոչ թե մի խումբ մարդիկ են տուժում, այլ մի ամբողջ ժողովուրդ, հայրենիք։ Մենք շատ բան ենք կորցրել և շարունակում ենք կորցնել, այ սրան պետք է վերջ դնել։ Բերեք կոմպետենտ մարդկանց, դուք սխալ եք անում, չեք կարողանում անել։
Իմ առաջարկության մեջ, որ խոսում եմ ինքնավար մարզի հարցի մասին, ընդամենն ուզում եմ ասել, որ ես ուզում եմ այդ փաստի գոյությունը բերեմ օրակարգ։ Ես այնտեղ այլ ծրագրեր ունեմ, օրակարգ բերելուց հետո, համոզված եմ, այլ դռներ է բացվելու բանակցությունների միջոցով։
Բայց իր տրամաբանության մեջ, ես իրեն հարց եմ տալիս՝ եթե դու հոգեբանորեն պատրաստ ես Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, քեզ համար խնդիր չպետք է լինի, չէ՞, որ այսօր հարց բարձրացնես, առնվազն գոնե Արցախի ինքնավար մարզ ունենալու հարց։ Արցախցին այդքանի իրավունքն էլ չունի՞, երբ առհասարակ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, երբ հազարամյակներ այնտեղ միայն հայեր են ապրել, երբ սովետական 75 տարիներին ունեցել է ինքնավար մարզ, նախկին 30 տարիներին եղել է անկախ քաղաքական միավոր։ Այսքանից հետո այդ մարդիկ իրավունք չունե՞ն, ինչպես դու ես ասում, Ադրբեջանի կազմում, գոնե ինքավար մարզում մնալ։ Ինչո՞ւ այդ հարցը չեք բարձրացնում, գոնե դա արեք։ Այդ հարցում ես չեմ կարող ձեզ օգնել, որովհետև դա իմը չէ, իմ առաջարկը մի քիչ այլ է, բայց դուք արեք, դա ձեր գրպանում է։ Եթե ես իմ հարցում 70-80 տոկոս վստահ եմ, որ կկարողանամ անել, այստեղ ոչ թե 70 կամ 99,9 տոկոս եմ վստահ, այլ 100 տոկոս եմ վստահ, որ սա կարող եք անել։ Այս հարցում ես չեմ կարող ձեզ օգնել, մյուս հարցում՝ խնդրեմ, կանչեք, ես փորձեմ անել, նորից եմ կրկնում իմ առաջարկությունը, համոզված եմ, որ դա կարող եմ անել մի խումբ գործընկերների հետ, տվեք ինձ այդ լիազորությունը։ Դուք էլ կարող եք չլռել, բայց մտածեք, հետո խոսեք, կամ համաձայնեցնենք, թե դուք ինչ եք խոսելու, և հավատացեք, որ մենք հաջողություն ենք ունենալու»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը։