«Ադրբեջանը փորձում է նոր իրավիճակով՝ նոր պահանջներ առաջ քաշել». Գառնիկ Դավթյան
Ադրբեջանը պետական մակարդակով և պետական միջոցներով սնվող հեռուստաընկերությունների եթերում զարգացնում է, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» խոսույթը։
Եվ այդ նպատակով եթեր հեռարձակվող եղանակի տեսությանն ավելացրել են «արևմտյան ադրբեջանական» կանխատեսումը, որը ներառում է Երևանի, Սևանի, Սյունիքի, Արարատի եղանակային կանխատեսումները։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը խոսելով Ադրբեջանի այս քարոզչության մասին, նշեց, որ Ադրբեջանում պետական լրատվամիջոցների մակարդակով նման քարոզչություն դաշտ նետելը, առաջին հերթին՝ վկայում է Ադրբեջանի հետ տխրահռչակ «խաղաղության դարաշրջանին» նախապատրաստվելու մասին, ինչը նշանակում է՝ Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ այդ երկրի մտադրություններն ու ցանկությունները։
«Նման քայլով փորձ է արվում նաև այն քարոզչական դաշտը, որով առաջնորդվում են ադրբեջանական ԶԼՄ-ները, թե «մայրաքաղաք Երևանը և ՀՀ այլ տարածքներ ադրբեջանական են», իրենց հասարակության մեջ ստեղծեն լեգիտիմ պահանջ, որ պատերազմի դեպքում պետք է վերականգնեն «պատմական արդարությունը»։ Իհարկե, միջազգային իրավունքի տեսանկյունից այս ամենն արդարացված չէ, բայց հաշվի առնելով, որ Ադրբեջանի հասարակությունն այդ մակարդակով կրթված չէ, հեշտ կլինի այդ մարդկաց համոզել, որ այդ տարածքների վերադարձման համար, օրինակ, պատերազմ պետք է սկսեն»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Ըստ փորձագետի, երրորդ՝ ամենակարևոր հանգամանքն էլ այն է, որ ընթացող բանակցություններում՝ ՀՀ այսօրվա ոչ հայամետ իշխանության հանդես գալն է, այսինքն՝ փոխանակ Ադրբեջանի հետ չշարունակեն այն բանակցային ֆորմատը: Բանակցություններ, որոնք շարունակվում են բազմաթիվ ապտակներից հետո՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիա, Սև լճին հարակից հատվածի օկուպացիա և այլն։
«Մեր իշխանությունը միայն տեսնում է այն, ինչն իր համար ցանկալի է՝ անտեսելով առկա վտանգները։
Այստեղ ես համոզված եմ, որ օրվա ոչ հայկական կառավարությունն ուղիղ սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ գուցե բանակցություններում սա ևս մեկ պահանջ է, որն Ադրբեջանն անուղղակիորեն ներկայացնում է Հայաստանին, Գառնիկ Դավթյանը պատասխանեց, որ սա ոչ թե պահանջներից մեկն է, այլ սա Ադրբեջանի հեռահար նպատակներից մեկն է։
«Ադրբեջանը լավ հասկանալով, որ Հայաստանը չունի «կարմիր գծեր», խաղաղության ընկալման առումով փորձում է նոր իրավիճակով նոր պահանջներ առաջ քաշել։ Հաշվի առնելով, որ բանակցություններում ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում, և սա ուղիղ ապացույցն է այդ հանգամանքի, այսինքն՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հայկական կողմը զիջելու որևէ բան չունենա, և իրենք հասնեն ցանկալի արդյունքին՝ հայկական պետականության կործանմանը։
Ավելացնեմ նաև, որ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների քարտեզի տարածելուց տպավորություն եմ ստանում, որ իրենք Հայաստանը տեսնում են ռուսական գուբերնիայի կարգավիճակում, այսինքն՝ հասկանալի է, ինչ ուղղությամբ են գնում։
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից այս ամենին չարձագանքելուն, ապա մեր ԱԳՆ-ն նույնպես ներկայացնում է Թուրքիայի կառավարությանը, հետևաբար՝ չպետք է ակնկալել որևէ հայանպաստ քայլ»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։



