«Պարզ չէ՞, որ Աշոտյանն ու իր նմանները Հայաստանի թուրքահպատակ, խամաճիկ  իշխանության թշնամին են». Շահե Աճեմյան

Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Նրան լռեցնելու համար է իշխանությունը մեկուսացրել։

«Արմեն Աշոտյանը ՀՀ անկախության ամրապնդման համար քիչ գործ չի արել, տեսնողն այդ ամենը տեսել է։ Մեր օրերում, երբ Հայաստանի թուրքահպատակ իշխանությունը զավթել է երկիրը ներսից, պարզ է, չէ՞, որ Աշոտյանն ու Աշոտյանի նմանները նրանց թշնամին են։  Աշոտյանը, Շարմազանովը և նրանց նման տղաները վաղվա Հայաստանի քաղաքական ղեկավարներն են դառնալու, իսկ այսօրվա իշխանությունների դուրն այդ ամենը չի գալիս, պիտի խոչընդոտեն, չէ՞, պիտի ամեն ինչ անեն, որ նրանց ժողովրդի աչքից գցեն, փչացնեն։ Բայց ինչ էլ ուզում են անեն, Աշոտյանն ու իր նմանները անկախ Հայաստանի քաղաքական վառ գործիչներն են։ Մարդիկ հավանեն կամ չհավանեն, ընդունեն կամ չընդունեն, սա է իրականությանը»,- 168.am հետ զրույցում ասաց Շահե Աճեմյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ որոշեց հենց հիմա կալանավորել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Ազատամարտիկն ընդգծեց նաև, որ այսօր Հայաստանն ու Արցախն այնպիսի վիճակում են, որ երկնքից փրկիչ չի իջնելու ու հայրենիքը չի փրկելու, այլ ժամանակի ընթացքում քաղաքական թոհուբոհի մեջ թրծված հմուտ մարդիկ են այդ աշխատանքն անելու ու երկիրը ղեկավարելու։

«Ես հավատում եմ՝ ապագայում Արմեն Աշոտյանը, չգիտեմ, լինի ԱԳ նախարար, ԱԺ նախագահ կամ վարչապետ, պատվով է կատարելու հայրենիքը շենացնելու իր աշխատանքը։ Արմեն Աշոտյանը փորձառու, բանիմաց ու ինտելեկտուալ քաղաքական գործիչ է, նա մեր երկրի գանձերից մեկն է, որն ապագայում շատ բան է անելու հենց այդ երկրի համար։ Պարզ չէ՞, որ Նիկոլի իշխանությունը խոչընդոտում է, որպեսզի Արմեն Աշոտյանը ցույց տա այն փաստերը, որոնք ապացուցում են, որ այս իշխանությունը ծառայում է ոչ թե Հայաստանի, այլ թուրք-ադրբեջանական շահին, այստեղ չհասկանալու բան չկա։ Թող բոլորն էլ իմանան, որ Արմեն Աշոտյանը և Արմեն Աշոտյանի ընկերները վերջնարդյունքում հաղթելու են ու հասնելու են այնտեղ, որ Հայաստանը դնելու են առաջ գնալու ճիշտ ուղու վրա։ Այսօրվա խամաճիկ իշխանությունները կգան ու կգնան, բայց արդեն բավական է մեր երկրին հասցրած սրանց վնասները։

Կարդացեք նաև

Կեցցե Արմեն Աշոտյանը, նա քաղաքական բանտարկյալ է, ու ապագանն իրենն է։ Արմեն աշոտյանները դառնալու են Հայաստանի ապագա ղեկավարները»,- շեշտեց Շահե Աճեմյանը։

Մեր զրուցակիցն իրատեսական չի համարում, որ ՀՀ ներկայիս դատական համակարգի պայմաններում Արմեն Աշոտյանը դատարանով կարդարացվի, ընդգծելով.

«Արմեն Աշոտյանի համար մեկ է՝ ազա՞տ կարձակվի, թե՞ ոչ, թող գան ինձ էլ բանտարկեն, մեկ է ինձ համար։ Երկրի «մայրը լացացնող» Նիկոլը, ով աշխատում է դատարանների ու ՍԴ-ի դեմ, պիտի արդարացնի՞ Աշոտյանին։ Հիմա Արմեն Աշոտյանի արդարացումը թողնելու ենք ոչ թե դատարանների, այլ մեր գիտակից հայ ժողովրդի դատողությանը։ Իսկ ներկայիս իշխանությունը մեռած է, թաղած չէ, ուղղակի մնացել ու գարշահոտ է տարածում այս հայրենիքում, շուտով կհուղարկավորենք ու հայրենիքը կմաքրվի»,- եզրափակեց ազատամարտիկը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին:

Տեսանյութեր

Լրահոս