«Ե՛վ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի իրական դեմքը տեսել ենք. Երկու մայրն էլ խորթ են և ուզում են կիսել Հայաստանը». Արմեն Բաղդասարյան

Հայաստանի իշխանությունները հայտարարում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իրենց պարտաստակամության մասին, Ադրբեջանը սպառնում է Արցախին և տարբեր գործողություններ իրականացնում այնտեղ, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարում արցախահայերի գոյատևումն Ադրբեջանի կազմում:

 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատրաստվում է, այլ արդեն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ԱՄՆ-ը այլ բան չէր կարող ասել, քանի որ, ըստ վերլուծաբանի՝ ԱՄՆ-ը հասկանում է, որ դա Արցախը հայաթափելու ծրագիր է, բայց նրա համար կարևորն այն է, որ այնտեղ չլինեն ռուս խաղաղապահներ:

«Հենց Հայաստանն ասաց, որ Արցախի հարցով ընդհանրապես չի հետաքրքրվում և պատրաստ է խաղաղության այդ գնով, այդ պահից սկսած այդ ամենն ԱՄՆ-ին լիովին ձեռնտու է: Եթե Հայաստանի իշխանություններն են Արցախի ապագայի վրա խաչ քաշում, ինչո՞ւ իրենք չանեն, առավել ևս, որ դա մեծ հաշվով իրենց շահերից է բխում: Չմոռանանք ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որ պետք է տարածաշրջանի անվտանգային համակարգը փոխվի և ձևավորվի միասնական համակարգ: Հասկանալի է՝ միասնական համակարգ՝ առանց Ռուսաստանի և Իրանի, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պետք է գտնվեն անվտանգային նույն համակարգում: Սա է ԱՄՆ հիմնական խնդիրը՝ Հարավային Կովկաս՝ առանց Ռուսաստանի»,- ասաց նա:

Հարցին՝ դա որքանո՞վ է հնարավոր և արդյո՞ք խաղաղություն է բերելու, նա պատասխանեց. «Դա ընդհանրապես հնարավոր չէ և դա խաղաղություն չի բերելու, բայց Հայաստանի իշխանությունները, ես չգիտեմ՝ գիտակցո՞ւմ են դա, թե՞ ոչ, որովհետև այն ճանապարհը, որով իրենք գնում են, և այն նպատակը, որն իրենք անվանել են համապարփակ խաղաղություն, տանելու է ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի: ԱՄՆ-ի համար միևնույն է, որովհետև եթե չհաջողվի այստեղ խաղաղություն հաստատել և այդ ճանապարհով Ռուսաստանին դուրս մղել, նրանք կգնան պլան բ-ին, այսինքն՝ նոր պատերազմ Հայաստանի դեմ, և այդ ճանապարհով Ռուսաստանին դուրս մղել, որովհետև Հայաստանի դեմ նոր պատերազմի դեպքում ի՞նչ պետք է անի Ռուսաստանը՝ կա՛մ պետք է ներքաշվի պատերազմի մեջ, այդպիսով երկրորդ ճակատ բացվի Ռուսաստանի դեմ, կա՛մ պետք է չներքաշվի և մեխանիկորեն դուրս կմղվի տարածաշրջանից: Երկու դեպքում էլ Արևմուտքին դա ձեռնտու է: Գուցե ավելի ձեռնտու է խաղաղության ճանապարհով, բայց եթե դա չլինի, մեծ հաշվով, իրենց համար տարբերություն չկա»:

Կարդացեք նաև

Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ՝ Արցախը հայկական պահելու համար Հայաստանն ունի դաշնակիցներ՝ Ռուսաստանը և Իրանը. «Ռուսաստանն Արցախում իր ռազմական ներկայությունն է ապահովում, իսկ Իրանի պարագայում, եթե Արցախը հայաթափվի, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, այդ տարածքները կբնակեցնի թուրքական ահաբեկչական կառույցներով, որ հետագայում որպես պլացդարմ օգտագործի Իրանի դեմ: Այսինքն՝ տեսականորեն մենք երկու դաշնակից ունենք, այլ հարց է, թե այդ դաշնակիցներին գործնական առումով մեր կողմը քաշելու համար ինչ գին պետք է վճարենք: Ռուսաստանը մեզանից պահանջում է ընդհանրապես հրաժարվել արևմտյան հարթակներից և ընդհանրապես արևմտյան կողմնորոշման հարցը մեկընդմիշտ փակել օրենսդրորեն և անգամ պայմանագրերով: Նույնն էլ Իրանն է պահանջում՝ դուրս մղել մեր տարածաշրջանից ցանկացած արևմտյան կառույց, օրինակ՝ ԵՄ դիտորդներին, փակել այդ թեման, այսինքն՝ դրանք Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող գործոններ են»:

Ճշտող հարցին՝ այս պահին Հայաստանն ինքնիշխա՞ն է, նա պատասխանեց. «Դեռևս ինքնիշխան է, բայց որևէ մեկը չի ցանկանում, որ մենք մնանք ինքնիշխան, այսինքն՝ մեր ինքնիշխան մնալու հարցում, մեծ հաշվով, մենք դաշնակիցներ չունենք, ինչպես ցանկացած երկրի դեպքում: Իսկ ի՞նչ է՝ Ադրբեջանը մեզանից ավելի ինքնիշխա՞ն է, գուցե իրենց սուբյեկտայնության մակարդակը փոքր-ինչ ավելի բարձր է՝ էներգետիկ ռեսուրսներով, տնտեսական պոտենցիալով պայմանավորված, բայց իրենք էլ ինքնիշխան չեն: Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ որևէ մեկն ուզենա, որ Հայաստանը լինի ինքնիշխան, բոլորը պայքարում են հանուն նրա, թե ում վասալային պրոքսի պետությունը պետք է լինի Հայաստանը»:

Հետաքրքրվեցինք՝ այս պահին Հայաստանի շահերի տեսանկյունից ավելի արդյունավետ է Ռուսաստանի և Իրանի հետ ավելի սերտ համագործակցե՞լ, թե՞ Արևմուտքի:

«Այս պահին մեր վիճակն այնպիսին է, որ մենք կանգնած ենք գոյաբանական խնդիրների առջև, նոր պատերազմի առջև, որի հավանականությունը շատ մեծ է, հետևաբար, անկախ քաղաքակրթական, աշխարհաքաղաքական գործոններից, մեր խնդիրը պետք է լինի հետևյալը՝ ով այս պահին մեզ կարող է օգնել, ով այս պահին կարող է կանխել պոտենցիալ մեր գլխին կախված վտանգը, ով կարող է արագորեն զինել, ոտքի կանգնեցնել հայկական բանակը, նա էլ մեր դաշնակիցն է: Ես հասկանում եմ, որ քաղաքակրթական, մշակութային առումով մենք ավելի շատ Եվրոպա ենք, քան Ռուսաստան կամ Իրան, մենք գիտենք՝ ինչ է Ռուսաստանը, մենք տեսել ենք Ռուսաստանի իրական դեմքը, մենք տեսնում ենք Արևմուտքի իրական դեմքը, խնդիրն այլ հարթությունում է՝ այս պահին պետք է առաջնորդվենք միայն Հայաստանի շահերով, իսկ Հայաստանի այսրոպեական շահը դա է: Ով մեզ կօգնի, նրա կողքին էլ պետք է կանգնել»,- ի պատասխան՝ ասաց նա:

Արմեն Բաղդասարյանը հիշեց աստվածաշնչյան հայտնի առակը, երբ երկու կին գնում են Սողոմոն իմաստունի մոտ՝ երեխայի հարցում ունեցած վեճի պատճառով, և երբ Սողոմոնն առաջարկում է կիսել երեխային, հարազատ մայրը թույլ չի տալիս, և պրոյեկտելով այն մեր իրականության վրա՝ վերլուծաբանը նշեց, որ Հայաստանի պարագայում երկու մայրն էլ խորթ են և ցանկանում են կիսել այն. «Հայաստանն ուզում են կիսել, բայց երկու մայրն էլ խորթ են, հարազատ մայրը չկա: Արևմուտքի համար ավելի լավ է՝ Հայաստան ընդհանրապես չլինի, քան լինի ՀԱՊԿ անդամ երկիր: Ռուսաստանի համար ավելի լավ է՝ Հայաստան ընդհանրապես չլինի, քան լինի արևմտամետ, երկրորդ Վրաստան: Բոլորը պայքարում են, որպեսզի Հայաստանը լինի իրենցը, իսկ եթե իրենցը չէ, ավելի լավ է ընդհանրապես չլինի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս