«Եթե դու ի վիճակի չես քեզ պաշտպանել, ապա դու կարող ես ողջ մնացած կյանքդ նամակ գրել». Արմինե Ադիբեկյան
«Դեսպանն ասում է այն, ինչը կննջեցնի հայության և հատկապես արցախահայության զգոնությունը: Նրանք ամեն գնով ցանկանում են հայերին մտցնել Ադրբեջանի լծի տակ, և դրա համար իրենք չեն խնայում իրենց բառապաշարը` մեզ համոզելու, թե բռնապետության կազմում հայերն ավելի լավ կապրեն, քան ինքնավարությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությանը։
Իսկ դրդապատճառների մասին փորձագետը հակիրճ խոսեց՝ նկատելով, որ ինչպես Եվրոպան և Ռուսաստանը, այնպես էլ՝ Միացյալ Նահանգները, Ադրբեջանի հետ ունեն բիզնես և լուրջ փողային պրոյեկտներ:
«Եվ նրանք մեր արյունով, մեր ապագայով վճարում են իրենց սեփական եկամուտներն ու բիզնեսը»,- շեշտեց նա:
Արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին դեսպանի դիտարկումներին և հատկապես վստահեցմանը, թե՝ «Մինսկի խումբը չի դադարել, եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել Մինսկի խմբի շրջանակում, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան», Արմինե Ադիբեկյանը հիշեցրեց, որ նմանատիպ հայտարարությունների իրական հասցեատերն Ադրբեջանն է, քանի որ հենց Ադրբեջանն է հրաժարվել բանակցությունների այդ ձևաչափից:
«Բաքուն է ասել, որ Մինսկի խումբն այլևս մահացած է, և թե ինչու է տիկին դեսպանը մեզ փորձում համոզել հակառակում, տեղյակ չեմ. գուցե այդքան ուժ չունե՞ն Իլհամ Ալիևի վրա ազդելու,- նկատեց փորձագետը՝ վերստին հիշեցնելով, որ այս քաղաքականության հետևում առկա են կոնկրետ շահեր, իսկ այդ հարցում տարածաշրջանում գործընկերներն Անկարան և Բաքուն են,- Հայաստանը և հայերն այս սեղանի վրա ընդամենը խաղաքարտ են»:
Արմինե Ադիբեկյանը որևէ դրական ակնկալիք չունի վաշինգտոնյան բանակցություններից, ակնկալիքներ չունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակից:
«Նման խնդիրները թղթաբանությամբ, հորդորներով չեն լուծվում. եթե դու ի վիճակի չես քեզ պաշտպանել զենքը ձեռքիդ, ապա դու կարող ես ողջ մնացած կյանքդ նամակ գրել (իսկ այդ նամակով, լավագույն դեպքում, բուխարի կվառեն, վատագույն դեպքում՝ կպատռեն):
Ռուսաստանն էլ Բաքվի հետ ունի համատեղ պրոյեկտներ, և Բաքուն հստակ ներկայացրել է իր գինը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը: Հակառակ դեպքում՝ ռուսական բանակը, որը 2020 թվականին կանգնեց Արցախում, թույլ չէր տա, որ այսօր Լաչինում լիներ անցակետ, որ օկուպացվեին Խրամորթն ու Փառուխը»,- հավելեց նա:
Հարցին՝ եթե այդ հարցում կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, ՀՀ իշխանությունները կարո՞ղ են ինչ-որ բան փոխել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարող են. ինքնահրկիզվեն, և Հայաստանում գան ուժեր, որոնք ի վիճակի են զենքը ձեռքին պաշտպանել մեր անկախությունը, սուվերենությունը, ապրելու և հայ լինելու իրավունքը:
Այս իշխանությունների պարագայում պետք չէ ոչինչ ակնկալել, որովհետև օբյեկտը երբեք չի քննարկում, չի խոչընդոտում սուբյեկտների քայլերը»:
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, անդրադառնալով վաշինգտոնյան վերջին բանակցությունների թեմային և այդ ընթացքում ադրբեջանական կրակոցներին, նշել էր. «Մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ուղին։ Ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություններին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության»:
Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի մասին իր դիտարկումներում խոսելով արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին՝ դեսպանը նկատել էր. «Հավատացած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում ենք, որ միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»։