«Կապանի օդանավակայանը Փաշինյանի հերթական բլեֆն է, աչքակապությունը». Հակոբ Ճաղարյան
Ապրիլի 25-ին Սյունիքի մարզպետարանը հայտարարել էր, որ L 410 տեսակի քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի «Սյունիք» օդանավակայանում։ Իսկ արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին, չեխական օդանավը թռիչք էր կատարել, որը նախատեսված էր 19 մարդու համար։
Առաջին թռիչքից հետո, Սյունիքի մարզպետարանը կրկին հայտարարություն տարածեց, որ տեղի կունենա նաև երկրորդ թռիչքը, դրա մասին ԱԺ-ում խոսեց Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։
«Մենք 1 տեխնիկական թռիչք իրականացրել ենք, մենք այդ ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ ենք նախանշել, հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Տեղեր կան՝ նավիգացիոն համակարգում է պետք բան փոխել, տեղ կա՝ ինչ-որ սարքավորում է պետք ավելացնել։ Մոտ ժամանակներս 2-րդ թռիչքն է նախատեսվում իրականացնել:
Բայց հնարավոր է՝ ինքնաթիռը Կապանում վայրէջք չկատարի, «որովհետև այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են, օդանավակայանում չեն, մինչև օդանավակայան գոտում են, և հիմա 2-րդ թռիչքը կիրականացնենք, որպեսզի տեսնենք, որ մեր արած սարքավորումների տեղադրումից հետո այդ խնդիրները վերացե՞լ են: Մեր վերջնանպատակը կանոնավոր ուղևորափոխադրում ունենալն է»,- ասել էր Գնել Սանոսյանը:
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը խոսելով Կապանի օդանավակայանի շահագործումից, ասաց, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական բլեֆներից է։
«Այս թեման երկար պատասխան է պահանջում, իսկ կարճ պատասխանը հետևյալն է՝ դա բլեֆ է, մեծ բազմակողմանի, կեղծված բլեֆ։ Այդ բլեֆն, ինչպես Նիկոլ Փաշինյանի ամբողջ իշխանության մեջ, աչքակապություն է, աչքակապություն է Կապանի օդանավակայանի շահագործումը, ավիացիայի զարգացումը «Ռայան» ու «Վիզ էյր» ձեռք բերելն ու ներկայացնելը, երբ որ «Ռայան Էյր»-ի հետ 5 մլն եվրոյի սուբսիդավորման պայմանագիր էին կնքել, այս ամենը նրանք փորձում են ցույց տալ՝ որպես առաջընթաց։ Այս ամենը կատարվում է հերթական վատ զիջումներին զուգահեռ, իրենց մեծ քաղաքական կորուստները ծածկելու նպատակով։ Հիշեք, որ Կապանի առաջին թռիչքը տեղի ունեցավ Տեղ գյուղի դեպքերին զուգահեռ և Հակարիի կամուրջը ադրբեջանցիների կողմից փակելուն զուգահեռ։ Այսինքն՝ թշնամին փակում է Արցախ տանող կամուրջը, Տեղ գյուղի տարածքում թուրքը հողեր է գրավում, հետո հանկարծ Կապանից թռիչք է կատարվում։ Հասկանում ենք, որ թռիչքը տեղի է ունենում այդ ամենի ֆոնին»,- նշեց Հակոբ Ճաղարյանը։
Նրա խոսքով, նախ՝ դեպի Կապան թռիչք կարելի է կատարել տեխնիկապես շատ թեթև օդանավով կամ ուղղաթիռով, որպեսզի չմտնի Ադրբեջանի տարածք։ Անվտանգության տեսակետից, Կապանի օդանավակայանն այնպես է կառուցված սարերի մեջ, որ նորմալ 30 տեղանոց օդանավով թռիչք կատարելու համար, ամպայման մտնում է այն տարածքը, որը Նիկոլ Փաշինյանը ստորագրել ու հանձնել է Ադրբեջանին, հնարավոր չէ առանց այդ տարածքներ մտնելու Կապանում վայրէջք ու թռիչք կատարել։
«Եթե թուրքական ու ադրբեջանական օդանավերը Հայաստանի օդային տարածքն օգտագործում են նույն Նախիջևանի կամ Թուրքիայի և Ադրբեջանի միջև օդային միջանցքների համար, ապա Հայաստանը միանշանակ նույն իրավունքներն ունի՝ մտնել Ադրբեջանին հանձնված հայկական տարածքներ և այդտեղով բարձրանալ։
Մյուս կողմից՝ այդ թռիչքներն անվտանգության նորմերին չեն բավարարում, որովհետև բառացիորեն մի քանի մետրի վրա ադրբեջանական դիրքեր են դրված։ Տնտեսական տեսակետից ավիացիոն տեղափոխումներն աշխարհի ամենաթանկ տեղափոխումներն են, այսինքն՝ մեքենաներից, գնացքներից, նավերից թանկ են։ Տնտեսական տեսանկյունից դա ոչ մի բան է, որքան օդանավը փոքր է, այնքան փոխադրումը թանկ է, օդանավը որքան մեծ է ու բեռ շատ է փոխում, այնքան էժան է։ Կապանում պետք է փոքր օդանավով թռիչքներ կատարեն, մինչև 18 մարդով։ Հիմա յուրաքանչյուր ընտանիքում կա 1-2 մեքենա, Կապանի օդանավակայանն էլ բարդ սխեմաներով օդանավակայան է, այնտեղ թռիչքներ իրականացնելու հնարավորություները միշտ չեն, հիմա ով օդանավով կգնա Կապան, եթե մեկ հոգու համար արժեքը մոտավորապես հավասար է 4-5 հոգու մեքենայով տեղափոխելու արժեքին։ Օդանավակայանը գիշերները չի աշխատելու, միայն ցերեկային է, քանի որ մոտեցում չկա, չի աշխատելու նաև վատ եղանակին։ Այսինքն՝ չկա տնտեսական հիմնավորում, չկա բոլոր եղանակներին թռիչքի և անվտանգության լիարժեք ապահովում»,- հավելեց Հ. Ճաղարյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանն օգտագործում է հայկական տարածքը, սակայն հայկական որևէ օդանավ Ադրբեջանի օդային տարածք մուտք չի գործում։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ այն մի թռիչքը, որը կատարվեց Կապանի օդանավակայանից՝ համաձայնությամբ էր հենց այն պահին, երբ մեզ մոտ մարտական գործողություններ էին տեղի ունենում, կամ արդեն տեղի էին ունեցել, երբ Բերձորի միջանցքը փակ էր։ Հենց այդ պահին տեսնում ենք, որ Կապանից օդանավը թռիչք է կատարել, որը մտել է Ադրբեջանին հանձնված տարածք, կամ, եթե այդ տարածք էլ չի մտել, մտել է նրա անվտանգության գոտին։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե աչքակապությունն ինչում է, այ հենց սրանում է»,- եզրափակեց Հակոբ Ճաղարյանը։