Նիկոլ Փաշինյանի պարտքը․ սպանված անցյալ, մղձավանջային ներկա, խլված ապագա
Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ Հայաստանին, Արցախին ու ընդհանրապես հայկականությանը պատճառած վնասներն անչափելի են։ Անչափելի են, որովհետև եթե նրա պաշտոնավարման պատճառով կորսված տարածքները, պատճառված նյութական վնասները գոնե հարաբերականորեն չափելի են, ապա նրա առնվազն անուղղակի մեղավարությամբ զոհված երիտասարդների դեպքում կորուստն անհաշվելիության տիրույթում է։ Զոհերի թվային տվյալներն ընդամենը վիճակագրություն են, որոնք կարող են շրջանառելի լինել միայն բարոյականությունից զուրկ արարածների համար, և ինչպես Նիկոլ Փաշինյանն է մի առիթով ասել, չափվում են «պլյուս-մինուսով»։
Նորմալ մարդկանց պարագայում զոհերի մեխանիկական հաշվարկը ոչ միայն անմարդկային է ու ապաբարոյական, այլ անհնարին է գործնականում, քանի որ զոհված երիտասարդը ոչ միայն անհատի անդառնալի կորուստ է, այլ նաև նրա չկազմած ընտանիքի ու նրա չծնված զավակների չգոյությունը։ Իսկ արդեն որպես մարդկային ռեսուրսներ՝ այդ կորուստը մուլտիպլիկատիվ է և կարող է արտահայտվել չստեղծված բարիքի, չգոյացած հավելյալ արդյունքի, չարարված հանճարեղ ստեղծագործության, չհայտնաբերված գյուտի ու բազմաթիվ այլ դրսևորումներով։ Գիտությունը, իհարկե, ունի նաև այս՝ իրականում անչափելի թվացող կորուստների գոնե հարաբերական գնահատման տարբեր մեթոդներ ու մոդելներ, որոնցով հնարավոր է մոտավոր գնահատել պատճառված վնասի չափը՝ նյութական արտահայտությամբ։ Բայց, եթե դա անգամ հնարավոր է տեխնիկապես, հակամարդկային է բարոյական առումով, որովհետև հավաքականորեն փաշինյանական կառավարումը Հայաստանին արժեցել է մի ամբողջ երիտասարդ սերունդ ու նրանց չծնված սերունդներ ու չարարված բարիքներ։ Այդ կորուստները, ահա, անգամ ամենազարգացած գիտական մեթոդոլոգիաների առկայության պարագայում չափելի չեն, որովհետև դրանք չեն հաշվում կորստի հոգեկան ցավն ու ոգեղեն անկումը։
Բայց Նիկոլ Փաշինյանը՝ արնախում մոլագարի հանգույն, չի սահմանափակվում այն կորուստներով, որոնց համար մեղավորության զգացումը նորմալ մեկի հոգին կտանջեր հազարավոր տարիներ։ Նա շարունակում է պաշտոնավարել, ինչը նշանակում է՝ նոր աղետներ, նոր կորուստներ, նոր ցավ ու նոր տառապանք։ Ընթացիկ կորուստները, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով կրում են Արցախն ու Հայաստանը, հարաբերականորեն տեսանելի են։ Բայց նրա պաշտոնավարումը հայկականությանը, Հայաստանին, Արցախին հասցնում է անտեսանելի ու անշոշափելի ևս մեկ հարված, որի պատճառած կորուստներն անդառնալի են ու անդառնալի են լինելու այնպես, ինչպես հազարավոր երիտասարդների մահը։
2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, չնայած պատերազմի հասցրած ողբերգական հետևանքներին, մարդկային ու տարածքային կորուստներին, այդուհանդերձ կար իրավիճակը եթե ոչ՝ ամբողջությամբ հայանպաստ դարձնելու, ապա՝ բազմապատիկ անգամ պակաս հակահայկական ընթացքով զարգացնելու հսկայական դիվանագիտական, քաղաքական, հումանիտար ռեսուրս։
Նիկոլ Փաշինյանը մոլագարային հետևողականությամբ մսխեց ու շարունակում է մսխել այդ ռեսուրսը՝ Արցախի կորուստը դարձնելով անդառնալի և նույնպիսի վտանգ առկախելով Հայաստանի գլխին։ Այսինքն՝ Փաշինյանը ոչ միայն կորուստների հեղինակ է՝ անցյալ ու ընթացիկ ռեժիմներում, այլ նա սպանել և շարունակում է սպանել բոլոր հնարավորությունները, որոնցով Արցախն ու Հայաստանը կարող են դուրս գալ այս մղձավանջից։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, նրա իշխանությունը՝ լինելով նախկինում կորսված հնարավորությունների մարմնավորում, այսօր դարձել է կորսվող հնարավորությունների կենդանի մոնումենտ։
Բացառությամբ ացախյան պատերազմում ու դրան հաջորդած շրջանում մեր տված զոհերի, որոնք անդառնալի են, մնացյալ ամենայնը, գոնե լայն իմաստով, վերադարձելի է, որքան էլ այսօրվա քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակը հակառակի մասին են վկայում։
Բայց անվերադարձելի է այն ժամանակը, որը Նիկոլ Փաշինյանի պատճառով հայ հասարակությունը վատնել և շարունակում է վատնել։ Իսկ ժամանակի կորուստն անվանական կորուստ չէ միայն, այլ հաշվվում է էքսպոնենցիալ չափմամբ։ Այն, ինչ հնարավոր էր անել մեկ տարի առաջ, կարող է անհնար լինել այսօր, իսկ հնարավորության դեպքում՝ պահանջել բազմապատիկ ավելի ջանքեր։ Կորսված ժամանակը նաև կորսված հնարավորություն է, կորսված հնարավորությունը՝ չստեղծված բարիք, վերջինը՝ չբազմապատկված ավելացված արդյունք, որն էլ իր հերթին՝ նշանակում է պակաս հզոր պետություն, քան կարող էր լինել ժամանակի ու հնարավորությունների ճիշտ համադրման դեպքում։
Լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանը՝ պատճառ դառնալով ամբողջ սերնդի մահվան, ապրողներից գողացել է ոչ միայն ներկան, որը մղձավանջային լինելու պատճառով դառնում է անտանելի, այլ նաև ապագան։ Եվ դա, ինչպես վայել է ցինիզմի վարպետներին, արել է «Ապագա կա» կարգախոսով։ Երբևէ, իր սիրած «գնդակահարության պատի» տակ, նա պատասխան է տալու նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ դրա՝ հայ հասարակությունից ժամանակն ու ապագան խլելու համար։ Եվ դա լինելու է հենց այդ՝ իր կողմից խլված ու իր պատճառով ամենևին ոչ երանելի դառնալիք ապագայում։
Հարություն Ավետիսյան