Ազատի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները երկրորդ անգամ են հանդիպել Փաշինյանին

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները երկրորդ անգամ են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ասուլիսում հայտնեց Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Փաստաբանը նախ հիշեցրեց, որ իրենք ապրիլի 30-ին ներկայացրել են միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետներին առաջադրելով մի շարք հարցեր, օրինակ՝ եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ապա ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով, հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցությունը և այլն: Վարույթն իրականացնող մարմինը բավարարել է ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ, մայիսի 25-ին նշանակվել է դիերի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները մինչև այս պահը ստացված չեն:

Հունիսի 7-ին ծնողները և Նորիկյանը հանդիպել են ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրենին:

«Հունիսի 12-ին դեպքի վայրում ծնողների ներկայությամբ ու մասնակցությամբ դարձյալ տեղի է ունեցել կարևոր քննչական գործողություն: Եվ հունիսի 28-ին դարձյալ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների փակ հանդիպումը»,-ասաց Նորիկյանը:

Քանի, որ փաստաբանն անձամբ չի մասնակցել հանդիպմանը, բովանդակության մասին մանրամասներ չհայտնեց:

«Նշանակված երկու փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Մեր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին հնարավոր է, որ ստացվեն փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո մեծ է հավանականությունը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտ, և համապատասխան ընթացակարգերի իրագործումից հետո գործը կուղարկվի դատարան՝ քննության»,-ասաց Նորիկյանը:

Փաստաբանն ասաց, որ տուժողներն այս ժամանակահատվածում տվել են ցուցմունքներ, որոնցում, իրենց համոզմամբ, առկա են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների մասին առերևույթ պնդումներ, սակայն, թե քննության արդյունքներով ինչ է պարզվել և հերքվել՝ իրենց դեռևս հայտնի չէ: Ըստ Նորիկյանի՝ տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, թե վարույթն իրականացնող մարմինը խորամուխ չի եղել այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելուն, ենթադրյալ այլ վարկածները համոզիչ կերպով հերքելուն միտված բազմակողմանի քննություն չի իրականացրել, որի հետևանքով ծնողների մոտ առկա վարկածներն այդպես էլ չեն փարատվել:

«Իսկ այդ վարկածների շարքում կարող են լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ ուղղակի դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի հաղորդակցության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ»,-ասաց փաստաբանը:

Նա նաև նշեց, որ 3 ամիս շարունակ իրենց վստահեցրել են, որ որևէ տեսալուսանկարահանում տեղի չի ունեցել, սակայն հետո Փրկարար ծառայությունից ստացել են 10-ից ավելի լուսանկարներ, թեև դրանք էլ ամբողջական չեն:

Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների և վարչապետ Փաշինյանի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս