Ադրբեջանի Պաշտպանության նախարարի նման կեցվածքն ակնհայտ սպառնալիք է. Ալիևը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Հայկ Նահապետյան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Արցախում գտնվող «անօրինական զինված խմբավորումները» վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, քանի որ ադրբեջանական բանակի միայն մեկ կորպուսը բավարար է՝ նրանց զինաթափելու համար:

«Մենք բարձր չենք գնահատում այդ անօրինական զինված խմբավորումների հնարավորությունները, որոնք մնացել են Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական գոտու տարածքում: Մենք գիտենք դրանց թվաքանակը, դրանց սպառազինությունը, գիտենք բարոյահոգեբանական վիճակը, գիտենք՝ ինչի են նրանք ունակ:

Հավատացնում եմ, ինչպես որ նշել է պարոն նախագահը, նրանք որևէ հնարավորություն չունեն որևէ գործողության, որոնք կարող են իրականացնել ադրբեջանական բանակի դեմ,- ասել է Հասանովը ադրբեջանական CBC-ի հետ զրույցում: Նաև նշել է, որ հայկական «անօրինական զինված խմբավորումներն ի վիճակի են միայն «մանր սադրանքների», որոնք նրանց համար «վատ ավարտ կունենան»,- սակայն, եթե նրանք դիմեն սադրանքների, մտածեն իրականացնել որոշակի ոչ իրավական գործողություններ Ադրբեջանի զինված ուժերի դեմ, ապա այդ անօրինական զինված խմբավորումների հախից կարող է գալ ադրբեջանական բանակի մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական:

Միջոցների և ուժերի հարաբերակցությունը մենք գիտենք, և գիտենք, որ հարաբերակցությունը նրանց օգտին չէ: Այնպես որ, ստորաբաժանումներից մեկն ի վիճակի է զինաթափել այդ անօրինական զինված խմբավորումները»,- սպառնացել է Հասանովը:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանը Հասանովի այս հայտարարությունը որակեց որպես ակնհայտ սպառնալիք՝ ուղղված Արցախին։

«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես փորձել է Արցախը հայաթափել, նրանք համարում են, որ Արցախի հարցը լուծված է։ Ըստ այդմ, խանգարող հանգամանքն այնտեղ ապրող հայությունն է ու ռուս խաղաղապահները։ Հիմա, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման կեցվածք է դրսևորում, ապա դա ակնհայտ սպառնալիք է, այսինքն՝ ուժի կիրառումը կամ կիրառման սպառնալիքը պետք է նույն հարթության մեջ դիտարկել։ Եվ որևէ ձևով, եթե ռուս խաղաղապահները կարող են խոչընդոտ հանդիսանալ, առ այս պահը հանդիսացել են»,-նշեց Հայկ Նահապետյանը։

Պատմական զուգահեռ անցկացնելով՝ փարձագետը հիշեցրեց 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանը, երբ վրացիները հարձակվեցին Հարավային Օսիայի վրա, երբ երկու սուբյեկտների մեջտեղում կանգնած էին ռուս խաղաղապահները, նրանք կռվեցին, զոհվեցին։

«Տեսականորեն չեմ բացառում, որ նույն սադրանքը նաև Ադրբեջանն անի, երբ ամբողջովին փակում է Արցախի ճանապարհը, դա նշանակում է, որ առաջին հերթին ձեռնոց է նետում Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սա նշանակում է, որ 102-րդ ռազմաբազայի Արցախի խաղաղապահ ստորաբաժանումը չի կարող, ենթադրենք, անձնակազմ փոխել, զենք-զինամթերք, մասնագետներ ստանալ, ինչպես նաև իրենց կենսագործունեությունն ապահովող այլ անհրաժեշտ պարագաներ։ Երբ փակում են ճանապարհը, դա նշանակում է, որ տվյալ ստորաբաժանումը ևս հայտնվում է 100 տոկոսանոց բլոկադայի մեջ։ Կարծում եմ՝ Ալիևը մեկ կարմիր գիծ ևս անցել է, ինչը թույլ է տալիս Ադրբեջանի պաշտպանության նախարարին, որպեսզի նման կեցվածք դրսևորի»,-հավելեց Հայկ Նահապետյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը ևս նպաստել է ադրբեջանական սադրանքներին ու հայտարարություններին։

«Ուղղակիորեն նպաստում է, Ադրբեջանը փորձելու է օգտվել իրավիճակից, այդ քայլերն Ադրբեջանն ինքնին հաշվարկել է։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ հունիսի 24-ին ՌԴ նախագահը մի քանի երկրների ղեկավարների հետ է զրուցել, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի։ Սա պատահական չէ, կարծում եմ՝ այնուամենայնիվ Թուրքիայի նախագահն իրազեկվել է, որ Ադրբեջանի նախագահն անկանոն շարժումներ է անում, Թուրքիան մեծ լծակներ ունի Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի վրա մեծ լծակներ ունեն նաև Իսրայելն ու Մեծ Բրիտանիան, այսինքն՝ նույնիսկ Էրդողանը կարող է հորդորել, որ տարածաշրջանը չհասցվի լարվածության, բայց դա ձեռնտու է Մեծ Բրիտանիային ու Իսրայելին, որոնք կարող են Ալիևի ձեռամբ տարածաշրջանը կանգնեցնել նոր ռիսկերի առջև»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս