Հասանովը սպառնացել է՝ կարող են զինաթափել Արցախի բանակը 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Արցախում գտնվող «անօրինական զինված խմբավորումները» վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, քանի որ ադրբեջանական բանակի միայն մեկ կորպուսը բավարար է՝ նրանց զինաթափելու համար:

«Մենք բարձր չենք գնահատում այդ անօրինական զինված խմբավորումների հնարավորությունները, որոնք մնացել են Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական գոտու տարածքում: Մենք գիտենք դրանց թվաքանակը, դրանց սպառազինությունը, գիտենք բարոյահոգեբանական վիճակը, գիտենք՝ ինչի են նրանք ունակ: Հավատացնում եմ, ինչպես որ նշել է պարոն նախագահը, նրանք որևէ հնարավորություն չունեն որևէ գործողության, որոնք կարող են իրականացնել ադրբեջանական բանակի դեմ»,- ասել է Հասանովը ադրբեջանական CBC-ի հետ զրույցում: Նաև նշել է, որ հայկական «անօրինական զինված խմբավորումներն ի վիճակի են միայն «մանր սադրանքների», որոնք նրանց համար «վատ ավարտ կունենան»,- «Սակայն եթե նրանք դիմեն սադրանքների, մտածեն իրականացնել որոշակի ոչ իրավական գործողություններ Ադրբեջանի զինված ուժերի դեմ, ապա այդ անօրինական զինված խմբավորումների հախից կարող է գալ ադրբեջանական բանակի մեկ կորպուս, այն էլ ոչ ամբողջական: Միջոցների և ուժերի հարաբերակցությունը մենք գիտենք, և գիտենք, որ հարաբերակցությունը նրանց օգտին չէ: Այնպես որ, ստորաբաժանումներից մեկն ի վիճակի է զինաթափել այդ անօրինական զինված խմբավորումները»,- սպառնացել է Հասանովը:

Տեսանյութեր

Լրահոս