Անշարժ գույքի շուկայում դոլարով գնաճը հասնում է 60 տոկոսի. Սաքապետոյան
«Հիպոթեքային վարկավորման ոլորտում պահպանվել են նախորդ ժամանակահատվածում արձանագրված բարձր աճի տեմպերը, որոնք ուղեկցվել են անշարժ գույքի գների արագ աճով։ Հաշվի առնելով, որ վերնոշյալ աճերը համարվում են բնույթով միմյանց փոխլրացնող և փոխսնուցող՝ ԿԲ-ն գնահատում է, որ անշարժ գույքի շուկայում առկա են հնարավոր գերտաքացման ռիսկեր»,-վերջերս հրավիրված մամլո ասուլիսիընթացքում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ընդգծելով, որգերարժևորման հիմնական պատճառը հիպոթեքային վարկավորումն է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Մեղրի» զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը, խոսելով անշարժ գույքի շուկայում նկատվող գերտաքացման մասին, ընդգծեց՝ եթե հարցին նայում ենք զուտ ֆինանսական ցուցանիշների տեսանկյունից, ապա, այո՛, այդ դեպքումկա մտահոգվելու առիթ, որ գուցե առկա աճը մտացածին է և ուռճացված, սակայն, երբ խնդրին նայում ենք ոչմիայնֆինանսական, այլ նաև քաղաքաշինական տեսանկյունից, ապա պատկերն այլ է։
«Անշարժ գույքի շուկայում դրամով արտահայտված գնաճը վտանգավոր սահմանագոտում չէ։ Դրամով գնաճը շատ մոտ է ընդհանուր գնաճին՝ ԿԲ-ի հայտարարած 9 տոկոս շեմին, իսկ ահա, դոլարով գնաճը հասնում է 50-60 տոկոսի, ինչի արդյունքում անշարժ գույքի շուկան դոլարով գնորդի համար գրավիչ չէ։ Սակայն խնդրին պետք է նայել նաև բուն քաղաքաշինական տեսանկյունից և տեսնել, որ Հայաստանում ունենք 80 միլիոն քառակուսի մետր բնակֆոնդ, որից պետք է թարմացվի նվազագույն 1 տոկոսը, մինչդեռ, օրինակ, այս տարի Երևանում կառուցապատվել է մոտ 500 հազար քառակուսի մետր, այսինքն՝ անհրաժեշտ 800 հազար քառակուսի մետրից քիչ տարածք։ Կարծում ենք՝այս թիվը քիչ է,պետք է այդ 1 տոկոսին հասնել՝ ունենալու համար թարմացված բնակարանային ֆոնդ»,-ասաց Սաքապետոյանը՝ կարևորելով նաև մարզերում բնակֆոնդի թարմացման խնդիրը։
Ըստ նրա՝ որքան էլ Կառավարությունը նշի, որ 2025 թվականին չեղարկելով եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, կառոցապատումը տեղափոխելու է մարզեր, միևնույն է, կառուցապատումը ոչ թե տեղափոխվում է մարզեր, այլ ընդլայնում Երևան քաղաքը, ուստիայստեղ անհրաժեշտ են այլ լուծումներ։
«Իրականում եկամտահարկի չեղարկումը բերելու է կառուցապատման ոլորտում ցուցանիշների նվազման, ուստի մենք Կառավարությանն այլ ծրագրեր ենք առաջարկել՝ կառուցապատումն առաջիկա 15 տարում նույն տեմպով պահելու համար. այս պահի դրությամբ մեր ներկայացրած առաջարկների վերաբերյալ որոշումներ չկան»,-ասաց Սաքապետոյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։