Մեր բնակչությունն այսօր կենդանական բնազդներով է ապրում, ընդամենը՝ ներկայով, բայց արդյունքում կզրկվի ապագայից․ Արթուր Աթանեսյան
Այսօր օբյեկտիվորեն որևէ բան գովել հնարավոր չէ, տեսնում ենք միայն միմյանց գովելու և փնովելու սուբյեկտիվ մոտեցումներ, իսկ ահա օբյեկտիվ չափումը մեզնում արդեն շատ վաղուց առկա չէ։ Չենք կարող օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն վիճակը, սա նաև մեր մեղքն է, մենք տարիներ շարունակ շատ սուբյեկտիվ էինք, օբյեկտիվ չափանիշներն ու գնահատականները վերացրինք ինքներս։ Արդյո՞ք խաղաղությունը մեր բնակչության իրական ցանկությունն է։ Հանրույթն օբյեկտիվ վիճակը չի ուզում ընդունել, սուբյեկտիվորեն է ապրում՝ հաճախ մեկ օրով։ Խաղաղությունը մեծ արժեք է, Նյու-Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց կարող ենք տեսնել խաղաղության սիմվոլիկան։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ստեղծելով ՄԱԿ-ը՝ մարդիկ հույս ունեին, որ պատերազմ այլևս չի լինելու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:
«Մեզնում պատերազմի պայմանական բացակայությունն ընկալվում է որպես խաղաղություն, բայց դրանք տարբեր բաներ են։ Եթե չկա պատերազմ զանգվածային մակարդակում, դա չի նշանակում, որ զանգվածաբար խաղաղության մեջ ենք ապրում։ Խաղաղությունը ոչ միայն պատերազմի բացակայությունն է, այլև կայուն համագործակցությունն ու երաշխիքները, որ գոնե առաջիկա տասնամյակներում կողմերը միմյանց հանդեպ զանգվածային ոչնչացում չեն իրականացնի։ Այդ երաշխիքներն այսօր չկան, ավելին՝ մարդկությունը սպասում է գլոբալ պատերազմի, և այդ իմաստով լոկալ պատերազմներն առավել քան հավանական են դառնում։ Այնպես որ, մենք պատերազմ ունենք և կունենանք, և սա ոչ թե ուրախության, հրճվանքի կամ քննադատական տրամադրություն է, այլ հաշվարկ։ Կարելի է դա չնկատել, դրան չպատրաստվել, դա արդեն սուբյեկտիվ մակարդակի ընկալում է»,- ասաց գիտնականը:
«Եթե հիշենք պահանջմունքների բուրգը, որի մասին բոլոր հումանիտար մասնագետները գիտեն, դրա առաջին և երկրորդ շերտերը հենց բազային, հիմնարար պահանջմունքներն են։ Մարդն ուզում է կուշտ ուտել, քնել, վերարտադրվել, մնացածը՝ հետո։ Մեր բնակչությունն այսօր այդ բազային, կենդանական մակարդակով է ապրում՝ ուտել, քնել, զբաղվել սեքսով, զվարճանալ, փոխանակվել ոչ այնքան հոգևոր, որքան նյութական արժեքներով, հետաձգել ավելի բարձր մակարդակների արժեքները՝ ազգային շահն ու գաղափարախոսությունը, միասին ապրելու և առաջընթաց ունենալու կարողությունը։ Մենք այդ ամենը հետաձգել ենք դեպի անորոշ ապագա։ Ապագա բառն անգամ մեզնում որոշ քաղաքական ուժերի կողմից այնքան է չարաշահվել, որ ապագա ասածին չեն հավատում, քանի որ չեն հավատում այդ երևույթը չարաշահած ուժին»,- նշեց Աթանեսյանը:
Պրոֆեսորի պնդմամբ՝ ապրում ենք ոչ թե ապագայով, այլ ներկայով, իսկ այդպիսի ժողովուրդներ կային, բայց նրանք ապագա այդպես էլ չունեցան:
«Հարցն այն է՝ ի՞նչ ենք ուզում։ Բազում բանաձևեր ինքներս մեր մասին ասել ու մշակել ենք, և ցավով եկել ենք այն եզրակացության, որ մեզնում այսօր առկա բացասական երևույթներն իրենց հիմքերով կային և՛ մինչև չակերտյալ հեղափոխությունը, և՛ 44-օրյա պատերազմը։ Մեր մեջ միշտ կար կլանային մտածողությունը, իրար խաբելու, չհավատալու մոլուցքը։ Վերին Լարսի ճանապարհի լայնացման մասին էին խոսում լուրերով, ասում, որ դա արագացրել է մեր բեռների տեղափոխման գործընթացը դեպի ՌԴ, բայց մերոնք բողոքում էին, որ ռուսները մեր բեռները շատ երկար են զննում։ Պարզվում է՝ դրա օբյեկտիվ պատճառն այն է, որ մենք մրգերի մեջ ծխախոտ ենք տեղափոխում, այդ պատճառով էլ մեզ երկար են զննում։ Այսինքն՝ մենք խաբում ենք, բայց երբ բացահայտվում է մեր խաբեությունը, մենք դժգոհում ենք այն բացահայտողից և ոչ թե ինքներս մեզնից։ Սա մեր հավաքական որակներից մեկն է»,-ասաց նա:
«Մենք լավն ու վատն ունենք, ինչպես ցանկացած ազգ։ Մեր լավը շատ լավն է, բայց մեր վատը ևս շատ վատն է, և այն կազմակերպված բնույթ ունի, ինստիտուցիոնալ մակարդակի է հասցվել։ Մեզնում թարգմանչական դպրոցը մշտապես շատ մեծ արժեք է ունեցել, սակայն հիշենք նախ Նենսի Փելոսիի այցի ժամանակ թարգմանության տապալումը, օրեր առաջ էլ՝ ԵՊՀ-ում հայ-ռուսական մեծ ֆորումի ժամանակ նմանատիպ հերթական ձախողումը։ Երևի սա մեր բնութագրող կողմերից մեկն է՝ այն, ինչ ունեինք նախկինում, այսօր չունենք։ Որևէ մեկը՝ մեզնից բացի, սրանում մեղավոր չէ»,- ամփոփեց Արթուր Աթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: