Մանիակային ժողովրդավարության հայկական առանձնահատկությունները

Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի համար դարձել է մտասևեռում՝ իդեա ֆիքս։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում նրա հրապարակային հայտարարություններից, երբ անգամ Ադրբեջանի պատերազմական գործողություններից, Արցախի դեմ վարվող, իր իսկ խոսքերով, ցեղասպան քաղաքականությունից հետո նա հայտարարում է «խաղաղության  դարաշրջանին ուղղված անհոգնել աշխատանքի» անհրաժեշտության մասին։

Ընդհանրապես մտասևեռումը բնորոշ է ցանկացած անձի, դա դատապարտելի չէ, հնարավոր են երևույթի հարաբերականորեն առողջ դրսևորումներ, սակայն կարող է պատահել նաև դրա հիվանդագին զարգացում, ինչը բժշկական միջամտություն է պահանջում։ Բայց վերը նշվածը նորմալ է առանձին անհատների դեպքում միայն։

Երբ մտասևեռումը դառնում է երկրի քաղաքականության ուղենիշ, անկյունաքար, ռազմավարություն, ծրագիր, պետության հետ կարող է տեղի ունենալ այն, ինչ պատահում է բարձրահարկից նետվելու պատրաստ մոլագարի հետ, որին սեփական մտասևեռումը համոզում է, որ կարող է կենդանի մնալ։

Պետության ղեկավարները նույնպես մարդիկ են, ոչ միայն այն իմաստով, որով Նիկոլ Փաշինյանը փորձում էր արդարացնել Ալեն Սիմոնյանի թքարձակումը։ Այո, նրանք էլ կարող են ունենալ մտասևեռումներ։ Բայց նորմալ երկիրն աննորմալ պետությունից տարբերվում է նաև նրանով, որ դրանում գործում է իշխանության թևերի հստակ տարանջատում, հակակշիռների ու փոխզսպումների այնպիսի համակարգ, որը բացառում է իրավիճակները, որոնցում անհատների, անգամ ղեկավարների իդեա ֆիքսը կարող է դառնալ պետական քաղաքականություն։ Հակառակ դեպքում, երկիրը, պետական կառավարման ողջ համակարգը դառնում է՝ անհատի մտասևեռման, իսկ ինչ-որ փուլից՝ նաև անխուսափելի դարձող ցնորամտության սպասարկողը։ Հենց այդպիսի իրավիճակում է հիմա հայտնվել Հայաստանը, որի պետական կառավարման համակարգը վերածվել է Նիկոլ Փաշինյանի իդեա ֆիքսերը սպասարկող մեքենայի։

Կարդացեք նաև

Դա տեղի չի ունեցել միանգամից, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն իշխանության թևերն ու պետական կառավարման համակարգը դեգրադացրել է այնպես ու այնքան, որ ամբողջությամբ զրկել է ինքնուրույնությունից ու իրեն հակակշռելու կարողությունից։

Դրա հիմքերը դրվել են դեռ այն ժամանակ, երբ նա  ԱԱԾ-ին հրահանգում էր սատանաներ բռնել, ուսուցիչներին կոչ էր անում պարեկ դառնալ, իսկ զինվորականներին՝ ելակի առաքիչներ։ Համակարգերը չդիմադրեցին ցնորացման այդ քայլերին, ինչի  արդյունքում՝ արդեն այսօր ոչ թե պետական կառավարման համակարգն է նրան ցնորական հարթությունից իջեցնում իրական կյանք, այլ հակառակը՝ մի ողջ պետություն ծառայեցվում է իդեա ֆիքսի սպասարկմանը։

«Հայկական ժողովրդավարությունը», որով այդքան հպարտանում է Նիկոլ Փաշինյանը, իրականում վերածվել է մոլագարային ժողովրդավարության։ Դա տեսնում են նաև միջազգային հանրության ներկայացուցիչները ու տեսնելով՝ ժպտադեմ ծափահարություններ են բաշխում Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա իդեաները ֆիքսում են ծափահարողների շահերը Հայաստանում և Հայաստանի շուրջ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս