Արցախում իրավիճակը լարված է, բոլոր պաշարները սպառման եզրին են. Հակոբ Հակոբյան

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 168.am-ը զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, Արցախից մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում, որ այդտեղ արդեն սով է սկսվում, քանի որ տևական ժամանակ Ադրբեջանը թույլ չի տալիս նույնիսկ հումանիտար բեռների տեղափոխում, դրան զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է կրակել տարբեր ուղղություններով. ի՞նչ իրավիճակ է այս պահին Արցախում:

-Այն, որ հունիսի 15-ից արդեն Ադրբեջանն անցել է լիակատար շրջափակման և թույլ չի տալիս որևէ տեսակի հումանիտար բեռի տեղափոխում, ինչպես նաև՝ ծայրահեղ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխել, դա փաստ է: Սակայն, ասել, որ Արցախում սով է սկսվել, չափազանցված է: Այո, կա լարվածություն, կա որոշակի պարենամթերքի պակասություն, սակայն դեռևս կարողանում ենք դիմադրել:

-Այս օրերին հարցադրումներ են արվում, թե՝ ռուս խաղաղապահներն Արցախում առհասարակ ինչո՞վ են զբաղված, որ Ադրբեջանը շարունակում է տարբեր ուղղություններից կրակել, և արդեն նաև այդ հումանիտար բեռների տեղափոխման արգելքը չենք կարողանում լուծել: Այս դիտարկումները տեղի՞ն են, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

-Գիտե՞ք, այն, որ միջանցքի պատասխանատվությունը և բեռների տեղաշարժը ռուս խաղաղապահների վրա է, փաստ է, և այո, ռուս խաղաղապահները միգուցե ամեն ինչ չեն անում, որպեսզի կարողանան այդ հարցը լուծել, քանի որ այս պահի դրությամբ այդ հարցը լուծված չէ: Սակայն բոլոր սլաքները ուղղել ռուս խաղաղապահների վրա, կարծում եմ՝ տեղին չէ, որովհետև, ինչպես գիտեք, իրավական այդ գործառույթը կարգավորվում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, որի կողմ ոչ միայն ՌԴ-ն է, այլ նաև ՀՀ-ն և Ադրբեջանը: Եվ եթե հասկանալի են Ադրբեջանի նկրտումները, որ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի այս իրավիճակը լինի, ընդհանրապես անհասկանալի է ՀՀ իշխանությունների վարքագիծը, որոնք ոչ միայն ակտիվ չեն մասնակցում այս խնդրի լուծմանը, այլ նույնիսկ չեն օգնում ռուսական կողմին այս գործընթացի իրականացման հարցում, ընդհակառակը՝ կարծես հակառակ գործունեությունն են անում:

Երևի թե Նիկոլ Փաշինյանը պետք է շատ լավ հասկանար, որ երբ ինքը հայտարարում էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառակուսի կիլոմետր է, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմի մեջ, Արցախը բռնակցելով Ադրբեջանին՝ այսպիսի իրավիճակ է տեղի ունենալու: Ռուս խաղաղապահների նկատմամբ, իհարկե, դժգոհություն կա, քանի որ փաստացի այս ճանապարհը չի գործում: Սակայն այստեղ միայն խնդիրը ռուս խաղաղապահների մեջ չէ:

-Դուք խոսեցիք Հայաստանի իշխանությունների անգործության մասին, իսկ արդյո՞ք Արցախի իշխանություններն իրենց հերթին՝ անգործության մատնված չեն այս իրավիճակում. այդ հարցը շատ է քննարկվում:

-Բազմիցս ասել ենք, որ Արցախի իշխանությունների գլխավոր աշխատանքը և գործունեությունը պետք է կայանա նրանում, որ նրանք կարողանան հանդես գալ՝ որպես առանձին միավոր, որպես սուբյեկտ: Սավոք սրտի, Արցախի իշխանությունները դեռևս չեն կարողանում իրենց ուսերի վրայից թոթափել ՀՀ իշխանությունների ճնշումը: Այս պարագայում, քանի որ այդ հայտարարության որպես կողմ՝ Արցախի Հանրապետությունը հանդես չի գալիս, այլ միայն շահառու է, ապա կարծում եմ, սա հենց խոչընդոտ է դառնում, որ Արցախը գործուն մասնակցություն ունենա այս պրոցեսին: Իհարկե, իշխանական տարբեր խողովակներով ահազանգվում է այն իրավիճակը, որն այսօր տիրում է Արցախում, սակայն, կարծում եմ, որ դա բավարար չէ, և Արցախի իշխանությունները պետք է որպես խնդրի կողմ՝ կարողանան հանդես գալ տարբեր ձևաչափերում, տարբեր հարթակներում: Սակայն, քանի դեռ որևիցե նոր իրադրություն չկա, հակամարտության կողմ, այսպես թե այնպես, հանդես է գալիս ՀՀ-ն՝ հայկական կողմից, իսկ ՀՀ իշխանությունները՝ որպես հայկական կողմ, ընդունել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Ուստի այս ամբողջ խնդիրներն ի հայտ են գալիս հենց այս հանգամանքներից ելնելով:

-«Արցախի անվտանգության և զարգացման ճակատն» ի՞նչ է առաջարկում այս իրավիճակում, ստեղծված իրավիճակից դուրս գալու որևէ ելք այս պահին տեսանելի՞ է ճակատի համար:

-Կարծում եմ, որ պետք է անպայման պահանջ ձևակերպել և ճնշումներ գործադրել, որպեսզի Արցախում գոյություն ունեցող բոլոր միջազգային կառույցները, իսկ դրանք ռուս խաղաղապահ ուժերի զորակազմն է, Կարմիր խաչի առաքելությունն է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք գործուն քայլերի միջոցով վերացնեն այն հումանիտար աղետը, որն այսօր առկա է Արցախում: Պետք է դիմել այդ կազմակերպություններին, պահանջել այդ կազմակերպություններից, որպեսզի կազմակերպեն՝ ինչպես ծանր հիվանդների տեղափոխումը ՀՀ, այնպես էլ՝ առաջին անհրաժեշտության պարագաների ներմուծում՝ ՀՀ-ից Արցախի Հանրապետություն (դեղորայք, առաջին անհրաժեշտության պարենամթերք և այլն): Անհրաժեշտ է նաև միջազգային հանրության ուշադրությունը բևեռել այս հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն այստեղ կատարում է միջազգային ընդունված օրենքներին հակառակ գործողություններ, որը միջազգային իրավունքի հանցագործություն է, այլ ոչ թե թույլ տալ, որ Արևմուտքն ուղղակի այս խնդրի առնչությամբ ներկայացնի, թե ռուս խաղաղապահները ոչինչ չեն կարողանում անել: Այնպիսի տպավորություն է, որ Արցախի Հանրապետությունում նույն միջազգային բազմաթիվ կառույցներ ուղղակի զբաղված են ռուս խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու գործընթացներով, այլ ոչ թե իրական խնդիրները վերացնելու գործընթացներով:

-Տեսակետ կա, որ իրականում Ռուսաստանն էլ է արդեն համաձայն, որ Արցախը հայաթափվի, դրա համար անգործության է մատնված:

-Ես նորից պետք է նշեմ, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ՀՀ-ն ինչ դիրքորոշում ունի այս խնդրի վերաբերյալ: Եթե ՀՀ իշխանություններն արդեն իսկ փակել են ԼՂ հակամարտությունը և ընդունել են, որ Արցախի տարածքն Ադրբեջանի տարածք է, ապա դրանից առավել ակնկալիքներ ունենալ այլ երկրներից ուղղակի անիմաստ է, որովհետև ոչ մի այլ երկիր չի կարող ավելի հայերի շահը պաշտպանել, քան հենց նույն ՀՀ իշխանությունները: Ուստի ամեն ինչ ի հայտ է գալիս, և ավելի վատթարացավ իրավիճակն այն պահից սկսած, երբ ՀՀ իշխանություններն ուղղակի զենքերը վայր դրեցին և համաձայնեցին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս է կազմում նաև Արցախը:

-ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» զեկույցը` հանելով «Լեռնային Ղարաբաղ» անվանումը: Եթե Ադրբեջանը Հաագայի դատարանի որոշումը չի կատարում, այսպիսի զեկույցների ընդունումն ազդելո՞ւ է Ադրբեջանի վրա, և առհասարակ, նման զեկույցի ընդունումը որևէ նշանակություն ունենալո՞ւէ այս իրավիճակում:

-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս ցույց է տվել, որ նա ոչ մի միջազգային իրավունքի նորմի չի հետևում, և ԼՂ-ում առաջին անգամ չէ, որ նա ռազմական հանցագործություններից սկսած, վերջացրած մարդկության դեմ հանցագործություններ է կատարում, և որևիցե նմանատիպ միջազգային ակտ նրա վրա չի ազդելու: Իսկ, ինչպես ասացի, միջազգային հանրությունն էլ խոսելով նմանատիպ դիտորդական առաքելությունների, բանաձևերի և այլնի մասին, հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան սրված հարաբերությունները, ավելի շատ զբաղված է ՌԴ-ին, ռուս խաղաղապահ զորակազմին վարկաբեկելու գործընթացով, քան իրական խնդիրները լուծելու գործընթացով: Իհարկե, կան բազմաթիվ գործիքակազմեր, բազմաթիվ պրոցեսներ, և եթե միջազգային կառույցները ցանկանան, մեկ օրվա ընթացքում կկարողանան այս հարցը լուծել: Սակայն, կարծում եմ, որ այնքան էլ իրենց հետաքրքիր չեն իրական գործընթացները, ավելի շատ հետաքրքիր է ռուսներին այս տարածաշրջանից դուրս մղելը և նրանց գործունեությունը վարկաբեկելը:

-Արևմտամետներն էլ ասում են, որ եթե Ռուսաստանն ուզենար լուծել այս հարցը, ապա վաղուց այն լուծած կլիներ. նրանք էլ այդ կերպ են հակադարձում:

-Իհարկե, քանի որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվանալուց բացի՝ նաև ակտիվ գործունեություն են ծավալում, որպեսզի այս հակամարտությունը լուծվի ի օգուտ Ադրբեջանի, ապա բոլոր երկրներն էլ, իրենց շահերի բացի, ուրիշ երկրի շահերի չեն անդրադառնալու և փորձելու են որքան հնարավոր է՝ իրենց շահերի համար այստեղից պոկել առավելագույնը, ինչոր իրենք կկարողանան:

Այդ ամենը յուրաքանչյուր կողմ գեղեցիկ փաթեթավորելու է, որպեսզի ցույց տա, որ ինքն ամենամարդկայինն է, ամենախաղաղասերն է, և այլն: Սակայն այս գործընթացների հիմնական ուղղորդողը պետք է լինի ՀՀ իշխանությունը, որը մինչ 2018թ. իրականացնում էր այդ գործընթացները:

-Ամփոփելով զրույցը՝ այն տեղեկությունները, որ սոցցանցերով տարածվում են, իրականությանն այդքան էլ չեն համապատասխանում, որ Արցախում արդեն սով է սկսվել, Դուք այդպես ասացիք…

-Այս պահի դրությամբ, Արցախում սովի հետ կապված որևիցե խնդիր չկա, պակասություն, իհարկե, կա, որոշակի ապրանքատեսակներ բացակայում են, սակայն դեռևս Արցախի Հանրապետությունը, բնակչությունը կարող են դիմադրել սրան: Սակայն, սա չի նշանակում, որ սա կարող է անվերջ շարունակվել:

-Ասում են՝ դեղատներում դեղորայք չկա, մանկական կերերն են սպառվել, և այդ առումով՝ բավականին բարդ իրավիճակ է:

-Իրավիճակը բարդ է, կա դեղատեսակների պակասություն, մանկական սննդի որոշ տեսակների պակասություն, սակայն, որ Արցախում դեղատները դատարկ են և դեղորայք չկա, դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Սակայն իրավիճակը լարված է, բոլոր պաշարները սպառման եզրին են:

Տեսանյութեր

Լրահոս