«Ալեն Սիմոնյանի ասածի մեջ տոտալ սուտ կա՝ երբևէ նման թվեր չենք հրապարակել». «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն
Հունիսի 13-ին խորհրդարանում լրագրողները փորձել էին ճշտել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքը«Գելափի» վերջին հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ ՔՊ-ի վարկանիշը մեծ թվերով անկում է ապրում, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և իշխանության մաս կազմող այլ անձանց։ Սակայն Ալեն Սիմոնյանը խուսափել էր մեկնաբանել՝ ընդգծելով, որ նույն այդ ընկերությունը խորհրդարանական ընտրություններից առաջ «Հայաստան» դաշինքին 60 տոկոսից ավելի ձայներ էր տալիս, իսկ ՔՊ-ին՝ 30 տոկոս։
«Պատվերով «Գելափին» չենք հավատում։ Չլսեցի՝ ինչ էիք ասում, գուցե ասում էիք, որ ըստ այդ հարցումների՝ իմ վարկանիշն ամենաբարձրն է, չեմ հավատում, չեմ հավատում համացանցում նստած վարձու ֆեյքերին։
Ինքս ֆեյք չունեմ, որովհետև ես իմ խոսքն այնքան եմ արժևորում, որ կափսոսեմ, որ ուրիշի դեմքով իմ խոսքը գրեմ»,- նշել էր Ալեն Սիմոնյանը։
168.am-ը «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իշխանությունը չի վստահում վերջին հարցումների արդյունքներին, մինչդեռ նախկինում, երբ ըստ հարցումների՝ իշխանական կուսակցությունը բարձր վարկանիշ ուներ՝ հավատում էին։
«Լսեցի Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունը, ասաց, թե մենք խորհրդարանական ընտրություններից առաջ «Հայաստան» դաշինքին 60 տոկոսից ավելի ձայներ էինք տալիս, իսկ իրենց՝ 30։ Իր իսկ պատասխանի մեջ արդեն տոտալ սուտ կա, մենք երբևէ նման թվեր չենք հրապարակել։ Հիմա, ինքը հանրությանը սուտ տեղեկություն է տալիս, եթե փորձենք իրեն պատասխանել, կարծում եմ՝ տեղին չէ, որովհետև մեր հրապարակումները մշտապես հիմնված են մեր իրականացրած հետազոտությունների վրա։ Մեծամասամբ, մեր տված կանխատեսումները համապատասխանել են իրականությանը։ Անգամ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր տված ցուցանիշները և՛ մինչև ընտրությունները, և՛ հետընտրական հետազոտությունները, որտեղ ասել էինք, որ 35,8 տոկոսից ավելի ձայն չի կարող ստանալ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Մինչև հիմա էլ մենք դա պնդում ենք, որովհետև մեր հարցումները դա են ցույց տվել»,-նշեց Արամ Նավասարդյանը։
Իսկ թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացել արձանագրել 54 տոկոս, արդեն ՔՊ-ի և ընդդիմադիր ուժերի խնդիրն է, ՔՊ-ի առումով՝ ինչպես են անցկացրել ընտրությունները, իսկընդդիմությունը՝ ինչպես է կարողացել իրենց ձայները պահել և վերահսկել քվեարկության և ընդհանրապես ընտրությունների ընթացքը, մեզ հետ զրույցում իր գնահատականները տվեց Արամ Նավասարդյանը՝ շարունակելով.
«Իմ խոսքերի լավագույն ապացույցն այն է, որ որքան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ասում են, թե ընտրությունները եղել են թափանցիկ և առանց կեղծիքների, այնքան ես համոզվում եմ, որ մեր կողմից հրապարակված թվերը ճիշտ են և արտացոլում են ընտրությունների իրական արդյունքները։ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունների գրեթե 90 և 90-ից ավելի տոկոսը եղել են սուտ, և եղել է լրիվ հակառակ պատկերը, սա չի վերաբերում միայն ընտրություններին, այլ նրանց ցանկացած հայտարարության։ Հետևաբար, երբ նրանք ամեն անգամ փորձում են մարդկանց համոզել, որ ընտրություններն անցել են առանց կեղծիքների, ես համոզվում եմ, որ մեր հրապարակած թվերն արտացոլում են իրական պատկերը»,-հավելեց մեր զրուցակիցը։
Այս համատեքստում, Արամ Նավասարդյանը բերեց մեկ օրինակ, մասնավորապես՝ 2020 թվականի հունիսին իրականացրած հարցումների արդյունքներով մինչև պատերազմը և կորոնավիրուսի համավարակի վատ շրջանը, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օգտին պատրաստ էր քվեարկել մարդկանց 55 տոկոսը։
«Այս ցուցանիշն իրենք սարքել էին դրոշակ, այսինքն՝ այն ժամանակ մենք իրենց համար լավն էի՞նք, և իրենք բոլորին թմբկահարում էին, թե՝ տեսեք, իշխանափոխությունից 3 տարի անց մենք ունենք 55 տոկոս ցուցանիշ։ Այն ժամանակ մենք ճիշտ էինք, լավն էինք։
Դրանից հետո եղավ կորոնավիրուսի պատկերը և կործանարար պատերազմը, որտեղ կորցրեցինք Արցախի մեծ մասը, ունեցանք շուրջ 5 հազարից ավելի զոհեր, և իրենք ուզում են ասել, որ այդ իրադարձություններից հետո կորցրել են 0,8 տոկո՞ս։ Ես դրան բացատրություն չունեմ, եթե իրենք կարող են դա բացատրել, դա իրենց գործն է։ Մենք մեր հրապարակած թվերի պատասխանատուն ենք, և ևս մեկ անգամհամոզվում եմ, որ մեր թվերը ճիշտ են, երբ Փաշինյանն ու իր թիմակիցները հայտարարում են, որ ընտրություններն անցել են թափանցիկ ու արդար»,-եզրափակեց Արամն Նավասարդյանը։