Հայաստանն Ադրբեջանի շահերին ծառայեցնելու նուրբ արվեստը
Պետության դիմադրողականության, կենսունակության, մրցունակության կարևոր բաղադրիչներից մեկը հանրային մոբիլիզացիայի աստիճանն է։ Համախմբման բարձր մակարդակ ունեցող հանրությունը, մի կողմից՝ հզորացնում է պետության անվտանգության պահպանումն իրականացնող ֆորմալ կառույցների (բանակ, ոստիկանություն, անվտանգության մարմիններ) թիկունքային ապահովությունը, մյուս կողմից՝ հանդես է գալիս՝ որպես պետության ներքին իմունիտետի առանձին ենթահամակարգ։
Սակայն հանրային մոբիլիզացիայի արդյունավետությունը, ի թիվս այլ գործոնների, մեծապես կախված է նաև դրա ճիշտ, պետական շահերի տեսանկյունից՝ հիմնավորված ուղղորդումից, որն ընդհանուր առմամբ ֆորմալ ու ոչ ֆորմալ վերնախավերի առաքելությունն է։ Եվ, հակառակը, հանրային մոբիլիզացիայի սխալ ուղղորդումը, ապակողմնորոշումն այդ ռեսուրսը կարող է կառուցողականից դարձնել դեստրուկտիվ՝ պետության պաշտպանության նրա ֆունկցիան վերափոխելով հակապետական գործառույթի։
Մեծ հաշվով հենց դա է տեղի ունեցել Հայաստանում 2018 թվականին ու դրանից հետո. հանրային մոբիլիզացիան սկզբում ծառայեցվել է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու գործին, ապա ուղղորդվել է այնպես, որ այն վերածվել է դեստրուկտիվ ռեսուրսի։
Հասարակության համախմբումը, իհարկե, կարող է տեղի ունենալ նաև դրական հիմքի վրա՝ հանուն ինչ-որ նպատակի կամ նպատակների։ Բայց հաշվի առնելով մարդկային էության առանձնահատկությունները, հանրային մոբիլիզացիան հաճախ ավելի արդյունավետ է լինում նեգատիվ գործոնների առկայության դեպքում՝ ընդդեմ ինչ-որ երևույթի։ Հասարակությունը սովորաբար ավելի միասնական է դառնում թշնամիների, արտաքին վտանգի առկայության դեպքում։ Նորմալ պետություններում հանրության այդ մոբիլիզացիան ծառայեցվում է արտաքին թշնամիների դեմ պայքարին։
Միանգամայն այլ է պարագան, երբ հանրային մոբիլիզացիան կառուցվում և ուղղորդվում է՝ արտաքին թշնամիներին փոխարինելով ներքին թշնամիներով և համախմբման էներգիան ուղղորդելով վերջինիս դեմ պայքարին։ Հենց դա է տեղի ունեցել վերջին հինգ տարիներին։ Դրա հիմքը պայմանականորեն դրվեց կարկառուն ՔՊ-ական Սասուն Միքայելյանի տխրահռչակ հայտարարությամբ, որով նա հեղափոխությունն ավելի կարևոր համարեց Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակից։
Պատահական չէր, որ այդ զազրելի հայտարարությունն արվեց հենց արցախյան առաջին պատերազմի մասնակցի կողմից, որը, ամենայն հավանականությամբ՝ չհասկանալով իրեն վերապահված կեղտոտ դերի ենթատեքստը (բնականաբար, նա դրա համար վարձահատույց եղավ իր որդուն և ընտանիքի այլ անդամներին, մերձավորներին պաշտոնների նշանակելով, եկամտի նոր աղբյուրներ ներգրավելով, ֆինանսական կարողությունները մեծացնելով, ի վերջո՝ Երկրապահ կամավորականների միությունը ճանկելով), էքստազի մեջ նսեմացրեց իր հարյուրավոր ընկերների մահվամբ ձեռք բերված հաղթանակը։
Բայց դա գործընթացի միայն մակերեսային շերտն էր։ Հաջորդած ժամանակահատվածում իշխանական բացահայտ և իրական քարոզչությունը կերտեց ներքին թշնամու սարսափելի կերպար՝ ի դեմս հավաքական «նախկինների»՝ հընթացս քայլ առ քայլ մեղմացնելով իրական արտաքին թշնամու կերպարը՝ 44-օրյա պատերազմից առաջ խաղաղության մասին անհեթեթ բարբաջանքներն արդեն պատերազմից հետո վերածելով խաղաղության նվաստացուցիչ ողորմության։ Հայ հասարակության մոբիլիզացիոն ռեսուրսն այդպիսով վերաուղղորդվեց՝ արտաքին իրական թշնամուց փոխադրվելով ներքին մտացածին թշնամիների դեմ, ինչը, ի թիվս այլ կարևոր գործոնների, նպաստեց նաև 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտությանը։
Մեր հասարակությունը հիմա գտնվում է խոր ֆրուստրացիայի փուլում՝ պայմանավորված մի կողմից՝ 2018-ի գերագնահատված ակնկալիքներից հուսահատությամբ, մյուս կողմից՝ չգիտակցված կերպով արտաքին թշնամու փոխարեն՝ ներքինի դեմ պայքարելու ու դրա արդյունքում նաև պետությունը կործանման եզրին հասցնելու իրողությամբ։ Այդ ամենով հանդերձ, հանրային համախմբումն ունի լրջագույն ռեսուրս, և էլիտաների դերն է այն վերակողմնորոշելն ու նրան անգիտակից հակապետականությունից պետականապաշտպան գործառույթ հաղորդելը։
Մնում է գտնել էլիտաներին։
Հարություն Ավետիսյան