Պետության դիմադրողականության, կենսունակության, մրցունակության կարևոր բաղադրիչներից մեկը հանրային մոբիլիզացիայի աստիճանն է։ Համախմբման բարձր մակարդակ ունեցող հանրությունը, մի կողմից՝ հզորացնում է պետության անվտանգության պահպանումն իրականացնող ֆորմալ կառույցների (բանակ, ոստիկանություն, անվտանգության մարմիններ) թիկունքային ապահովությունը, մյուս կողմից՝ հանդես է գալիս՝ որպես պետության ներքին իմունիտետի առանձին ենթահամակարգ։
Բոլոր ճգնաժամային պահերին, բոլոր կողմերից հնչում են հասարակության համախմբման, միասնականության, բռունցքվելու մասին կոչեր։ Դրանք արդեն իսկ բավարար չափով հնչել են նաև անցած երեք օրերին, երբ Ադրբեջանը փակել է Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և հումանիտար աղետի առջև է կանգնեցրել Արցախի բնակիչներին։