Հուղարկավորություն՝ Ազգային ժողովում

Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է հանձնաժողովը, որը, ի դեպ, խուսափել է հաղորդագրության մեջ օգտագործել «պատերազմ» բառը՝ փոխարենը կիրառելով «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններ» արտահայտությունը։

Հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի առնվազն մի մասը լինելու է հրապարակային, ինչը նշանակում է, որ հայ հասարակությունն ականատես է լինելու հերթական, հնարավոր է՝ իր մասշտաբներով աննախադեպ շոուի, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պատերազմի համար մեղավորների նշանակումը։

Հանձնաժողովում նրա հայտնությունը, ամենայն հավանականությամբ, լինելու է վերջին մոտ երեք տարիներին Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմի վերաբերյալ ներկայացրած մանիպուլյացիաների, ճշմարտության խեղաթյուրման, իրենից բացի՝ բոլորին մեղադրելու՝ տարբեր առիթներով հայտարարությունների խտացված արտահայտությունը։

Այդ առումով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները ենթարկվել են մի քանի տրասնֆորմացիաների։ Պատերազմից անմիջապես հետո, երբ նա դեռ թաքնվում էր բունկերներում, խոսում էր «քաղաքացու վրեժի» մասին, բունկերային վախ-սարսափը հաղթահարելուց հետո հայտարարեց, որ ինքը մեղավոր է, բայց պատասխանատու չէ։ Հետագայում՝ արդեն ներքաղաքական կյանքում իր դիրքերի ամրապնդմանը զուգահեռ, նա սկսեց վարել և շարունակում է իրականացնել նաև պատասխանատվությունից ամբողջությամբ խուսափելու, այն այլոց վրա բարդելու քաղաքականություն։ Եթե կարճ, ապա հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը գուցե մի քանի ժամ խոսելու է, որպեսզի հայտարարի՝ «Պատերազմի համար ես ո՛չ մեղավոր եմ, ո՛չ էլ պատասխանատու»։ Փոխարենը, ինչպես մեղավոր, այնպես էլ պատասխանատու են հռչակվելու գրեթե բոլորը՝ սկսած բանակից ու «դասալիքներից», մինչև անվտանգության մարմիններ ու «5-րդ շարասյուն»։

Կարդացեք նաև

Բայց հանուն արդարության պետք է արձանագրել, որ գրեթե բոլոր նրանք, ովքեր օրեր անց հռչակվելու են որպես պարտության մեղավորներ ու պատասխանատուներ, վաստակել են դա։ Վաստակել են պատերազմից հետո իրենց լռությամբ ու պատեհապաշտությամբ։ Վաստակել են պատերազմից հետո պաշտոններից չզրկվելու նպատակով իշխանության հետ ստվերային գործարքների գնալով։ Վաստակել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով ու ամիսներ անց նրա առջև զգաստ կանգնելով։ Իսկ ովքեր այդուհանդերձ հակադրվել են հանդուրժողականության այդ նվաստացուցիչ ընթացքին, այսօր բանտում են, ինչպես, օրինակ՝ Գրիգորի Խաչատուրովը՝ զինվորականությունից, և Արմեն Աշոտյանը՝ քաղաքական դաշտից։

44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը ջրբաժանային էր ամենախիստ իմաստով։ Կա՛մ զինվորական ու քաղաքական վերնախավերը պետք է կարողանային համարժեք քայլերով կարճ ժամանակում հասնել Նիկոլ Փաշինյանի առնվազն հրաժարականին և պարտության պատճառների, հանգամանքների իրական քննությանը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը՝ ամրապնդելով իշխանությունը, նույնն անելու էր նրանց հետ։

Առաջին տարբերակը տապալվեց ամենատարբեր պատճառներով, և հիմա պատերազմում Ադրբեջանին պարտված Նիկոլ Փաշինյանը վայելում է սեփական երկրում զինվորականության, եկեղեցու, մտավորականության, քաղաքական ընդդիմախոսների, հասարակության գերակշիռ մասի դեմ տարած հաղթանակի պտուղները։

Այն, որ դա հաղթանակ է նաև պետության ու պետականության նկատմամբ, Նիկոլ Փաշինյանին չի հուզում ավելի, քան նոյեմբերի 9-ին սեփական կեցավայրից գողացված սեփական կնոջ օծանելիքի հարցը։

44-օրյա պատերազմին հաջորդած ավելի քան երկուսուկես տարիներին Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն, մեթոդաբար զբաղվել է պատերազմի ու պարտության վերաբերյալ ճշմարտությունը խեղաթյուրելու, մանիպուլացնելու, ըստ իր շահերի ներկայացնելու գործով։ Հունիսի 20-ին նա գնալու է Ազգային ժողով՝ վերջնականապես ԹԱՂԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր անգամ ամենասուր հարցերով ներկա են գտնվելու այդ նիստին, իրականում դառնալու են ճշմարտության հուղարկավորության արարողության մասնակիցները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս