Հայաստանակերը
«Ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրել, բացառված է»,- այս հայտարարությունը պատկանում է մարդու, ում ղեկավարած երկրի վարած պատերազմի արդյունքում կորսվել է Արցախի մեծ մասը, զոհվել են 5000 երիտասարդներ, խեղվել են տասնյակ-հազարավոր մարդկանց ճակատագրեր, հաշմանդամ են դարձել 10.000-ից ավելի տղաներ, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Հայաստանի ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր…
Սա այն նույն մարդու սիրո խոստովանությունն է առ հայրենիք, ով ասում էր, որ Սև լճի 30 տոկոսի, ամեն մի սարի համար պատերազմի մեջ չենք մտնելու։
Եվ սա նույն մարդու հայտարարությունն է, հարկավ, ով իր սիրելի հայրենիքի «կադաստրի վկայականի» ճանաչումը պայմանավորում է առաջին հերթին՝ Ադրբեջանի ճանաչմամբ, ում անցել են վերը նշված բոլոր տարածքները։
Հայրենիքի հանդեպ Նիկոլ Փաշինյանի սիրո խոստովանությունը լսող ցանկացած ողջամիտ մարդու մոտ ցանկություն է առաջանում նրան խնդրել, հորդորել ոչ թե սիրել, այլ ատել Հայաստանը, որովհետև նրա անհագուրդ սերը շատ թանկ է արժենում Արցախին ու Հայաստանին։
Իրականում Նիկոլ Փաշինյանը, ով վերկենցաղային թեմաներով իր դատողությունները սիրում է վերագրել մտածողությանը և ամեն վերագրման ժամանակ հեգնել հայկական մտածողությունը, հայրենիքի հանդեպ իբրև թե սեր խոստովանելուն զուգահեռ՝ արտահայտում է իր նողկանքն այն ամեն ինչից, ինչը կազմում է հայկականության հիմքը։ Նա օրգանական ատելություն ունի Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, նա ոտնձգում է հայկականության ոգեղեն տիրույթի ամենանվիրական խորհրդանիշի՝ Արարատ լեռան հանդեպ, իսկ հիմա արդեն անցել է ՀՀ զինանշանին ու օրհներգին։
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն, մեթոդաբար փորձում է նախ՝ հոգեբանական, արժեքային հարթությունում կասկածի տակ դնել այն ամենայնը, ինչը կազմավորում է հայկական ինքնությունը, ապա՝ տեսնելով դիմադրության բացակայությունը, անում է քայլեր՝ դրանք առարկայացնելու ուղղությամբ։ Զինանշանի ու օրհներգի փոփոխության թեմայի գեներացիան հենց այդ նպատակն ունի, և պետք է սպասել, որ առաջիկայում որևէ անբեղ կամ ճաղատ լուլու այդ թեմայով հանդես կգա արդեն օրենսդրական նախաձեռնությամբ, թեև ֆորմալ առումով դրանք ամրագրված են Սահմանադրությունում։
Հայկական ինքնության դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարն իրականում՝ ներկայացվելով որպես գաղափարական, արժեքային, հիմքում ունի շատ մերկանտիլ նշանակություն։ Նրան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում ապրեն ոչ թե հայեր՝ հայկական ինքնությամբ, այլ ՀՀ քաղաքացիներ՝ առանց որևէ ինքնության ու ազգային պատկանելության։ Դա ամենաշատը պետք է նրա համար, որպեսզի իր երազած «տարածաշրջանային կոմունիկացիաների» բացումից հետո Հայաստանում բնակվողներն «անհոգնել» սպառեն ու սպասարկեն այն ապրանքաշրջանառությունը, որը ծառայելու է Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, բոլորի աշխարհաքաղաքական շահերին, բացի Հայաստանից։ Այն պարզ պատճառով, որ իր երազած «խաղաղության դարաշրջանում» Հայաստանն աշխարհաքաղաքական շահ այլևս չի ունենալու, որովհետև սպառողների շահերը սահմանափակվում են միայն մատակարարվող ապրանքի որակին վերաբերող հարցերով։ Դրանք թուրքերն ու ադրբեջանցիները կապահովեն ըստ պատշաճի։ Կամ չեն ապահովի։
Նիկոլ Փաշինյանն իր ցանկացած «համարձակ» հայտարարությամբ մատնում է սեփական լեզվամտածողությունն ու արժեքային համակարգը։ Նա, ինչպես հայտնի է, կյանքում ամենաշատը սիրում է ՈՒՏԵԼ՝ բառը, որպես կանոն, ուղիղ, բայց նաև փոխաբերական իմաստներով։
Հայրենիքը սիրելու մասին նրա խոստովանությունն իրականում ուղիղ կապված է որկրամոլության հոբբիի հետ, որը գուցե նա անգամ չի գիտակցում։ Իսկ այդ կապն արտահայտվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքն այնքան շատ է սիրում, որ ուղղակի ուտում է այն՝ ֆիզիկապես՝ բառի փոխաբերական, քաղաքականորեն՝ ուղիղ իմաստով։
Հարություն Ավետիսյան