
«Այս բոլոր կրակոցները մեկ շղթայի մեջ են». Մովսես Հակոբյան

Վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի և Արցախի սահմանների տարբեր ուղղություններով սկսել է իրականացնել սադրանքներ։ Հունիսի 13-ին նախ կրակեցին Երասխի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվեցին երկու քաղաքացիական անձինք, վնասվեցին մեքենա և քաղաքացիական օբյեկտ։ Այնուհետև Հակարիի կամրջի վրայով առաջ են շարժվել դեպի Տեղ համայնքի ուղղությամբ և փորձել տեղադրել ադրբեջանական դրոշը, կրակոցների հետևանքով ՀՀ սահմանապահ է վիրավորվել։ Դրանից հետո էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ մեծ տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար՝ չի կարող ասել, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այս փուլում։
«Սակայն մեկ բան ակնհայտ է՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ իր համար շահավետ իրավիճակ ստեղծելու համար։ Իսկ նրա նպատակն Արցախն է»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Երասխի ուղղությամբ եղած կրակոցներին և հարցին՝ արդյո՞ք պատճառը միայն Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքներին խոչընդոտելն է, Մովսես Հակոբյանը պատասխանեց՝ բոլորը մեկ շղթայի մեջ պետք է դիտարկել.
«Այդ բոլոր կրակոցները մեկ շղթայի մեջ են»։
Նշենք, որ 168.am-ին Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասել էր, որ Տեղ համայնքում ադրբեջանական կողմի կրակոցները տևել են մոտավորապես 30 րոպե, թշնամին կրակել է պուշկայով ու ծանր հրետանիով։