Պարոն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով. Ասում են՝ խախտել է բացակայելու արգելքի պայմանները, կտանեն կալանքի, մեղադրանքը լրացրել են. Աթանեսյան
«Պարոն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը՝ որպես խափանման միջոց, հարցը քննարկելու համար: Ձերբակալման հիմք է նշված որոշման մեջ, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները, ինչո՞վ է խախտել՝ նշված չէ: Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Դրան զուգահեռ՝ լրացվել է մեղադրանքը՝ ոչ փաստական կազմը, այլ որակումները. Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք 8 ամիս չենք հարցաքննվել, քննություն, կարելի է ասել, մեզ հետ չի կատարվել, մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում: Մեղադրանքը պարզապես ծիծաղելի է: Բոլորս հասկանում ենք, որ վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի, գումար չի կորել, այդ գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում է Բժշկական համալսարանին և արժե երկու անգամ թանկ, քան երբ ձեռք է բերվել: Իմ կարծիքով՝ այլ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Պարոն Աշոտյանը սա որակում է՝ որպես քաղաքական հետապնդում՝ կապված Արցախը հանձնելու ազգակործան, դավաճանական քաղաքականության հետ, և փորձ է լռեցնելու բոլոր այն գործիչներին, որոնք հիմնավոր կերպով մատնացույց են անում բոլորին՝ տեղի ունեցող հայրենավաճառությունը»,-ասաց նա:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ մեղադրանքը թարմացված ներկայացվել է, իրենք ցուցմունք չեն տվել, որովհետև նախկինում, երբ գործը քննվում էր դեռևս ՀՔԾ-ում, Արմեն Աշոտյանը փաստական հանգամանքների վերաբերյալ մանրամասն ցուցմունք է տվել. «ՀՔԾ-ն շուրջ երկու տարի մեղադրանք առաջադրելու ոչ մի հիմք չէր գտնում: Մեղադրանքը առաջադրեց այս հիմնարկը՝ նույն նյութերի վրա: Այսինքն՝ ՀՔԾ-ն կողմ էր գործը կարճելուն, Քննչական կոմիտեն գտավ, որ այստեղ կարելի է մարդկանց կալանավորել»:
Պաշտպանն ասաց, որ քննիչի թույլտվությամբ նախորդ տարվա դեկտեմբերին Արմեն Աշոտյանը մի քանի օրով բացակայել է երկրից:
«Արմեն Աշոտյանը մարտական է տրամադրված: Մենք գիտեինք սրա մասին, սպասում էինք, նորություն չէ մեզ համար»,-եզրափակեց Տիգրան Աթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում