Առաջին անգամն եմ տեսնում, որ միջնորդը շանտաժ ու սպառնալիք կիրառի, ԱՄՆ-ը պետք է պարզաբանի․ Զախարովան

«Սա շոկային ինֆորմացիա էր, ԱՄՆ-ը այն պետք է մեկնաբանի»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված լուրերին։

Հիշեցնենք, որ ռուսական «Риа Новости» լրատվական ծառայության տելեգրամյան ալիքը գրել էր, որ «ԱՄՆ-ը ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ»։ Այդ մասին «Риа Новости»-ին հայտնել էր Վաշինգտոնում դիվանագիտական ​​աղբյուրը։

«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, դրան կհետևի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում»,- գրել էր «Ռիա Նովոստին»։

Ըստ «Риа Новостии»-ի զրուցակցի՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնությունը» լոբբինգ է անում Լեռնային Ղարաբաղի «արտգործնախարար» Սերգեյ Ղազարյանի կողմից, ում շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»։

Մարիա Զախարովան ասաց, որ ծանոթ է ԶԼՄ-ներում տարածվող նյութերին այն մասին, որ ԱՄՆ-ը դիտարկում է իր դերակատարությունը՝ որպես միջնորդ, ոչ թե՝ որպես խաղաղ գործընկեր, խաղաղ փորձագետ, որը կարող է իրականացնել շփումներ, այլ, որ նրանք իբրև թե դիմել են նաև սպառնալիքների՝ ԼՂ ներկայացուցիչներին, բնակիչներին ուղղված այն անձանց միջոցով, որոնք ներկայացնում են ԼՂ-ն և մինչև անգամ սպառնացել են ուժի կիրառմամբ, ուղիղ կամ անուղղակի՝ հայտնի չէ։

«Բայց ես նման նյութեր ԶԼՄ-ներում տեսել եմ, այսօր այդ թեման զարգացավ, մենք իսկապես անհանգստացած ենք, եթե այդ փաստերը հաստատվեն, իսկ ես կարծում եմ, որ ամերիկյան կողմը պարտավոր է դրանք մեկնաբանել, ապա ինձ թվում է, որ նրանք հերթական անգամ կխաթարեն իրենց հեղինակությունը՝ որպես միջնորդ։

Միջնորդն այն կողմն է, որը փորձում է հարմոնիա մտցնել կարգավորման գործընթացում, ով փորձում է հաշտեցնել կողմերին, գտնել շփման եզրեր։ Ես առաջին անգամն եմ տեսնում նորագույն պատմության ընթացքում տեղեկատվություն այն մասին, որ երկիր, որը հավակնում է միջնորդի դերին, սպառնում է կարգավորման մասնակցին ուժի կիրառմամբ իր միջնորդական դերակատարության իրականացման համար։ Այսինքն՝ ուժով, սպառնալիքով և շանտաժով ստիպում են նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք միջնորդներն իրենց ուղեղում իրենց համար գծագրել են։ Ես իսկապես նման բան չեմ տեսել։ Պետք է խոսքը փոխանցել ԱՄՆ-ին, որպեսզի նրանք սա կամ հերքեն, կամ պարզաբանեն, թե ինչ նկատի ունեն։ Ընդհանուր առմամբ այս տեղեկատվությունը շոկային է»,- ասաց Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս