Հայաստանում հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների գնաճը 8.7 տոկոս է. ԿԲ նախագահ
Կենտրոնական բանկը չի համարում, թե գնաճի դեմ պայքարն ավարտված է: «Անցյալ տարվա ընթացքում գնաճը պայմանավորված է եղել թե առաջարկով, թե պահանջարկով: Պահանջարկի հիմնական բաղադրիչը եղել է արտածին, այսինքն՝ մենք ունեցել ենք միջազգային այցելուների ներհոսք, որոնք պահանջարկ են ձևավորել Հայաստանի ապրանքների ու ծառայությունների նկատմամբ, որի հետևանքով մենք տեսնում ենք, որ նույնիսկ մինչև հիմա հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների գնաճը 8.7 տոկոս է: Ես փորձեցի տրամաբանորեն բացատրել, թե ինչո՞ւ է ԿԲ-ն ավելի զուսպ տոկոսադրույքն իջեցնելու պարագայում, որովհետև մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»,- Աժ-ում ասել է ԿԳ նախագահ Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով առաջարկի գործոններին՝ նա նշեց, որ անցյալ տարվա ընթացքում եղել է դրվագ, որ միջազգային ապրանքահումքային ապրանքներն ու բնամթերքը թանկացել են: Դրանով է պայմանավորված եղել դրամավարկային քաղաքականության ուղղությունն ու ընթացքը:
ԿԲ վերջին կանխատեսմամբ՝ 2023-ի տնտեսական աճը 6.9 տոկոս է: «Սակայն պետք է հասկանանք, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատև աճել ավելի շատ, քան իր պոտենցիալն է»,-նշեց Գալստյանը: