Վահագն Խաչատուրյանը սատարում է Փաշինյանին՝ առանց մեկնաբանության
Շուրջ երկու շաբաթ առաջ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ իրականացվող քաղաքականության համար, «որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
«Դրա հետ կապված՝ անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք ՀՀ կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից»,- հավելել էր նա:
Աջակցության այս արարը, ի դեպ, հաջորդել էր Ադրբեջանի կողմից «հակախաղաղասիրական» հերթական բառամթերքին՝ Իլհամ Ալիևի հերթական սպառնալիքներին. փաստորեն, դրանք չէին խաթարել խաղաղության մասին ՀՀ իշխանությունների իդիլիան:
168.am-ը Փաշինյան-Խաչատուրյան հանդիպումից մեկ օր անց ՀՀ նախագահին գրավոր հարցում էր ուղարկել՝ փորձելով մի քանի պարզաբանումներ ստանալ զրույցի հանրային դրվագների մասին:
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ձեր աջակցությունն եք հայտնել նրան ու կառավարությանը՝ վարած քաղաքականության վերաբերյալ, որն իրականացվում է այսօր, և որը, ըստ Ձեզ, միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այդ թվում` բրյուսելյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարության առնչությամբ:
Ի դեպ, այս հայտարարությունը փաստացի նշանակում է Արցախի հանձնում, նշանակում է արցախահայությանը դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, որին հայ ժողովուրդը բախվել է 80-ականներին՝ ինչպես Սումգայիթում ու Բաքվում, այնպես էլ՝ Արցախում»,- նշել էինք մեր հարցման մեջ՝ Վահագն Խաչատուրյանից հետաքրքրվելով՝
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Դուք նույնպես Արցախը համարում եք Ադրբեջանի մաս։
– Ինչպե՞ս եք պատկերացնում արցախահայության ճակատագիրը Ձեր աջակցությունից, ՀՀ կառավարության փաստաթղթային համաձայնեցումից ու այս գործընթացներին առերեսումից հետո,
– Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցի առիթով Ձեր ուղերձում Դուք նշել էիք. «Այսօր, ներկայիս դժվարին ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանում, մեր բոլորիս պարտքն է արժանվույնս գնահատել մեր նահատակների զոհաբերությունը և գիտակցել, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն մեր ժողովրդի ապրելու աներկբա իրավունքի և հանուն խաղաղության, որի համար մենք պայքարում ենք նաև հիմա»։
Բոլորս գիտենք, որ այդ նահատակները զոհաբերվել են հանուն Արցախի, հանուն հայրենապահպանության. ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք «արժանվույն գնահատել»-ը չի ենթադրում նախևառաջ թշնամուն չթողնել այն հայրենիքը, որի համար ընկել են նրանք»:
Շուրջ երկու շաբաթ անց մեր հարցադրումներին ի պատասխան՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հարկ էին համարել միայն նշել.
«Հանրապետության նախագահի հրապարակային հայտարարությունները, ելույթները, ուղերձները, տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումներն ու մոտեցումները առկա են նախագահի պաշտոնական կայքում, հասանելի են և հավելյալ մեկնաբանության կարիք չունեն:
Վերջիններիս բովանդակության վերաբերյալ Ձեր անձնական գնահատականներն ու արձանագրումները Հանրապետության նախագահի աշխատակազմը չի մեկնաբանում»:
Նկատենք, որ իրականում մենք նախագահականին դիմել էինք ոչ թե Վահագն Խաչատուրյանի հայտարարությունների մեկնաբանության, այլ դրանց պարզաբանման խնդրանքով, քանի որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունները, մեղմ ասած, ոչ միանշանակ ընկալումների տեղիք են տվել՝ հատկապես արցախահայության համար ներկայիս ճակատագրական ժամանակներում։
Նախագահականի այս՝ առաջին հայացքից ոչինչ չասող պատասխանն այսպիսով, անուղղակի հաստատում է այն, որ այդ պատասխանը գրողներն իրենք էլ գիտակցում են Վահագն Խաչատուրյանի հայտարարությունների վտանգավորությունը՝ բովանդակ պատասխանից խուսափելով «մեկնաբանության կարիք չունեն» մեկնաբանելի ձևակերպմամբ։