Նիկոլ Փաշինյանի մանր խորամանկությունները

Բյուջեի հարկային եկամուտների մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է պատմական ակնարկներ անում, հայտարարում, թե այս տարվա առաջին 4 ամիսներին պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտ է մուտքագրվել, քան առանձին վերցրած՝ 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականներին ամբողջ տարվա ընթացքում և մոտավորապես այնքան, որքան 2011 թվականի արդյունքներով. «Կրկնում եմ՝ համեմատությունն այս տարվա առաջին չորս ամիսների և վերը հիշատակված տարիների ամբողջական տվյալների մասին է»։

Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է հնչեցնում։ Բայց ոչ մի անգամ չի ասում, թե ո՞րն է եղել հարկային եկամուտների աճի պատճառը, դրա և տնտեսական արձանագրվող աճերի վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել, ասենք՝ դրսից եկող մասնավոր տրանսֆերտները, տարեսկզբի չորս ամիսներին միայն բանկային խողովակով ինչքա՞ն գումար է մտել Հայաստան, այն ի՞նչ դեր է ունեցել արձանագրվող տնտեսական աճի ու բյուջեի եկամուտների ավելացման գործում։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը չի խոսում, որովհետև դուրս կգա, որ այդ աճերը կառավարության հետ կապ չունեն, հանգամանքների բերումով է այդպես ստացվել։

Նախորդ տարվանից Հայաստանը գտնվում է դրսից ստացվող ֆինանսական մեծ հոսքերի ճնշման տակ։ Հայտնի գործոնների արդյունքում՝ հսկայական գումարներ են գալիս, որոնք իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ բյուջեի եկամուտների ավելացման վրա։

Կարդացեք նաև

Տարեսկզբի միայն չորս ամիսներին 2 մլրդ դոլարից ավելի տրանսֆերտներ են եկել Հայաստան։

Նույն տրամաբանությամբ, ինչպես հարկային եկամուտների պարագայում, առաջնորդվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը պիտի ասեր, որ սա պատմական ռեկորդ է, երբևէ չորս ամսում դրսից այսքան գումար չէր մտել Հայաստան, այն երեք անգամ ավելի է 2004թ. ամբողջ տարվա ընթացքում դրսից ստացված մասնավոր փոխանցումներից, կրկնակի ավելի, քան 2005թ., անհամեմատ ավելի, քան ստացվել էր 2006թ., ավելի շատ, քան 2007, 2009, 2010, 2011, 2015, 2016, 2018, 2019, 2020 թվականներին ամբողջ տարվա ընթացքում՝ առանձին-առանձին վերցրած, գրեթե այնքան, որքան 2012, 2013, 2014, 2021 թվականներին, դարձյալ ամբողջ տարվա ընթացքում։

Բայց Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, այսպիսի բան չի ասում, փոխարենը՝ չի դադարում կրկնել, որ այս տարվա չորս ամիսներին այնքան հարկեր են հավաքվել, որքան 2000-ականներին՝ ամբողջ տարվա ընթացքում։

Տարեսկզբի չորս ամիսներին մասնավոր ֆինանսական փոխանցումները Հայաստան կազմել են 2 մլրդ 45 մլն դոլար։ Անցած տարվա նույն ամիսներին ստացվել էր 860 միլիոն։

Այս տարի մասնավոր տրանսֆերտները գրեթե 2,4 անգամով ավելացել են։

Ավելացել են՝ գերազանցապես Ռուսաստանից կատարված փոխանցումների հաշվին։ Այդ գումարները շրջանառվում են Հայաստանի բանկային համակարգում և բարձր շահույթներ ապահովում բանկերի համար, նաև եկամուտներ պետական բյուջեի համար՝ շահութահարկի տեսքով։

Գումարների մի մասն էլ կոմերցիոն նպատակներով են և սպասարկում են այն հսկայական ապրանքային շրջանառությունները, որոնք վերջին մեկ տարում տեսնում ենք արտաքին առևտրային հոսքերի պարագայում։

Սրանք գումարներ են, որոնք լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների վրա։

Միայն այն, որ ռուսական գործոնի ազդեցությունը Հայաստանի տնտեսական աճի վրա, տարբեր գնահատումներով, հասնում է ընդհուպ 7 տոկոսային կետի՝ անցած տարվա 12,6 տոկոսի մեջ, բավարար է դա պատկերացնելու համար։ Այս տարվա սկզբին այդ ազդեցությունը շատ ավելի մեծ է։

Ռուսաստանից տարեսկզբի չորս ամիսներին, միայն բանկային համակարգի միջոցով, ստացվել է ավելի քան 1,5 մլրդ դոլար։

Սա ընդհանուր հոսքերի ավելի քան 75 տոկոսն է։ Ռուսական տրանսֆերտները 3,7 անգամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։

Նախորդ տարվա չորս ամսում ստացվել էր ընդամենը 413 մլն դոլար։ Բայց այն ժամանակ դեռ չէր սկսվել ֆինանսական հոսքերի այն հսկայական տեղաշարժը, որը նկատվեց հատկապես մայիսից, իհարկե, ապրիլին էլ որոշ դրսևորումներ կային։ Թերևս, պատահական չէ, որ աստիճանաբար սկսել է նկատվել տրանսֆերտային հոսքերի աճի տեմպի դանդաղում։

Եթե այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, Ռուսաստանից ստացված գումարները 5,1 անգամով էին գերազանցում նախորդ տարվա մակարդակը, ապա արդեն չորս ամսվա արդյունքներով՝ այն իջել է 3,7-ի։

Ապրիլին տարբերությունը շատ ավելի քիչ է, կրկնակիից նույնիսկ պակաս։

Այս տարվա ապրիլին Ռուսաստանից ստացվել է 326 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից ավելի է 153 միլիոնով։

Աճը կազմել է 87 տոկոս։ Այն դեպքում, երբ մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, Ռուսաստանից ստացվող տրանսֆերտային գումարների աճն անցնում էր 2,9 անգամից, իսկ փետրվարին՝ գերազանցում էր 7 անգամը։

Ընդհանուր տրանսֆերտային հոսքերի առումով աճի տեմպի անկումն ապրիլին ավելի մեծ է։ Այլևս չկան այն կրկնակի-եռակի կամ քառակի աճերը, որոնք մի պահ արձանագրվում էին։

Ապրիլին ընդհանուր առմամբ տրանսֆերտային հոսքերը կազմել են 462 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից ավելի է 163 միլիոնով կամ գրեթե 55 տոկոսով։

Առաջիկայում սպասվում է, որ մասնավոր տրանսֆերտների հոսքերի աճը շատ ավելի մեծ տեմպով կընկնի։ Դա կտեսնենք արդեն մայիսի մուտքերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական հոսքերի ակտիվությունը դեպի Հայաստան առավել առարկայական արտահայտվեց հատկապես այդ ամսից սկսած։ Անցած տարվա մայիսին ստացվեց 412 մլն դոլար, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում էր նախորդ տարվա նույն ամսվա մուտքերը։ Դրան հաջորդող շրջանում հոսքերն ավելի արագացան։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով այս հատվածից 5,2 մլրդ դոլար մտավ Հայաստան՝ գրեթե 2,5 անգամով գերազանցելով նախորդ տարվա մակարդակը։

Ֆինանսական այդ ակտիվությունը, որն էլ էական դեր է ունենում՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի հարկային եկամուտների ավելացման վրա, պահպանվում է նաև այս տարվա սկզբին։ Սակայն այն գնալով կորցնում է աճի հսկայական տեմպը, որն արձանագրվեց անցած տարի և այս տարվա սկզբին, ու դրա ազդեցություն շուտով կտեսնենք՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հարկային եկամուտների ցուցանիշներում։

Քանի դեռ այդ ազդեցությունը չի դրսևորվել, Նիկոլ Փաշինյանը շտապում է մանր խորամանկություններով գովազդել կառավարության «ձեռքբերումները», որոնք իրականում քիչ աղերսներ ունեն կառավարության աշխատանքի հետ։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս