Ամենուրեք հարկային բեռ են ավելացնում, տուրքեր են դնում, տույժերն ու տուգանքներն են բարձրացնում, այնտեղ, որտեղ ժամանակին արտոնություններ են սահմանված եղել՝ տնտեսական խթաններ ստեղծելու համար, կրճատում ու վերացնում են։ Մի նպատակ ունեն, որքան հնարավոր է՝ շատ փող ունենան ձեռքի տակ՝ բյուջեի հաշվին իրենց ճոխություններ թույլ տալու, իրենց կարիքներն ուզածի չափ բավարարելու համար։
Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների սեփականատերերի փոխարեն՝ բյուջեի հարկային եկամուտների 3,1 տոկոսը կառավարությունը տալու է բանկերին՝ եկամտային հարկի սպասարկման նպատակով։ Սա է պատճառը, որ բանկերն այդքան հետաքրքրված են այս ծրագրով և հանդիսանում են ծրագրի առանցքային շահառուներից մեկը։ Պետական բյուջեի հաշվին հսկայական գումարներ են մտնում բանկեր, որոնք ամբողջությամբ ապահովագրված են կորուստներից։ Ու այդպես՝ ոչ թե մեկ կամ երկու, այլ՝ տասնյակ տարիներ։
Ֆինանսական այդ ակտիվությունը, որն էլ էական դեր է ունենում՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի հարկային եկամուտների ավելացման վրա, պահպանվում է նաև այս տարվա սկզբին։ Սակայն այն գնալով կորցնում է աճի հսկայական տեմպը, որն արձանագրվեց անցած տարի և այս տարվա սկզբին, ու դրա ազդեցություն շուտով կտեսնենք՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հարկային եկամուտների ցուցանիշներում։