«Բոլոր դժվարություններից դուրս գալու միակ ելքը միասնականությունն է». Անի Բալուղյան

Չնայած տոտալ շրջափակմանը, Արցախի Հանրապետությունում ապրող 120 հազար խաղաղ բնակչությունը հույսը չի կորցնում, որ մի օր տարիներ շարունակ ազատության համար մղած պայքարը հասնելու է իր հանգրվանին։ Արցախում այժմ շարժիչ ուժը համարում են երիտասարդությանը, որն իր խոսքն ասել է տարբեր հանրահավաքների ու շարժումների միջոցով, որոնք կազմակերպվել են շրջափակված Արցախում։  Նման շարժումներից մեկը՝ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը», նույնպես ուղղված էր արցախահայության  խաղաղ ու ազատ ապրելու օգտին և ընդդեմ ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, որն իրականացվում է Արցախի նկատմամբ։

168.amհետ զրույցում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման կազմակերպիչներից Անի Բալուղյանն ասաց, որ ստորագրահավաքի առաջարկով դիմել են տարբեր կառույցների և սպասում են արձագանքի։ Եվ անկախ այդ արձագանքից, առաջին հերթին՝ հայրենիքի փրկությունը կախված է հայ ազգից և նրա միասնականությունից։

«Հայրենիքի վերաբերյալ հարցերում բոլորը միասնական պետք է լինեն, ճիշտ է, հիմնական շարժիչ ուժը երիտասարդությունն է, բայց տարեցները պետք է նրանց թիկունքին լինեն։

Հիմա չենք կարող ստեղծված այս իրավիճակը համեմատել 1988 թվականին ստեղծված իրավիճակի հետ։ 1988 թվականին Ադրբեջանն այդքան զարգացած չէր, ամեն ինչ այսքան զարգացած չէր՝ տեխնիկան, զինտեխնիկան և այլն։ Սակայն այն ժամանակ Հայաստանից նման հայացքներ չկային դեպի Արցախ, բոլորս էլ գիտենք, որ այսօր Հայաստանում կա մի հատված, որն այլ վերաբերմունք ունի, ինչը գալիս է ՀՀ ներկայիս իշխանությունից։ Հետևաբար, մենք դա կապում ենք ոչ թե ամբողջ հայաստանցիների, այլ իշխանության հետ։ Այն ժամանակ Արցախի կարծիքը հաշվի էին առնում, իսկ հիմա առանց հաշվի առնելու՝ ՀՀ իշխանությունը գնում ու որոշումներ է  կայացնում»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ երբ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման համար ստորագրահավաք էին սկսել, մարդիկ սկզբում չէին հավատում, հատկապես տարեցները, սակայն ստորագրել են, քանի որ իրենց հույսը երբեք չեն կորցնում։

«Մարդիկ կային, որ ասում էին՝ պատրաստ ենք հազարավոր այսպիսի թղթեր ստորագրել, միայն թե Արցախում վիճակը նախկինի նման լինի:

Ինքս հավատում եմ Արցախի լավ ապագային, թեպետ պահեր են լինում, որ ինքս էլ մի քիչ հիասթափվում եմ, չեմ հավատում, բայց դա մի պահ, հետո հավատս վերականգնվում է։ Եթե բոլորը միասին լինեն, ամեն ինչ մի կողմ դնեն, բոլորս պիտի մի ուղղությամբ  շարժվենք։ Բոլոր դժվարություններից դուրս գալու միակ ելքը միասնականությունն է»,- շեշտեց երիտասարդ աղջիկը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը լավագույնս ուսումնասիրում են աշխարհի տարբեր երկրների փորձը, թե ինչպես են առաջ գնում, հաղթանակ տանում պատերազմներում, և վերցնում են այդ փորձը։

«Իսկ մենք մի քիչ թերագնահատել ենք մեր թշնամուն։ Գիտե՞ք՝ մեր մեծագույն խնդիրը որն է, որ մենք միմյանց հետ չենք կարողանում հաշտ ապրել, մեկս մյուսի հետ վատ ենք վերաբերվում, եթե այս ամենը մեր միջից վերացնենք, արտաքին թշնամին ի՞նչ է, որ չկարողանանք հաղթել, բայց մինչ այդ՝ այս պահին մենք մեր ներսում շատ անելիքներ ունենք»,- եզրափակեց Անի Բալուղյանը։

Տեսանյութեր

Լրահոս