Բաժիններ՝

Իվանիշվիլիի երկնաքերերի հարկերի քանակը կրճատվել է

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Կոստավայում, նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մերձակայքում (Հերոսների հրապարակ) «Քարթու» հիմնադրամի նախագծած երկնաքերերի կառուցման թարմացված ծրագիրը հունիսի 6-ին ներկայացվել է Թբիլիսիի քաղաքապետարան: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Թարմացված փաստաթղթրի համաձայն, ուղղություններից մեկը, որով ընկերությունը փոփոխություններ է կատարել նախագծում, երկնաքերերի հարկերի քանակն է։ Եթե ​​սկզբնական նախագծով նախատեսվում էր կառուցել առավելագույնը 65 հարկ ունեցող երկնաքերեր, ապա թարմացված տարբերակում հարկերի առավելագույն բարձրությունը կրճատվել է 13 հարկով՝ հասնելով 52-ի։

Այս դեպքում ևս ընկերությունը խնդրում է փոխել գործող ֆունկցիոնալ գոտին: Ըստ ներկայացված նախագծի՝ գործող 2-րդ հանգստի գոտին կփոխարինվի հասարակական-գործարար գոտիով:

Այնուամենայնիվ, «Լագունա Վերե»-ի տարածքի և լողավազանի վերաբերյալ նոր վերբեռնված տեղեկատվության մեջ էական փոփոխություններ չկան: Կա տարբերություն հին և նոր վիզուալի միջև. նոր լուսանկարները ցույց են տալիս վերականգնված լողավազան:

Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը նախատեսում էր 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել Թբիլիսիի նախկին «Մետաքսի գործարան»-ի տեղում՝ «Լագունա Վերե»-ի և «Հերոսների հուշարձան»-ի միջև։

Խոստացված կառույցի մասին տեղեկությունը տարածել էր Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն` վերնագրելով այսպես. «Բիձինայի նվերը թբիլիսցիներին»:

«Քաղաքաշինության ինստիտուտ» կազմակերպությունն արձագանքել է «Լագունա Վերե»-ի շրջակայքում նախատեսված շինարարությանը։ Կազմակերպության կարծիքով, նախագիծը տարածքին անհամապատասխան է, ավելին՝ Թբիլիսիում դժվար է գտնել այնպիսի վայր, որը կարող է հարմար լինել այդ մասշտաբի ու բարձրության կառույցի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս