«Նման գործառույթը մեզ թողնելու է առանց սպա». Հրաչյա Պետրոսյանցը՝ պայմանագրայինների ատեստավորման նոր կարգի մասին

Հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում հավանության է արժանացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Գործընթացի շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն՝ կներդրվի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման արդյունքներով հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները նույն պաշտոնում ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որ այս ճանապարհով ավելացնելու է պայմանագրային ծառայության գրավչությունը, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցն այս ամենի վերաբերյալ այլ կարծիք ունի:

«Իհարկե, որոշ հստակեցումների կարիք կա, մասնավորապես, սպայակազմի հետ կապված: Սակայն ցանկացած դեպքում, եթե սպաները նույնպես օգտվում են այդ իրավունքից, ապա մոտ ապագայում ունենալու ենք առանց սպա բանակ։ Շատ ավելի շուտ կհայտնվենք առանց սպա բանակ ունենալու վտանգի առաջ, եթե սպայական կազմը չօգտվի այս հնարավորությունից։ Այսինքն, մի դեպքում՝ ուշ, մյուս դեպքում՝ շուտ մնալու ենք առանց սպայական կազմի, թե ինչու՝ չեմ ցանկանում ասել, որ չօգնեմ իրենց, եթե ունեն այդքան տրամաբանություն, իրենք պետք է հասկանան, թե ինչ նկատի ունեմ ես։ Կրկնում եմ՝ նման գործառույթը մեզ թողնելու է առանց սպա»,- 168.am-ի հետ զրույցում առանց փակագծեր բացելու ասաց Հ. Պետրոսյանցը:

Տեսանյութեր

Լրահոս