«Քաղաքացիական հասարակությանն» ասֆալտին փռելու նուրբ արվեստը

«Մարդու վրա թքելն արդարացում չունի»,- նման կարգախոսով կառավարության գլխավոր մուտքի մոտ գետնին պառկելու միջոցով իր բողոքն է արտահայտել իրեն որպես իրավապաշտպան ներկայացնող Վարդգես Գասպարին:

Նրա բողոքը, իհարկե, արդարացի է, մարդու վրա թքելը՝ թքողի մարդ լինելու հանգամանքը մեջբերելով՝ կարող է արդարացնել միայն Նիկոլ Փաշինյանը, ում, ի դեպ, կարծես Գասպարին պաշտում է մոտավորապես այնքան, որքան ասֆալտը։

Իհարկե, ասֆալտի հանդեպ նրա սերը, ըստ ամենայնի, սեզոնային է և պայմանավորված է դրա ջերմությամբ։ Հակառակ դեպքում ապրիլի սկզբին տեղի ունեցած պառլամենտական թքարձակման առիթով Գասպարին իրեն ասֆալտին պետք է հանձներ դեռ երկու ամիս առաջ։

Կարդացեք նաև

Բայց խնդիրը Գասպարիի անձը չէ, այլ նրա՝ պայքարի իմիտացիայի կեղտոտ նպատակադրումները։ Որպես իրավապաշտպան հանդես եկող սույն անձը որևէ մակերեսի վրա չի պառկում, երբ, օրինակ, կարմիր բերետավորները՝ Նիկոլ Փաշինյանի բառապաշարով, «ասֆալտին են փռում» արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերին։

Իրական իրավապաշտպանն ու պաշտպանությունը գետնափռմամբ իրացնողը կշտապեր Եռաբլուր ու առնվազն կպառկեր որդեկորույս մայրերի կողքին՝ նրանց հետ կիսելով ոստիկանական հարվածների ցավը։ Բայց Գասպարին սիրում է ոչ թե Եռաբլուրի, այլ հատկապես Հանրապետության հրապարակի ասֆալտը։ Նրան չի հրապուրում անգամ դատարանների բակի ծածկույթը, այլապես Գասպարին նման ակցիա կիրականացներ նաև այն ժամանակ, երբ դատարանը կալանավորման, ապա կալանավորման երկարացման որոշում էր կայացնում զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի վերաբերյալ։ Ավելին, Գասպարին ոչ միայն դատարանների բակում չէր, այլ սոցցանցերում ակտիվորեն պաշտպանում էր «առևանգված» Աշոտ Փաշինյանի իրավունքները։

Գասպարին որևէ տեղ չպառկեց ի նշան բողոքի, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց հղի կնոջ: Կինը մահացավ, և որևէ մեկը չպատժվեց:

Մի խոսքով, այս իրավապաշտպանի գործունեության դրդապատճառը ոչ թե մարդու իրավունքներն են ու դրանց՝ անվերապահ պաշտպանության առաքելությունը, այլ իշխանական կոնյունկտուրան։ Հետևաբար՝ պետք չէ բացառել, որ կառավարության դիմաց Գասպարին ոչ թե պառկել է, այլ նրան պառկացրել են՝ բառի ոչ թե ֆիզիկական, այլ պատվեր իջեցնելու իմաստով։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս հանրային կառավարման գրեթե բոլոր ենթահամակարգերի, դեգրադացրել է նաև քաղաքացիական հասարակություն կոչված խավին, որի ներկայացուցիչների զգալի մասը դարձել է նրա իշխանության անխոնջ պաշտպանը։

Նիկոլ Փաշինյանին,  սակայն, Հայաստանում քաղաքացիական հասարակության աղճատումը չէ, որ հուզում է։ Բանն այն է, որ  նրանք իշխանության հետ սերտաճել են այնքան ու այնպես, որ նույնիսկ իրենց սիրելի միջազգային հանրությունն է՝ անգամ չցանկանալով տեսնում, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն այլևս վերածվել է Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ոչ զինված ստորաբաժանման։ Իսկ դա նշանակում է, որ ապագա զեկույցներում, կրկին չուզենալով, զեկուցագիրները կարող են ստիպված լինել արձանագրել Հայաստանում քաղաքացիական հասարակության կլինիկական մահը՝ դրանից բխող վարկանիշային հետևանքներով։

Բացառված չէ, որ հենց այդ նպատակով է Նիկոլ Փաշինյանը հորդորել Գասպարիին պառկել սեփական աշխատավայրի դիմացի ասֆալտին։ Այն և՛ բավականաչափ տաք է, և՛ անպատկերացնելի մոտ նրան, ում իրավունքներն այդքան թանկ են Վարդգես Գասպարիի համար։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանին ամենևին չի խանգարի, որ իր կամակատարներից առանձնանալ փորձող Ալեն Սիմոնյանի ուղղությամբ ևս մեկ անգամ թքեն․․․ ներողություն, պառկեն գետնին։

Հ․ Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս