ԿԲ քաղաքականությունը թեև դեր խաղաց գնաճը զսպելու տեսանկյունից, սակայն հարված հասցրեց տնտեսության արտահանելի հատվածին. տնտեսագետ
Տնտեսագետ Վարդան Ալեքսանյանի գնահատմամբ՝ սպառողական շուկայում գնաճը և վերջին շրջանում նկատվող գնանկումը պայմանավորված են՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին գործոններով:
Նկատենք՝ Վիճակագրական կոմիտեն օրերս ներկայացրել է սպառողական գների փոփոխությունները. կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2023թ. հունվար-մայիսին սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մայիսը՝ 2022թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.3 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.8 տոկոս գնանկում:
«Համաշխարհային շուկաներում ևս արձանագրվում են գների անկման միտումներ: Հետաքրքրակական է այն հանգամանքը, որ, օրինակ, ՌԴ-ում, որը պատերազմող երկիր է, ավելի ցածր է գնաճը (ապրիլը՝ ապրիլի նկատմամբ ցուցանիշի դեպքում, օրինակ), քան ՀՀ-ում:
Այսօր, երբ խոսվում է ռուս-ուկրաինական հակամարտության մասին, արդյո՞ք ՌԴ տնտեսությունը կդիմակայի, թե՞ ոչ, այդուհանդերձ, ի զարմանս բազմաթիվ փորձագետների և տնտեսագետների՝ կա գնանկման ամենաբարձր ցուցանիշը (գնաճի ամենացածր ցուցանիշը) ԵԱՏՄ տարածքում»,- նշեց տնտեսագետը՝ վերլուծելով սպառողական շուկայում գների անկման միջազգային գործոնները:
Ներքին գործոններից Վարդան Ալեքսանյանն առանձնացրեց ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությունը, դրամի արժևորումը:
«Գիտենք, որ ՀՀ ԿԲ-ն անընդհատ բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը (շուրջ 10.75 տոկոս է), որը, անշուշտ, դեր խաղաց գնաճը զսպելու տեսանկյունից, սակայն լրջագույն հարված հասցրեց ՀՀ տնտեսության արտահանելի հատվածին: Օրինակ, եթե մենք նայում ենք արդյունաբերության աճերը, ամեն ինչ պարզ է դառնում. արդյունաբերությունը զրոյական աճեր է արձանագրում, կրճատվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և այլն»,- նշեց նա՝ նկատելով, որ ԿԲ վարած քաղաքականության մասին է վկայում նաև մանրածախ առևտրի ծավալների համեստ աճը:
Անդրադառնալով արժևորվող դրամի գործոնին՝ տնտեսագետը շեշտեց, դրամի արժևորմամբ տեղի է ունենում ներկրված ապրանքների գների որոշակի անկում:
Ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճը Վարդան Ալեքսանյանը պայմանավորեց հիմնականում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների գրանցման թվաքանակի կտրուկ աճով:
«Ամեն դեպքում, տասնյակ-հազարավոր բարձր որակավորում ունեցող մասնագետների ներհոսք է, որոնք հիմնականում ծառայությունների շուկայում եղանակ ստեղծեցին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, վիճակագրական կոմիտեն մանրամասնել էր. «2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 2.1 տոկոս, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1 տոկոս գնանկում:
2023թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 13.09 տոկոս: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.17 տոկոսային կետով:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9 տոկոս գնանկում: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9 տոկոս և 21.3 տոկոս անկում»,:
Տեղեկանում ենք նաև, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-0.3 տոկոսով, իսկ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում:
2023թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են 1.8 տոկոս և 0.3 տոկոսով (ՀՀ դրամն արժևորվել է): 2023թ. մայիսին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.9 տոկոս և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.0 տոկոս նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 6.0 տոկոս հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.9 տոկոս նվազում: 2023թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 386.6 դրամ, ինչը 15.3 տոկոսով ցածր է 2022թ. մայիսի համապատասխան ցուցանիշից (456.5 դրամ):