Եթե անձը կարմրուկի դեմ երկու պատվաստում է ստացել, ապա նորից պատվաստվելու կարիք չկա. Համաճարակաբան

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է: Դեպքերը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են մոտ 80%-ով. միտումը շարունակվում է նաև այսօր: Կարմրուկի դեպքեր գրանցվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Համաճարակային իրավիճակն անհանգիստ է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:

Վերջին 12 ամսում, ԱՀԿ-ի փոխանցմամբ, կարմրուկով վարակվելու ամենաշատ դեպքերը գրանցվել են Տաջիկստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, իսկ Ավստրիայում, Սերբիայում, Մեծ Բրիտանիայում, Ուզբեկստանում դեպքերի աճ գրանցվել է 2023 թվականի սկզբից:

Կարմրուկի տարածումը, ի դեպ, բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսի ժամանակ բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել այս վիրուսային խիստ վարակիչ հիվանդության դեմ:

Հայաստանում ևս կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մարտի 3-ից մինչ օրս գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 209 դեպք, որոնցից 8-ը վերջին օրերին ճանապարհորդությունից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են, ովքեր հիվանդացել են հենց շրջագայության ընթացքում, ուստի նախարարությունը հորդորում է, որ հանգստի մեկնելուց առաջ բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն կամ թերի են պատվաստված կարմրուկի դեմ, ինչպես նաև նախկինում չեն հիվանդացել, խորհուրդ է տրվում մեկնելուց առնվազն 10 օր առաջ պատվաստվել կարմրուկի դեմ:

Կարդացեք նաև

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանից հետաքրքրվեցինք՝  եթե մարդը փոքր տարիքում պատվաստվել է, մեծ տարիքում կարմրուկով վարակվել, արտերկիր հանգստի գնալիս պե՞տք է պատվաստվի, թե՞ չի վարակվի:

«Եթե անձը երկու պատվաստում է  ստացել կամ լաբորատոր հաստատված կարմրուկ է ախտորոշվել, ուրեմն նորից պատվաստվելու կարիք չկա, իսկ եթե մեկ անգամ է պատվաստվել և կարմրուկն էլ լաբորատոր հաստատված չէ, ուրեմն ավելի լավ կլինի պատվաստվի, որպեսզի չվարակվի»,- նշեց համաճարակաբանը:

Մերի Տեր-Ստեփանյանը հիշեցրեց՝ ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ և խոզուկ) պատվաստանյութի համար ազգային օրացույցում տարիք կա: ԿԿԽ-ի առաջին պատվաստումը երեխաները պետք է ստանան մեկ տարեկան հասակում (12 ամսականում), իսկ երկրորդը` դպրոց ընդունվելուց առաջ, 4-6 տարեկանում։

«4-6 տարիքային խումբը, ովքեր չունեն երկրորդ դեղաչափ, հորդորում եմ հնարավորինս շուտ ապահովել երկրորդ դեղաչափը, որովհետև երեխաները պաշտպանված են միայն երկու դեղաչափ ստանալուց հետո: Եթե խոսենք մեծահասակների մասին, ապա պատվաստելիս առաջնահերթությունը տրվում է կոնտակտավորներին, մարդկանց, ովքեր շփվել են կարմրուկով հիվանդների հետ: Կարմրուկով հիվանդը վարակիչ է ցանի ի հայտ գալուց 4 օր առաջ և 4 օր հետո: Եթե շփվել են կարմրուկով հիվանդի հետ, ապա մարդն ունի 72 ժամ՝ հետկոնտակտային կանխարգելման համար: 72 ժամվա ընթացքում, եթե չունի նախորդ երկու դեղաչափերը, նոր ստանում է պատվաստումը, որն ապահովում է հետագա վարակից: Ցանավորումն ի հայտ է գալիս մի փոքր ավելի ուշ: Գաղտնի շրջանը տևում է 7-21 օր, 21 օր տևում է այն դեպքում, երբ ունեն մեկ դեղաչափ պատվաստում: Միջին գաղտնի շրջանը 10-14 օր է»,- նշեց համաճարակաբանը:

Հավելենք, որ կա համապատասխան կայքէջ և որևէ երկիր մեկնելուց առաջ կարող եք ստուգել, թե կարմրուկով վարակվածների թիվն այդտեղ բա՞րձր է, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս