Ի՞նչ որոշում է կայացրել ՍԴ-ն Հայկ Մամիջանյանի գործով

Այս տարվա մայիսի 30-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում կայացրեց «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ այնքանով, որքանով չի նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով:

Դիմումի քննությանը, որն ընթացել է գրավոր ընթացակարգով, մասնակցել են ՍԴ դատավորներ Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանը, Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը, Երվանդ Խունդկարյանը, Հովակիմ Հովակիմյանը, Էդգար Շաթիրյանը, Սեդա Սաֆարյանը, Արթուր Վաղարշյանը:

Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչներն այս գործով փաստաբաններ Սլավիկ Պողոսյանն ու Արտակ Նավասարդյանն էին:

168.am-ի հետ զրույցում Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչ Սլավիկ Պողոսյանը նշեց՝ քրեական գործը, որով Հայկ Մամիջանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել, արդեն իսկ կարճված է, իսկ խափանման միջոցը՝ վերացված: Քրեական գործը վերաբերել է 11 անձի և հարուցված է եղել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատասխանատվություն էր նախատեսում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար։ Նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջիններիս արարքներում հանցակազմ չլինելու հիմքով։

Կարդացեք նաև

«Քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը ընդհանուր առմամբ բավարարել է Հայկ Մամիջանյանի անունից ներկայացված միջնորդությունները և թույլատրել վերջինիս որոշակի ժամանակահատվածներում բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Միայն մեկ անգամ է վարույթն իրականացնող մարմինը մերժել Հայկ Մամիջանյանին երկրից բացակայելու վերաբերյալ թույլտվություն տալ։ Սակայն, խնդիրը ոչ այնքան երկրից բացակայելու թույլտվություն տալու կամ չտալու մեջ էր, որքան խափանման միջոցի պահպանման անհրաժեշտության բացակայության։ Միևնույն ժամանակ, երբ Հայկ Մամիջանյանը պատգամավոր դարձավ, ընտրվեց նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ինչով պայմանավորված առավել հաճախ պետք է երկրից դուրս գար, ստիպված էինք անդադար դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրից ելքի թույլտվություններ ստանալու համար: Կարող եմ նշել, որ քրեական գործի նյութերի մեջ բավականին մեծ ծավալ են զբաղեցնում երկրից բացակայելու թույլտվություն տալու մասին մեր կողմից ներկայացված միջնորդությունները և դրանց վերաբերյալ քննիչի կայացրած որոշումները։ Այդ իսկ պատճառով միջնորդություն ներկայացրեցինք վարույթն իրականացնող մարմնին՝ Հայկ Մամիջանյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Խափանման միջոցը չվերացվեց, և սկսվեց երկարատև իրավական պայքարը»,- ասաց Սլավիկ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ տարբեր ատյանի դատարանները մերժում էին իրենց բողոքները՝ այն հիմնավորմամբ, թե բողոքարկվող որոշումները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն։

«Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վարույթ չընդունեց, սակայն մեկ այլ գործով դիրքորոշում էր հայտնել, որ միայն ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրությունը չի սահմանափակում անձի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ այլ հարց է, երբ անձը դիմում է վարույթն իրականացնող մարմնին, սակայն վերջինս թույլ չի տալիս երկրից դուրս գալ, կամ մեղադրյալն ունի իրական շահագրգռվածություն լքելու իր մշտական բնակության վայրը»,- ասաց Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչը:

Ըստ ներկայացուցչի՝ իրենք ունեին երկու ճանապարհ՝ դիմել ՀՀ սահմանադրական դատարան կամ Եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Որոշեցին սկզբից դիմել ՀՀ սահմանադրական դատարան, իսկ հաջողության չհասնելու դեպքում՝ նոր միայն Եվրոպական դատարան։

Ըստ նրա՝ Եվրոպական դատարանը «Անտոնենկովը և մյուսներն ընդդեմ Ուկրաինայի» գործով հստակ արձանագրել է՝ միայն այն հանգամանքը, որ դիմումատուները, յուրաքանչյուր անգամ, երբ ցանկանում էին այլ տեղանք մեկնել, պարտավոր էին իրենց մշտական բնակության վայրը լքելու թույլտվություն հայցեին վարույթն իրականացնող մարմնից, վկայում է անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման մասին։ Միևնույն ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բուլեան ընդդեմ Ռումինիայի» գործով կայացված վճռով այն իրավական դիրքորոշումն է արտահայտել, որ իշխանությունները պարտավոր են ապահովել, որ անհատի՝ իր երկիրը լքելու իրավունքի ցանկացած սահմանափակում, ի սկզբանե և դրա ողջ ընթացքում, լինի հիմնավորված և համաչափ, ընդ որում՝ այդ գնահատականը պետք է վերանայման ենթակա լինի դատարանների կողմից։

«Մենք սահմանադրական դատարան ներկայացված դիմումում նշել էինք, որ նախկին ՀՀ քրեական դատավարության 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դրույթները համարում ենք սահմանադրական, սակայն, իրավակիրառական պրակտիկայում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա դիտարկելու կապակցությամբ դրանց տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը, մեր գնահատմամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի էությանը։ Ըստ այդմ, Բարձր դատարանից խնդրել էինք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասահմանադրական ճանաչելու, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթներն իր մեկնաբանությամբ ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ կգտնի, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սահմանի, որ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»,- ՍԴ ներկայացված դիմումի ընթացակարգային առանձնահատկությունները ներկայացրեց Սլավիկ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն, ըստ էության, համաձայնել է իրենց դիրքորոշումների հետ և բավարարել իրենց խնդրանքը:

«Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Հայկ Մամիջանյանի նկատմամբ կայացված դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման։ Գործի նոր քննություն ընթացքում ըստ էության քննարկման առարկա պետք է դառնա ստորագրություն չհեռանալու խափանման միջոցի կիրառման/չվերացման իրավաչափության հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ Հայկ Մամիջանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ վերացվել, դատարանից խնդրելու ենք արձանագրել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտման փաստը։ Հուսով ենք, որ այդ իրավունքի խախտման փաստը կարձանագրվի ներպետական դատական ատյաններում, այլ ոչ թե Եվրոպական դատարանում։ Ընդ որում, այդ խախտումն ակնհայտ է մի շարք պատճառներով, որոնց մասին անհրաժեշտության դեպքում կբարձրաձայնենք հետագայում»,- ասաց Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչը:

Սլավիկ Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենց դիմումի առարկան նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավարգավորումներին է առնչվում, իսկ նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ նշված է, որ խափանման միջոց կիրառելու մասին որոշում մինչդատական ակտը ենթակա է դատական բողոքարկման: Ընդ որում, վերջինիս դիրքորոշմամբ, «խափանման միջոց կիրառելու մասին» որոշում հասկացությունը պետք է լայն մեկնաբանվի, ընկալվի նաև՝ խափանման միջոցները վերացնելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ որոշումները։ Միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները շատ կարևոր են և պետք է դրվեն նաև գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների մեկնաբանման և կիրառման հիմքում։

Սահմանադրական դատարանի որոշումը

1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրենքով սահմանված կարգով ենթակա է բողոքարկման դատարան:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Տեսանյութեր

Լրահոս