Ինչպե՞ս հասկանալ՝ արդյո՞ք ձեր դեռահասը թմրանյութ կամ ալկոհոլ օգտագործում է. Դեռահասների տարածված խնդիրները (Մաս 2-րդ)
Դեռահասի դաստիարակությունը բարդ խնդիր է, ուստի պետք է իմանալ, թե ինչ խնդիրների կարող եք հանդիպել ձեր երեխաների՝ դեռահասության տարիքին հասնելու շրջանում:
Դեռահասությունը փոփոխությունների տարիք է։ Դեռահասները խոցելի են, նրանք կարող են վատ սովորություններ ձեռք բերել, որոնք հասուն տարիքում կարող են վերածվել լուրջ խնդիրների: Շատ հաճախ դեռահասները վարքի հետ կապված խնդիրներ են ունենում, և ծնողները ոչինչ չեն կարողանում անել դրա դեմ:
168.am-ը պարբերաբար կներկայացնի՝ ինչ խնդիրների կարող են բախվել դեռահասները, և ինչ պետք է անեն ծնողներն այդ պարագայում:
Ինչպե՞ս հաղթահարել դեռահասության խնդիրները
Դեռահասությունը հեշտ շրջան չէ և՛ երեխաների, և՛ նրանց ծնողների համար։ Պատանեկության մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցը դրանց մասին ամեն ինչ իմանալն ու դրանց պատրաստ լինելն է:
Եվ այսպես՝ որո՞նք են դեռահասների ամենատարածված խնդիրները (սկիզբը՝ այստեղ.)
3. Վարքային փոփոխություններ
Դեռահասին փոթորկող զգացմունքները կարող են նրան մղել իմպուլսիվ վարքի, որն իր հերթին՝ կարող է վնասել՝ ինչպես իրեն, այնպես էլ՝ ուրիշներին: Իմպուլսիվ վարքագիծը բնորոշ է այս տարիքի երեխաներին և շարունակվում է դեռահասության ողջ ընթացքում:
- Պատանեկությունն այն շրջանն է, երբ երեխաները ձգտում են ինքնուրույնության: Նրանք կասկածի տակ են դնում իրենց ծնողների սահմանած կանոնները և անում են այն, ինչ իրենք ճիշտ են համարում։
- Դեռահասների մոտ ինտենսիվորեն զարգանում է ուղեղը. Սա նրանց քմահաճ և համառ է դարձնում:
- Դեռահաս տղաների հորմոնալ փոփոխությունները նրանց մղում են ֆիզիկական բախումների: Նրանք նաև սիրում են բարձր երաժշտություն լսել։
- Ավելի անկախ դառնալու համար դեռահասները ցանկանում են նոր բաներ փորձել և ռիսկի դիմել։ Սա արտահայտվում է անզգույշ պահվածքով։
- Երբեմն հասակակիցների ճնշումը և իրենց ընկերախմբերի կանոններին համապատասխանելու անհրաժեշտությունը դեռահասների մոտ ձևավորում են վատ սովորություններ, որոնք հետո շատ դժվար է փոխել:
- Դեռահասների նորաձևությունը հաճախ փոխվում է. Ձեր դեռահասի հագուստն ու սանրվածքը կարող է ձեր սրտով չլինել:
- Դեռահասության տարիքի ամենավտանգավոր բանն այն է, որ դեռահասը կարող է վատ շրջապատ ընկնել և զարգացնել վտանգավոր սովորություններ:
- Սուտը դեռահասների շրջանում ամենատարածված վարքային խնդիրներից մեկն է: Դեռահասները ստում են ծնողների հետ կոնֆլիկտից խուսափելու համար կամ վախից:
Խորհուրդներ
- Դեռահասների վարքագծի խնդիրները ծնողներին շատ անհարմարություններ են պատճառում: Բայց հիշեք, որ սա ժամանակավոր փուլ է, և դա միանգամայն նորմալ է։
- Դեռահասի վարքագիծը շտկելու համար կարևոր է շահել նրա վստահությունը։ Խոսեք նրա հետ և լսեք նրան: Մի քննադատեք, սա միայն կարող է սրել իրավիճակը:
- Թող ձեր դեռահասն իմանա, որ դուք սիրում եք իրեն այնպիսին, ինչպիսին որ նա կա: Մոտիվացրեք նրան միշտ լինել ինքն իր պես և չհարմարվել ուրիշներին:
- Հիշեք, որ դեռահասը որոշ չափով կախված է իր զգացմունքներից, և հետևաբար՝ ձեր աջակցության կարիքն ունի: Օգնեք նրան. ասեք նրան, պատմեք, թե ինչ եք անում, երբ տխուր եք, զայրացած, երբ ձեր հանդեպ խանդ եք զգում, և այլն: Ձեր հուշումները կօգնեն նրան հաղթահարել իր սեփական էմոցիոնալ խնդիրները:
- Եթե տեսնում եք, որ ձեր երեխան վատ շրջապատ է ընկել, դուք պետք է միջամտեք: Այնուամենայնիվ, հիշեք, որ դեռահասները զգայուն են և կարող են զգայուն լինել նաև քննադատության նկատմամբ:
4. Ծխախոտ, ալկոհոլ և թմրանյութեր
Դեռահասները հեշտությամբ են տրվում վատ ազդեցությունների: Ամբողջ աշխարհում դեռահասների ծնողների ամենամեծ խնդիրը ծխելն է, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը:
- Ամենից հաճախ դեռահասները փորձում են ծխախոտ, ալկոհոլ կամ թմրանյութեր՝ հասակակիցների ճնշման ներքո:
- Ռիսկային վարքագծի նկատմամբ հակումը շատ դեռահասների խրախուսում է ալկոհոլ կամ թմրանյութեր փորձել չափահաս դառնալուց դեռ շատ առաջ:
- «Սուր զգացողությունները», եթե դրանք չդադարեցվեն, կարող են վերածվել վատ սովորության։
- Եթե դեռահասի ծնողներից որևէ մեկը ծխում է կամ ալկոհոլ է օգտագործում, սա կարող է ընդօրինակման առիթ լինել դեռահասի համար:
- Ցածր ինքնագնահատականը կամ «թույն» երևալու ցանկությունը կարող են դեռահասին ստիպել օգտագործել ալկոհոլ կամ թմրանյութեր:
- Եթե դեռահասին ալկոհոլը կամ ծխախոտը հեշտ հասանելի են, նա գայթակղվում է փորձել դրանք։
Խորհուրդներ
- Ուշադիր եղեք Ձեր երեխայի պահվածքի նկատմամբ: Ուշադրություն դարձրեք՝ արդյո՞ք նա կորցրել է ախորժակը, արդյո՞ք լավ է քնում, և արդյո՞ք նրա մոտ տրամադրության կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։
- Մի վերահսկեք կամ հետևեք երեխային և մի մեղադրեք նրան այս կամ այն արարքի մեջ: Խրախուսեք նրան լինել անկեղծ և կիսվել Ձեզ հետ իր մտքերով: Խոսեք նրա հետ իր խնդիրների մասին:
- Եթե երեխան չի ցանկանում խոսել Ձեզ հետ, բժիշկները կարող են նրան մի քանի հարց տալ՝ պարզելու, թե արդյո՞ք նա օգտագործում է ալկոհոլ կամ թմրանյութեր։ Մի ստիպեք Ձեր երեխային թմրամիջոցների հայտնաբերման թեստ անցնել, քանի որ դա կարող է հանգեցնել Ձեր միջև կոնֆլիկտների:
- Ծայրահեղ իրավիճակների դեպքում դիմեք բժշկի օգնությանը:
Շարունակելի:
childdevelop.info կայքից թարգմանեց 168.am-ը