Դեռահասների տարածված խնդիրները (Մաս 1-ին)
Դեռահասի դաստիարակությունը բարդ խնդիր է, ուստի պետք է իմանալ, թե ինչ խնդիրների կարող եք հանդիպել ձեր երեխաների՝ դեռահասության տարիքին հասնելու շրջանում:
Դեռահասությունը փոփոխությունների տարիք է։ Դեռահասները խոցելի են, նրանք կարող են վատ սովորություններ ձեռք բերել, որոնք հասուն տարիքում կարող են վերածվել լուրջ խնդիրների: Շատ հաճախ դեռահասները վարքի հետ կապված խնդիրներ են ունենում, և ծնողները ոչինչ չեն կարողանում անել դրա դեմ:
168.am-ը պարբերաբար կներկայացնի՝ ինչ խնդիրների կարող են բախվել դեռահասները, և ինչ պետք է անեն ծնողներն այդ պարագայում:
Ինչպե՞ս հաղթահարել դեռահասության խնդիրները
Դեռահասությունը հեշտ շրջան չէ և՛ երեխաների, և՛ նրանց ծնողների համար։ Պատանեկության մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցը դրանց մասին ամեն ինչ իմանալն ու դրանց պատրաստ լինելն է:
Եվ այսպես՝ որո՞նք են դեռահասների ամենատարածված խնդիրները:
1. Ֆիզիկական փոփոխություններ
Դեռահասների մոտ ֆիզիկական փոփոխությունները տեղի են ունենում նրանց հորմոնալ ֆոնի փոփոխության պատճառով:
- Աղջիկների մոտ կուրծքը զարգանում է, և դա սկզբում կարող է անհարմարություն պատճառել:
- Աղջիկները սկսում են գիտակցել իրենց կազմվածքը:
- Տղաների ձայնը փոխվում է, և դեմքի մազերը սկսում են աճել։ Սա ամենանկատելի փոփոխությունն է, որ տեղի է ունենում նրանց հետ դեռահասության շրջանում։
- Դեռահասների համար լուրջ խնդիր է դառնում պզուկների առկայությունը դեմքի վրա:
- Դեռահասները ձեռք են բերում մկանային զանգված: Երբեմն դա հանգեցնում է մարմնի ավելորդ քաշի:
- Ուժգնանում է մարմնի հոտը:
- Աղջիկների մոտ սկսվում է դաշտանային ցիկլը:
Խորհուրդներ
Ձեր երեխային այս շրջանը հաղթահարել օգնելու լավագույն միջոցն իր հետ կատարվող փոփոխությունների մասին նրան պատմելն է:
- Բացատրեք ձեր դեռահասին, որ մարմնի փոփոխությունները նորմալ են: Այս ամենի միջով անցնում է յուրաքանչյուր դեռահաս:
- Օգնեք ձեր դեռահասին հարմարվել փոփոխություններին. ինքներդ ընդունեք փոփոխությունը և օգնեք ձեր երեխային ճանաչել ու ընդունել այն:
- Սովորեցրեք ձեր երեխային առողջ սնվել և մարզվել: Սա կլինի նրանց առողջության և լավ ֆիզիկական կազմվածքի բանալին:
2. Էմոցիոնալ փոփոխություններ
Հորմոնալ ֆոնի փոփոխությունները դեռահասների մոտ հարուցում են ոչ միայն ֆիզիկական, այլև էմոցիոնալ փոփոխություններ:
- Դեռահասությունն անցումային շրջան է մանկության և հասունության միջև: Դեռահասները հաճախ շփոթվում են դրանից. որպես մեծահասակներ՝ նրանք ունեն պարտականություններ, իսկ որպես երեխա՝ ցանկություններ:
- Դեռահասները չափազանց զգացմունքային են (և սա նաև կապված է հորմոնների հետ): Բառացիորեն ամեն ինչ կարող է նրանց ուրախացնել, տխրեցնել կամ զայրացնել:
- Դեռահաս աղջիկները չափազանց խոցելի են և հաճախ լաց են լինում:
- Տրամադրության հաճախակի փոփոխությունները բնորոշ են՝ ինչպես տղաներին, այնպես էլ՝ աղջիկներին:
- Ֆիզիկական փոփոխությունները դեռահասների մոտ դառնում են ինքնառեֆլեքսիայի պատճառ:
- Երեխաները, ովքեր վաղ են հասնում սեռահասունության տարիքին, կարող են տարօրինակ զգալ իրենց:
- Դեռահասության տարիքում երեխաները հաճախ գիտակցում են իրենց թերարժեքությունը կամ, ընդհակառակը, գերազանցությունը մյուսների նկատմամբ:
- Դեռահասության տարիքում երեխաների մոտ հաճախ են ի հայտ գալիս սեքսի մասին մտքեր։ Սա կարող է ստիպել նրանց՝ իրենց մեղավոր զգալ:
Խորհուրդներ
Դեռահասությունը մշտական հուզական վերելքների և վայրէջքների շրջան է: Եվ դա նորմալ է: Դուք կարող եք օգնել ձեր երեխային հաղթահարել էմոցիոնալ խնդիրները:
- Օգնեք ձեր դեռահասին հոգ տանել իր մասին: Ասեք նրան, որ լրիվ նորմալ է զգալ այն, ինչ նա զգում է:
- Խրախուսեք ձեր երեխային մարզվել: Ֆիզիկական ակտիվությունը պահպանում է «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի մակարդակն օրգանիզմում, որը պատասխանատու է դրական զգացմունքների համար։
- Թողեք, որ դեռահասը խոսի: Լսեք նրան՝ առանց դատելու: Մի տվեք նրան խորհուրդներ, եթե նա պատրաստ չէ դրան:
- Խոսեք ձեր դեռահասի հետ այն մասին, թե ինչպես է անցել ձեր պատանեկության շրջանը: Սա կստիպի նրան հասկանալ, որ միանգամայն նորմալ է զգալ իրեն այնպիսին, ինչպիսին ինքն է զգում:
- Մոտիվացրեք ձեր երեխային անել այն, ինչ իրեն դուր է գալիս, քանի որ դա կօգնի նրան ուղղել իր զգացմունքները դեպի ստեղծագործական հուն:
Շարունակելի:
Հրապարակման համար childdevelop.info-ից պատրաստեց 168.am–ը