Բաժիններ՝

«Գոյ» թատրոնը  «Դեմ եմ Կառավարության որոշմանը» ֆլեշմոբ է սկսել

«Գոյ» թատրոնն այս տարի նշում է հիմնադրման 35-ամյակը: Այն հիմնադրվել է թատերական գործիչների միությանը կից` Խորեն Աբրահամյանի աջակցությամբ:

Արսեն Աբրահամյանը, Սամսոն Ստեփանյանը, Արթուր Սահակյանը և Արմեն Մազմանյանը 1988թ. հեռանում են «Կամերային»-ից՝ իրենց թատրոնը ստեղծելու նպատակով: Հաստատվելով Սունդուկյանի անվան թատրոնի ձեղնահարկում՝ սկսեցին «թատրոն կառուցել»:

Եվ հենց հոբելյանի առիթով թատրոնի անձնակազմը որոշել է հունիս ամսվա ներկայացումներն անվճար խաղալ հանդիսատեսի համար:

Թատրոնից 168.am-ին տեղեկացրեցին, որ «Ծովահենների հեքիաթը», «Անասնաֆերմա», «Դեպի Վերջ» ներկայացումների տեղերն արդեն  սպառվել են, իսկ մյուս ներկայացումների համար մնացել են շատ քիչ տեղեր:

Կարդացեք նաև

Այս ընթացքում «Գոյ» թատրոնը նաև մեկ այլ նախաձեռնությամբ է հանդես գալիս. սկսել են «Դեմ եմ Կառավարության որոշմանը» ֆլեշմոբը: Հիշեցնենք, Կառավարության մայիսի 11-ին կայացրած որոշմամբ «Գոյ»-ը պետք է միանա Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

«Գոյ» թատրոնից մեզ հայտնեցին,  քանի որ պետք է լինի ընդունում-հանձնում, հանձնաժողովներ են կազմվել թատրոնների և ԿԳՄՍ նախարարության կողմից:

«Երեկ եկել էին ծանոթանալու՝ թե՛ Սունդուկյան թատրոնից, թե ԿԳՄՍՆ-ից»,- հայտնեցին թատրոնից՝ հավելելով, որ չմիանալու համար իրենք քայլեր են ձեռարկելու, սակայն փակագծերը կբացեն ավելի ուշ:

Հավելենք, որ  կառավարության ընդունած որոշման հիմնավորման մեջ նշված է՝ համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսված է միջոցառումների իրականացում, որոնք պետք է նպաստեն նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանն ու կարողությունների զարգացմանը, խթանեն ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում:

Ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն):

Փաստացի, առանց մասնագիտական և հանրային քննարկման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից  տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այս ամենին զուգահեռ՝ կադաստրային տարածքի և փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ»,- նշված է Կառավարության որոշման 05 հիմնավորման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս