Ի՞նչ է առողջապահական ապահովագրությունը, ինչքա՞ն գումար է մարդն ամեն ամիս վճարելու, ո՞ր հիվանդությունների դեպքում է այն գործելու

2024թ.-ից կմեկնարկի, իսկ 2027թ.-ից բոլորի համար պարտադիր կդառնա առողջապահական ապահովագրությունը: Համապատասխան նախագծում նշված է նպատակը՝ ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայունությունը, բարելավել բնակչության առողջության, ներառյալ՝ հիվանդացության, մահացության և այլ ցուցանիշները, աջակցել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը, նպաստել բնակչության առողջապահական կարիքների բավարարմանը, բարձրացնել առողջապահական ծառայությունների հասանելիության աստիճանը, բարելավել բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը:

Հատուցման ենթակա են բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետևյալ ծախսերը. հիվանդությունների կամ դրանց բարդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով մատուցվող լաբորատոր-գործիքային հետազոտությունների և խորհրդատվությունների ծախսերը, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերը, արտահիվանդանոցային պայմաններում քրոնիկ հիվանդությունների շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով տրամադրվող դեղերի և բժշկական պարագաների ծախսերը, վերջույթների, հոդերի, օրգանների պրոթեզների, մետաղական կոնստրուկցիաների ծախսերը:

Ի՞նչ է առողջապահական ապահովագրությունը, ինչքա՞ն գումար է մարդն ամեն ամիս վճարելու, ո՞ր հիվանդությունների դեպքում է այն գործելու. այս հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանի հետ:

– Պարո՛ն Խարազյան, քաղաքացու մի շարք վճարումներին կավելանա նաև առողջության համապարփակ ապահովագրության ապահովագրավճարը, որը տարեկան կկազմի 164400 ՀՀ դրամ, իսկ ամեն ամիս՝ 13700 դրամ: Սա միայն աշխատո՞ղ մարդկանց է վերաբերում:

Կարդացեք նաև

– Անձը պետք է գրանցված լինի երկու համակարգերից որևէ մեկում. կամ սոցիալական աջակցման որևէ համակարգում, կամ եկամուտների հայտարարագրման համակարգում, նույնականացվի, որ կարողանա ապահովագրվել: Սոցիալական աջակցման համակարգում գրանցվելու դեպքում պետությունն ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցելու է ապահովագրական վճարը: Մինչև 18 տարեկան երեխաների, 63-ից բարձր տարիք ունեցող անձանց ապահովագրական վճարներն ամբողջությամբ փոխհատուցվելու են պետական բյուջեից: Իսկ մնացած քաղաքացիների դեպքում կապ ունի եկամուտների չափը: Մենք սանդղակ ենք սահմանել, օրինակ, եթե եկամուտը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, այդ դեպքում անձն ապահովագրավճարից՝ 13700 դրամից, հետ է ստանում 60 տոկոսը: Քառապատիկը չգերազանցող եկամտի դեպքում հետ են ստանում 40 տոկոսը, վեցապատիկի դեպքում՝ 20 տոկոսը: Սա դեռ պետք է գնահատական անցնի՝ մակրոմակարդակում ազդեցությունը հասկանալու համար, և դրանից կախված՝ կարող է տոկոսաչափերը որոշակիորեն փոփոխվեն, որպեսզի ազդեցությունը զգալի չլինի:

Ունենք գնահատականներ, թե մարդկանց առողջապահական ծախսերն ինչքան են մեր երկրում: Ու, եթե նայում ենք մեկ մարդու կողմից կատարված ծախսը, մոտ երկու անգամ ավելի է, քան այն ապահովագրավճարը, որը նախատեսվում է: Մարդիկ ծառայություն ստանալիս ստիպված են լինում վճարել իրենց գրպանից, ու այդ պահին ոչ մեկը չկա, որ իրենց փոխարեն վճարի: Այս համակարգի միջոցով հնարավորություն ենք տալիս, որպեսզի մարդն ամսվա կտրվածքով այդպիսի վճարումներ կատարի և անհրաժեշտության դեպքում ստիպված չլինի ծառայություն ստանալիս վճարել:

Կարո՞ղ են մեկ հոգու ապահովագրավճարից օգտվել ընտանիքի մյուս անդամները, եթե անգամ նրանք աշխատող չլինեն:

– Այո: Աշխատողը կարող է վճարել իրեն փոխկապակցված անձանց փոխարեն (երեխա, ամուսին, ծնող): Յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար վճարված ապահովագրավճարից լրացուցիչ 20 տոկոս եկամտային հարկի գումարից կարող է հետ ստանալ:

– Իսկ ինչքա՞ն է պահվում գործատուից:

– Թողել ենք, որ գործատուն կամավոր մասնակցի առողջապահական ապահովագրությանը: Քանի որ պետությունը զգալի բեռ է վերցնում իր վրա՝ սուբսիդավորման հետ կապված (մինչև 18 տարեկան և 63տ. բարձր անձինք), և այդ «բեռը» վերցնելու համար եկամուտները հավաքագրվում են նաև գործատուներից՝ շահութահարկի և այլնի տեսքով: Ստացվում էր, որ իրենց կրկնակի ենք հարկում, դրա համար թողել ենք կամավորության սկզբունքով: Գործատուն կարող է աշխատակցի ապահովագրավճարը վճարել՝ ավելի գրավիչ դարձնելու համար իր աշխատատեղը, վերաբերմունք դրսևորի աշխատողների նկատմամբ և այլն: Կարծում ենք, երբ պարտադրանք չկա, կամավորության սկզբունքն ավելի լավ կաշխատի: Հարկային օրենսգրքով ունենք խրախուսիչ դրույթ, որ եթե գործատուն տարվա ընթացքում մինչև 120.000 դրամն ուղղի իր աշխատողի ապահովագրական վճարների ծածկմանը, հնարավորություն կունենա ծախսերը նվազեցնել՝ իր շահույթի հաշվարկման բազայից:

Հիմա կամավոր ապահովագրությունով մոտ 150.000 մարդ կա, և զգալի հատված կա, որ գործատուներն են վճարում: Կարծում եմ, ընթացքում նաև մշակույթ կձևավորվի: Կորոնավիրուսն էլ ցույց տվեց, որ գործատուները շատ մահոգված չեն աշխատողների առողջությամբ: Դեռ չկա այն գիտակցությունը, որ այդ մարդիկ են իրենց համար հիմնական բարիք ստեղծողները:

– Ճի՞շտ հասակացա, որ պետպատվեր այլևս չի լինի:

– Այո, պետպատվեր ընդհանրապես չի լինելու: Պետպատվերին փոխարինելու է ապահովագրության համակարգը: Լինելու է հիմնական ծառայությունների փաթեթ՝ ապահովագրվածների համար, և լինելու է նվազագույն ծառայությունների փաթեթ նրանց համար, ովքեր այս անցումային փուլում դեռ ապահովագրված չեն:

Բժշկական բոլո՞ր ծառայությունների դեպքում է գործում ապահովագրավճարը:

– Վերցրել ենք հիմնական այն ծառայությունները, որոնք մարդուն ուղեկցում են իր ամբողջ կյանքում: Կարևորն այն է, որ առանձնացնում ենք առողջության հսկումը, այսինքն՝ կանխարգելիչ հետազոտությունները, որպեսզի կարողանանք մարդկանց առողջությունը հսկել, որովհետև մեզ մոտ, ցավոք, ընդունված է, որ պետք է հիվանդ լինես, որ սկսես մտածել առողջության մասին: Այսկերպ կարող ենք նպաստել, որ մարդիկ սկսեն հետևել իրենց առողջությանը, հետազոտվել, և շատ լուրջ խնդիրներ կարող ենք լուծել՝ վաղ հայտնաբերել հիվանդությունները: Ցանկացած հիվանդություն երբ շուտ ես հայտնաբերում, կարողանում ես ժամանակին միջոցներ ձեռնարկել, և բուժման հավանականությունը շատ մեծ է: Եթե տարիներ առաջ կրծքագեղձի կամ արգանդի քաղցկեղը դատավճիռ էր, հիմա շուտ հայտնաբերելու դեպքում որևէ խնդիր չկա:

Բնականաբար, չենք կարող մոռանալ, որ առողջապահական շատ խնդիրներ կան արդեն կուտակված բազում մարդկանց մոտ, և նրանք՝ ֆինանսական պատճառներից ելնելով, չեն դիմել բժշկի: Այս հատվածի համար էլ լուծումներ պետք է առաջարկենք, դրա համար նախատեսում ենք թանկարժեք ծառայությունների հատուցումները: Սրտի վիրահատությունները, քիմիաթերապիան ամբողջությամբ ընդգրկել ենք: Քիմիաթերապիան սահմանափակում ունի. մինչև 1.6 միլիոն տարեկան մեկ անձի քիմիաթերապիայի դեղորայքի կուրսն է նախատեսում: Սակայն բավականին լուրջ ծածկույթ է, քանի որ այսօր 180.000 դրամ է նախատեսված: Պետք է ապահովենք քրոնիկ հիվանդների դեղորայքը, որովհետև դա ևս լուրջ խնդիր է: Քրոնիկ հիվանդություն ունեցողը մի քանի անգամ ավելի ծախսեր է կատարում, քան այն մարդը, ով կոնկրետ հիվանդություն է ունենում, գնում և բուժվում է:

– Իտալիայում, օրինակ, քաղաքացիներն ապահովագրության համար սիմվոլիկ մեկ եվրո են վճարում, մնացածը վճարում է գործատուն, և հիմնականում պետական հիվանդանոցներից են օգտվում: Մեր դեպքում պետակա՞ն հիվանդանոցներից են օգտվելու, թե՞ նաև մասնավոր:

– Մեզ մոտ սկզբունքը լինելու է, որ բժշկական կազմակերպությունն ապահովի հիմնադրամի կողմից սահմանված ստանդարտները: Այսինքն, եթե դա ապահովում է, նշանակություն չունի՝ պետակա՞ն է, թե՞ մասնավոր: Ունենք բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ, որոնք բարձրորակ ծառայություն են մատուցում, ու իրենց համակարգից դուրս թողնելն անիմաստ կլիներ:

Տեսանյութեր

Լրահոս