Բաժիններ՝

Բենզինի ու դիզվառելիքի գները բարձրացել են, հեղուկ գազինը՝ նվազել

Հեղուկ գազի գինը, երեք օր է, ինչ սկսել է նվազել՝ 230-250 դրամի փոխարեն՝ դառնալով 200-220 դրամ, իսկ այս վերջին երկու օրվա ընթացքում սկսեց թանկանալ բենզինը:

«Երեկվանից բեզնինի ու դիզվառելիքի գները թանկացել են մոտ 30 դրամով: Բենզինի ռեգուլյար տեսակը 350 դրամի փոխարեն՝ վաճառվում է 380 դրամով, պրեմիումը 410 դրամ է՝ նախկին 380 դրամի փոխարեն: Ըստ որոշ լուրերի՝ թանկացումը կշարունակվի՝ հասնելով մինչև 450 դրամի»,- մեզ հետ զրույցում նշեցին վարորդները:

Նշենք, որ համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ նախորդ տարի դիզելային վառելիքի գինը տատանվել է 420-640 դրամի սահմաններում: Բենզինի գինը տատանվել է 330-430 դրամի սահմաններում:

Իսկ, թե ո՞րն է բենզինի և դիզելային վառելիքի թանկացման պատճառը, ոլորտի ներկայացուցիչները չեն կարողանում ասել:

Կարդացեք նաև

Նախորդ տարի Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների անկայունության ֆոնին բարձրացավ բենզինի գինը:

Հավելենք, որ հեղուկ գազի գինը սկսել է նվազել:

«Մի շարք տեղերում 200, 210 և 220 դրամ է հեղուկ գազը: Միանգամից թանկացնում են, բայց այնքան դանդաղ է գինն իջնում, որ կրկին գալիս է թանկացնելու պահը»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Գազաբենզալցակայանների աշխատակիցներն էլ տեղեկացրեցին, որ հեղուկ գազի ներմուծման խնդիրը կարծես թե լուծվում է:

«Բեռնատարները հասել են, բայց ոչ մեծ քանակությամբ: Կարծում ենք՝ շուտով հարցը կկարգավորվի»,- նշեցին նրանք:

Այս ընթացքում շատ վարորդներ սկսել էին հեղուկ գազի փոխարեն՝ բենզին օգտագործել, սակայն, ինչպես երևում է, հեղուկ գազի և բենզինի գները սկսելու են հավասարվել:

Հիշեցնենք, որ հեղուկ գազն ապրիլի կեսերի 120-130 դրամի փոխարեն՝ արդեն մայիսի սկզբին լիցքավորում էին 180-200 դրամով: Գնի բարձրացումը պայմանավորված էր ռուս-վրացական սահմանում ի հայտ եկած խնդիրներով:

Տեսանյութեր

Լրահոս