«Արցախը 1921թ. Կովկասի բյուրոյի՝ կուսակցական մարմնի հանիրավի որոշմամբ է բռնակցվել Խորհրդային Ադրբեջանին, որն իրավական ուժ չունի». Աշոտ Մելքոնյան

Արդեն տևական ժամանակ է, Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ դաշտ է նետում մի տեսություն,թե իբր Արցախն ինքնորոշվելու համար պետք է նախ՝ լինի Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում, ումի՞ց պետք է ինքնորոշվի։ Եվ այս միտքը Փաշինյանը կրկնեց մայիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս տեսակետը, ասաց, որ իրական պատմությունը հակասում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Թեև ակադեմիկոս պատմաբանն էլ  ցանկություն չուներ մեկնաբանելու Փաշինյանի հնչեցրած որևէ թեզ կամ հայտարարություն, այդուամենայնիվ իրական պատմությունից մի կարճ դրվագ ներկայացրեց։

«Անկախանալու որևէ խնդիր չկար, որովհետև Արցախը 1918 թվականի հունիսից, երբ նոր էր կյանքի կոչվել Հայաստանի Հանրապետությունը, արդեն ինքնորոշվել էր։ Արցախն արդեն անկախ պետություն էր մինչև 1920 թվականի ապրիլի 25-ը, երբ Արցախի ազգային խորհրդի 9-րդ համագումարում Արցախն իրեն հռչակեց Հայաստանի Հանրապետության մաս։

Ինչ վերաբերում է Խորհրդային տարիներին՝ Կովկասի բյուրոյի կուսակցական մարմնի հանիրավի որոշմամբ 1921 թվականի հուլիսի 5-ին Արցախը  բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին: Որոշումն իրավական որևէ ուժ չունի, որովհետև դա իշխանության մարմնի որոշում չէր, այլ կուսակցական մարմնի,  և Ադրբեջանի կողմից պարտադրված քայլ՝ մինչև 1991 թվականի սեպտեմբերի 2-ի անկախացումը։

Կարդացեք նաև

Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, Շահումյանի շրջանային խորհրդի հետ համատեղ, հռչակեց Լեռնային Ղարաբաղը որպես անկախ Հանրապետություն՝ բնականաբար, Ադրբեջանի կազմից դուրս։ Դրանից երկու օր առաջ Ադրբեջանը հայտարարել էր ԽՍՀՄ-ից իր անկախանալու մասին: 1990 թվականի ապրիլին ընդունված Խորհրդային Միության  օրենսդրությամբ նույն իրավունքն ուներ նաև Արցախը՝ որպես ազգային պետական կազմավորում։ Եվ այս հիմքով Արցախը դուրս էր եկել Ադրբեջանի կազմից»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։

Միտքն ամփոփելով՝ ակադեմիկոս պատմաբանը մեկ այլ հիմնավորում էլ ներկայացրեց.  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իրեն հռչակել էր Առաջին Հանրապետության իրավահաջորդը, որի կազմում Արցախը չի եղել, տրամաբանական է եզրակացնել, որ Արցախը երբևէ չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում:

Տեսանյութեր

Լրահոս