Բաժիններ՝

«Գոյ» և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնների միացման գործընթացը դեռ չի սկսվել

Կառավարության մայիսի 11-ի  նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելուն:

«Գոյ» թատրոնից փորձեցինք պարզել՝ որոշել էին դիմել դատարան՝ բողոքարկելու կառավարության որոշումը, ի՞նչ փուլում է գործընթացը:

«Եկող շաբաթ դիմելու ենք, հայցադիմումն արդեն վերջացնում ենք»,- պատասխանեցին «Գոյ» թատրոնից:

Տեղեկացրեցին նաև, որ թատրոնների միացման գործընթացը դեռ չի սկսվել և, քանի որ պետք է լինի ընդունում-հանձնում, հանձնաժողովներ պետք է կազմվեն թատրոնների և ԿԳՄՍ նախարարության կողմից:

Կարդացեք նաև

«Հանձնաժողովի անդամների ցանկ են ուզել»,- հայտնեցին «Գոյ» թատրոնից:

Հավելենք, որ կառավարության ընդունած որոշման հիմնավորման մեջ նշված է՝ համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսված է միջոցառումների իրականացում, որոնք պետք է նպաստեն նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանն ու կարողությունների զարգացմանը, խթանեն ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում:

Ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն):

Փաստացի, առանց մասնագիտական և հանրային քննարկման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից  տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այս ամենին զուգահեռ՝ կադաստրային տարածքի և փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ»,- նշված է հիմնավորման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս