«Ով իրականության աչքերին չի ուզում նայել, երկու կամ երեք անգամ ավելին է վճարում». Տիգրանաշենի ղեկավար
Մայիսի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»։
«86.600-ն առանձին է, բայց փաթեթթ մեջ է 29.800-ի մեջ: 29.800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, իսկ 86.600-ի մեջ մտնում են նաև անկլավները: Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել: Սահմանագծի հետ կապված՝ հստակ ասում եմ՝ ինչ տարբերակ կա: Անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են. դրանցից մեկը կարող է լինել, եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են, տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ կիլոմետր քառակուսիների ճշգրտումով, օրինակ՝ չափել՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է, և ըստ այդմ՝ այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա: Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ տարածքները լինեն համապատասխան՝ Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, այն մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան»,- 168.am–ի հարցադրմանն ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նախ ասաց, որ չի ցանկանում շատ քննարկման մեջ մտնել, սակայն կփորձի կարճ մեկնաբանել։
«Այն, ինչը լսել եք դուք, կամ այն, ինչ ասվել է՝ լսել ենք բոլորս։ Հիմա ես չեմ մեկնաբանի, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, սակայն իմ տեսակետն եմ ասում, որ այդտեղ շեշտվեց նաև, որ «անկլավները», որոնք ճանաչվում են Ադրբեջանի մաս, մենք էլ այնտեղ ունենք Արծվաշեն։
Անկախ նրանից, թե ինչպես է, մենք պետք է կարողանանք նայել իրականության աչքերին, թե իրականում այդ իրականությունն ինչպիսին է։ Այսինքն՝ պետք է առնչվենք իրականության հետ, եթե փորձենք միշտ խուսափել այդ իրականությունից, կամ, թե ինչպես մենք կուզենայինք, որ լիներ, և դա մատուցենք՝ որպես իրականություն։ Կարելի է այսպես ասել՝ ով իրականության աչքերին չի ուզում նայել, երկու կամ երեք անգամ ավելին է վճարում»,- նշեց Լյուդվիգ Ստեփանյանը։
Ըստ նրա, ավելի լավ է հասկանալ, թե ինչ իրականության մեջ են գտնվում, և վերջնականապես իրականությանը լուծում տան։
«Պետք է ճիշտ լուծում տանք, ես չեմ ասում՝ տարածք կորցնենք, բացարձակապես, սխալ չհասկանաք։ Հաշվի է պետք նստել՝ չգիտեմ՝ միջազգային հանրության հետ, միջազգային կոնվենցիայով կամ այսինչ թվականի քարտեզներով։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացի այն, որ կա քաղաքական հայտարարություն, հարցն ունի նաև իրավական կողմ, և մեզանից ոչ մեկը չգիտի, թե այդ իրավական կողմն ինչ ընթացքով կարող է տեղի ունենալ»,- եզրափակեց Լ. Ստեփանյանը։