Կարեն Անդրեասյանի համար վատ լուր ունեմ.  Զարուհի Նախշքարյան

«Եթե Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) իր որոշումներով ինքն  իրեն հեղինակազրկում է, արդյո՞ք դատավորները դրա մասին չպետք է բարձրաձայնեն: ԲԴԽ ձևավորման օրվանից սկսած՝ առաջին իսկ քննարկմանը ես բարձրաձայնել եմ դատարանների ծանրաբեռնվածության խնդրի մասին: Դա մեր քաղաքացիների շահից է բխում, որ դատավորները ողջամիտ ժամկետներում քննեն իրենց գործերը: Դատավորներն ընդհանրապես կարող են չանհանգստանալ այդ մասին: Դա պետության պոզիտիվ պարտականությունն է, որ ապահովի նորմալ, մարդկային պայմաններ այդ գործերի քննության համար: Եթե պետությունը դա չի անում, դատավորի դերակատարությունն այնտեղ մինիմալ է»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը:

Նախկին դատավորի խոսքով՝ որևէ գործողություն խնդրո առարկա մտահոգության վերաբերյալ Արդարադատության նախարարությունը (ԱՆ) չի ձեռնարկել, և գոնե քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների պարագայում որևէ փոփոխություն չի նկատվել:

«Այնպես որ, մեր քաղաքացիները պիտի իմանան, որ նոր ներկայացված հայցը կարող է քննվել, օրինակ, այն ներկայացնելուց մեկ տարի հետո»,- ասաց Զարուհի Նախշքարյանը:

Կարդացեք նաև

Խոսելով դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների քննության մասին՝ նախկին դատավորը հիշեցրեց՝ դրանք քննվում են մի իրավիճակում, երբ երկու բիզնես-գործընկերներ և մտերիմ ընկերներ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը, կարող են, ենթադրենք, առավոտյան միասին սուրճ խմել, հետո ցերեկը վարույթ ներկայացնել ու քննել և երեկոյան էլի ճաշել միասին՝ հընթացս համատեղ բիզնեսին՝ փաստաբանական գրասենյակին առնչվող խնդիրներ քննարկելով:

«Այս պայմաններում դատավորը պետք է ոչ միայն պաշտպանվի արդարադատության նախարարից, որը դիմող կողմն է, այլև մտքում պիտի ունենա այն հանգամանքը, որ դիմողը քննող դատավորի մտերիմ ընկերն է: Սա նշանակում է նաև, որ քաղաքացիներն անկախություն պետք է ակնկալեն այն դատարաններից, որոնց ազատման և նշանակման գործընթացը գործող քաղաքական ուժի դրածոների կողմից է իրականացվում»,- ասաց նա:

Վերջինս նկատեց՝ դատավորների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

«ԲԴԽ-ում կայացվող որոշումների ժամանակ քաղաքական մեծամասնության կողմից ընտրված 5 իրավաբան-գիտնականների ձայներին միանում են այն դատավորների ձայները, ովքեր ունեն առաջխաղացման կամ այլ ակնկալիքներ քաղաքական իշխանությունից»,- ասաց Զարուհի Նախշքարյանը:

Ըստ նրա, սակայն, ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանն այնքան լավ չի ճանաչում դատական իշխանությունը, որքան ինքը:

«Դատավորները կարող են չխոսել, բայց նրանք պայքարում են: Ես ունեմ վատ նորություն պարոն Անդրեասյանի համար: Դատավորներն ընդվզելու են: Նրան երբեք չի հաջողվի հասնել այնպիսի իրավիճակի, որ դատական համակարգը հայտնվի բացարձակ կամազուրկ իրավիճակում»,- եզրափակեց Զարուհի Նախշքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս