Բաժիններ՝

Մինչ ՔԿԾ-ում Ռեյխստագն են գրավում, «Գորիս» ՔԿՀ-ում խմբակային ծեծկռտուք է տեղի ունենում

Մայիսի 13-ին Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) ՀՀ հպարտ և ոչ հպարտ քաղաքացիներին «ավետեց», որ «Քրեակատարողական ծառայությունն անզիջում է յուրաքանչյուր ապօրինի դեպքը բացահայտելու ուղղությամբ և մշտապես հետևողական է լինելու իր կողմից որդեգրած գործունեության այն սկզբունքներին, առանձնահատկություններին ու գործելաոճին, որոնք ամբողջապես ուղղված են համակարգի աշխատանքի արդյունավետությանն ու առաջնահերթ պահանջներին»:

Սա, ըստ ամենայնի, նշանակում էր նաև ոչ միայն պայքար քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ծաղկող կոռուպցիոն դրսևորումների դեմ, այլև կարգուկանոնի, օրինականության հաստատում:

Բայց որքան էլ ՔԿԾ-ն գրեթե ամենօրյա ռեժիմով «Հասնինք Սասուն, մտնինք Վան» ոճի տեքստեր հրապարակի, ասենք, ՔԿՀ-ների առօրյայի համար սովորական ու համապատասխան բլոկների անմիջական պարտականությունների ու պատասխանատվության գոտում գտնվող գործողությունների մասին (ՔԿ ծառայողների պրպտուն մտքի, սուր աչքերի, տելեպատիկ հնարավորությունների ու անօրինակ ջանքերի արդյունքում հայտնաբերվեց մեկ հեռախոս), իրականությունը բոլորովին այլ պատկեր է արտացոլում:

Օրերս, օրինակ, ավելի ստույգ՝ նախորդ ուրբաթ օրը՝ մայիսի 12-ին, 168.am-ի տեղեկություններով՝ «Գորիս» ՔԿՀ-ում այնպիսի ծեծկռտուք է տեղի ունեցել ազատազրկված անձանց միջև, որ քրեակատարողական հիմնարկին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցները ազատազրկված անձին խոշտանգելու փաստ են արձանագրել:

Կարդացեք նաև

Չի բացառվում, որ խնդիրը լինի քրեական ենթամշակույթի տիրույթում, սակայն փաստ է, որ ՔԿՀ-ում այնպիսի բարձիթողի վիճակ է, որ մասսայական ծեծկռտուք է տեղի ունենում բավականին դաժան հետևանքներով:

Սա վերջին թարմ, բայց բնավ միակ նման օրինակը չէ: 168.am-ը բազմիցս է գրել այն մասին, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի տիրապետությունն ամենուր է, և դա արվում է ամենաբարձր մակարդակի հովանավորությամբ:

Քրեակատարողական հիմնարկում վերջերս հատկապես ծեծելով մարդ էլ են սպանել, մարդ էլ են դանակահարել, խաղամոլության ծաղկունքի հետևանքով ինքնասպանության դեպքեր էլ են արձանագրվել:

Եվ նման տխուր վիճակագրություն արձանագրող կառույցում երևի թե բնական է, որ մի հայտնաբերված հեռախոսը կամ ներնետված փաթեթը, որն անմիջապես դիագնոզվում է որպես կոնկրետ թմրանյութ՝ առանց սպասելու փորձաքննության արդյունքներին, համարվում է դարակազմիկ իրադարձություն:

Տեսանյութեր

Լրահոս