«Հնարավոր է՝ Լաչինի միջանցքի խնդրի պատճառով Սոթքում կրակեն, բայց Տավուշի գյուղերի պարագայում, հնարավոր է՝ ընդգծված բախում տեղի ունենա». Շիրազ Խաչատրյան
Մայիսի 11-ից Ադրբեջանը Գեղարքունիքի հատվածում՝ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ հրետանային, ականանետային միջոցներից և հրաձգային զենքերից կրակ է արձակել: Ադրբեջանը կիրառել է նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը, բացի վիրավորներից՝ մայիսի 12-ին նաև զոհ է ունեցել, ադրբեջանական կողմը ևս մարդկային կորուստներ ունի:
Իսկ ՀՀ ԶՈՒ բանակային 2-րդ կորպուսը՝ Գարեգին Պողոսյանի հրամանատարությամբ, գրագետ և ճիշտ պաշտպանություն և կանխարգելիչ գործողություններ է իրականացրել՝ թույլ չտալով թշնամու առաջխաղացումը: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ իրականացրած սադրանքներով, և ի՞նչ սպասել հետագայում: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Ակնհայտ է, որ Ադրբեջանը նմանատիպ գործողություններով փորձել և փորձում է մի քանի խնդիր լուծել։ Նախ՝ պետք է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո ու մինչև հիմա հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ Սոթքից մինչև Գորիս, Գորիսից մինչև Նռնաձոր ընկած հատվածներում, մարտավարական և ռազմավարական առավելություն ստանալու համար ոչ միայն շատ բարձունքների են տիրացել, այլ նաև փորձել են նշված տարածքների տարբեր հատվածներում գտնվող բնական պաշարների տերը դառնալ: Օրինակ՝ Սև լճի, Ալ լճերի, Սյունիքի արևելքում գտնվող, դեռևս չշահագործվող, տարբեր հանքարդյունաբերական պաշարներով հարուստ կետերն են։ Եվ հարցը այդ տեսանկյունից դիտարկելով՝ կարելի է ասել, եթե նույնիսկ ադրբեջանական կողմը Սոթքի հանքավայրին տիրանալու նկրտումներ չի ունեցել, ապա իր պլան մինիմումը կատարել է. հանքավայրի աշխատանքը փաստացի կանգնեցված է, այն վերածվել է առաջնագծի, և Հայաստանը տնտեսական մեծ կորուստներ է կրում դրանից։ Տեսականորեն Ադրբեջանը վաղն էլ կարող է Ամուլսարում նույն պրովոկացիաներն անել, և այդպես շարունակ։ Երկրորդ, մեր տարածաշրջանում տեղի ունեցող արագ փոփոխությունների պայմաններում Բաքուն նմանատիպ գործողություններ հրահրելով՝ փորձում է իր շահերն առաջ տանել ոչ միայն առաջիկա բանակցությունների ընթացքում, ճնշումներ բանեցնել հայկական կողմի նկատմամբ, այլ նաև միջազգային խաղացողների շրջանում իր «առևտուրը» շարունակել։
–Factor TV-ի հետ զրույցում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով բանակցություններից, ասել է, որ մեր զինված ուժերի գործողություններն են հնարավորություն տալիս, որ զանգերն ունենան արդյունք, որ երբ քո բանակը գտնվում է մարտունակ վիճակում, բոլոր բանակցություններում դու հաջողություն կարող ես արձանագրել: Փաստացի նա այսօր ասում է այն, ինչ 3 տարի շարունակ իշխանության ընդդիմախոսները, ռազմական ոլորտի մասնագետները պնդում են:
– Անդրանիկ Քոչարյանը նորություն չի ասում, այսքան ժամանակ ադրբեջանական կողմը շահեկան վիճակում է եղել, քանի որ վերջինս ռազմական տեսանկյունից, ցավոք սրտի, մեր նկատմամբ հաջողություններ է գրանցել և անընդհատ պահանջատիրական դիրքերից հանդես եկել։ Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաճակատում այլ պատկեր լիներ, աշխարհաքաղաքական խաղաքարտերն էլ կխառնվեին իրար, եթե 44-օրյայից հետո բանակն ու առաջնագիծը ժամանակին վերականգնեին, բանակով զբաղվեին, բանակցություններում այլ պատկեր կունենայինք, ու անընդհատ չէինք զիջի, չէինք հանձնի, չէինք կորցնի։
– Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական առաջխաղացումից, ապա՝ սադրիչ գործողությունից հետո, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունեցավ, Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԵՄ դիտորդների ներկայությունը զսպող գործոն էր համարում Ադրբեջանի զինված ուժերի համար: Բայց հետաքրքիր զուգադիպությամբ՝ Տեղի, Սոթքի հատվածում ադրբեջանական սադրանքների մեկնարկի պահին երբեք տեղում չեն եղել: Հիշենք, որ 2023-ի մարտ ամսին Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցում ասել էր. «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակվել, և, որ հարձակման բացակայության դեպքում սա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը»: Գուցե ինչ-որ բան զսպում են, մենք չգիտե՞նք:
– Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասով սպասումները մարդկանց և իշխանությունների մոտ գերագնահատված էին։ Սկզբնական շրջանում հայտարարվում էր, որ Ադրբեջանի հերթական ներխուժումները կանխելու համար էին, հետո պարզվեց՝ ոչ, նման բան չկա: Ավելին, առաքելության զեկույցները հասանելի չեն, ըստ էության, մեր ռազմաքաղաքական ղեկավարության համար, բայց հասանելի են Բաքվի համար։ Բաքուն նախապես տեղեկացված է լինում մեր զինված ուժերի ուղեկցությամբ դիտորդների շարժի մասին, և այլն։ Ժամանակին, երբ ասում էինք՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում իր մեջ ավելի շատ աշխարհաքաղաքական տարր է պարունակում, մեղադրվում էինք ռուսական կամ իրանական գործակալ լինելու մեջ: Ինչևէ, ասելիքս այն է, որ եթե որևէ միջազգային կառույց նմանատիպ լոկալ իրավիճակներում չկարողացավ կանխել ադրբեջանական սադրանքները, ապա սրանք դառնալու են ինդիկատոր ադրբեջանական կողմի համար, որ ավելի մեծ գործողությունների գնան, քանի որ ինքն իր համար կանաչ լույս է վառում, իսկ նրան զսպելու համար միջազգային դերակատարների կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում։
– Ի դեպ, վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրություններում չի մոռացել Տավուշի հատվածը՝ մեղադրելով ՀՀ-ին այս ուղղությամբ հրադադարի խախտման մեջ: Նշենք, որ Բաքուն ՄԱԿ-ում ներկայացրել է նաև պահանջ, որ Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն ի պատասխան՝ նշել է, որ «Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել»: Վերջերս այս մասին Պրահայում «Ազատության» հիշեցմանը և հարցին՝ հիմա օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Ես Ձեզ ուղիղ ասեմ՝ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրեց այդ հարցը, ես ասացի, որ մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար: Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի ճնշող մեծամասնությունը օկուպացիայի տակ է, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել: Եթե պատրաստ է, այո՛, մենք պատրաստ ենք»:
– Տեսեք, երբ մեր փորձագիտական շրջանակները և հանրային շատ գործիչները խոսում էին իշխանությունների կողմից, այսպես կոչված, անկլավների շուրջ տեղի ունեցող բանակցությունների մասին, այդ շրջանակներին իշխանական քարոզիչները կարգում էին՝ որպես 5-րդ շարասյուն, գամում անարգանքի սյունին, բայց փաստացի մեկ անգամ չէ, որ Փաշինյանը խոսել է անկլավների թեմայից, այլ 2021թ նախընտրական քարոզարշավի ժամանակից սկսած և տարբեր ժամանակափուլերում:
Իսկ «Ազատություն» ռադիոկայանին տված նրա վերջին հարցազրույցից էլ ակնհայտ է, որ Տավուշի մարզի գյուղերի և Տիգրանաշենի հարցը նա սակարկման է դրել Ալիևի հետ քննարկումներում։ Փաշինյանը պատմում է, որ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրել է «անկլավների» հարցը, ինքն էլ ասել է՝ «մենք էլ ունենք օկուպացված գյուղեր», և փոխանակումների հետ կապված հարցադրումներ է կատարել։ Այսինքն, բանակցությունների տարբեր փուլերում քննարկվում է նաև այդ հարցը, և պարզ իմանալով ադրբեջանական ձեռագիրը, հնարավոր է, որ տարբեր բանակցություններից առաջ կամ հետո նաև տավուշյան ուղղությամբ լինեն սադրանքներ, բախումներ։ Տարբեր ժամանակափուլերում տավուշյան ուղղությամբ ադրբեջանական զորքերի կուտակումները, շարժերը յուրահատուկ ինդիկատոր են, թե բանակցությունների ո՞ր ժամանակահատվածում են քննարկում, այսպես ասած, անկլավների հարցը։ Իհարկե, բոլոր խնդիրները փոխկապակցված են՝ Արցախից սկսած մինչև Տավուշ: Օրինակ, հնարավոր է՝ Լաչինի միջանցքի խնդրի պատճառով Սոթքում կրակեն, բայց Տավուշի գյուղերի պարագայում հնարավոր է ընդգծված բախում տեղի ունենա։