«Ադրբեջանը կանգ չի՛ առնելու. ժիրայրլիպարիտյանները բթացնում են մարդկանց, պատրաստում նոր զիջումների». Գառնիկ Դանիելյան

«Ադրբեջանական ագրեսիայի լուրը լսելուց անմիջապես հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներով այցելեցինք Գեղարքունիքի մարզ: Սոթք մտնելիս մեր ճանապարհը փակեցին ՌՈ և Ոստիկանության աշխատակիցները՝ պատճառաբանելով, որ գյուղում անվտանգ չէ: Մեր հարցին, թե՝ եթե անվտանգ չէ, ինչո՞ւ գյուղի բնակիչները չեն տարհանվում, չկարողացան պատասխանել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով, որ այլ ճանապարհով են այցելել Սոթք և Կութ գյուղեր:

«Սոթք և Կութ գյուղերում բնակիչների հետ զրուցեցինք, այդ ընթացքում ակտիվ հրետակոծություն էր ընթանում: Գյուղի մերձակայքում արդեն հրետանի էր աշխատում. Անզեն աչքով երևում էր, մի քանի հարյուր մետր այն կողմ հրետանի և այլ զինատեսակներ էին կիրառում: Կանայք և երեխաները գյուղը լքում էին՝ չսպասելով տարհանման: Ուզում եմ նշել այս իշխանությունների անկազմակերպվածությունը, որ չկա հստակ պլան, որ նման դեպքերում գյուղերից կանանց, երեխաներին, տարեցներին անվտանգ վայր տեղափոխեն: Բնակիչներն իրենց անվտանգ չեն զգում: Նաև նախորդող դեպքերի արդյունքում է Սոթքը հրետակոծության ենթարկվել, մարդիկ անորոշության, հուսահատության մեջ են:

Ադրբեջանը նորանոր, ավելի բարենպաստ դիրքեր է զբաղեցնում, որտեղից կարողանում է վերահսկել բոլոր տեղաշարժերը: Մարդիկ տեսնում են պետության կողմից տարվող այս ապաշնորհ քաղաքականությունը և նաև մեզ հետ զրույցներում ասում են, որ պետության կողմից պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում, իրենք իրենց զգում են անտերության մատնված: Ճիշտ է՝ մարդկանց ոգին տեղն է, պատրաստ են կռվել, բայց այս դավաճանական քաղաքականության պատճառով մարդիկ իրենց վաղվա օրը չեն տեսնում»,-նշեց նա:

Պատգամավորն ասաց, որ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում են հասել Սոթք գյուղի մոտ, որտեղ հանդիպել են նաև ԵՄ դիտորդներին. «Մենք շրջանցիկ ճանապարհով երբ գնում էինք գյուղ, իրենք այդտեղ կանգնած էին: Իրենց էլ թույլ չէին տալիս, թե իրենք առաջ չէին շարժվում, ես դժվարանում եմ ասել, բայց իրենք այդտեղ էին, և շատ տարօրինակ էր, որ այնտեղ մարտեր էին ընթանում, իսկ նրանք 10-20 կիլոմետր հեռվում էին և սպասում էին, թե ինչ է կատարվում: Տեղ գյուղում տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ էլ նրանց կողմից որևէ գնահատական չտրվեց, իրենք երկու կողմին էլ կոչ են անում, բայց հստակ գնահատական, որ ադրբեջանական կողմն է ագրեսորը, ինքն է սկսել, ոչ մի տեղ չեմ տեսել:

Քանի որ Տեղ գյուղի դեպքերը պատշաճ գնահատականի չարժանացան, Ադրբեջանը լկտիացած նորանոր ագրեսիայի, սադրանքների է դիմում, նորանոր տարածքների հավակնություններ է ցուցաբերում»:

Գառնիկ Դանիելյանը նկատեց՝ ադրբեջանական կողմը հստակ հայտարարում է, որ կանգ չի առնելու. «Հայաստանում գրեթե տարածք չկա, որի նկատմամբ իրենք հավակնություններ չունենան: Ես նաև պատկան մարմիններին եմ այդ հարցերն ուղղել և եկել եմ այն եզրակացության, որ իրենք էլ գիտեն՝ Ադրբեջանը կանգ չի առնելու: Թե ինչի՞ համար չի ասվում ժողովրդին, որ՝ սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանը երբեք կանգ չի առնելու, «խաղաղության դարաշրջանը» ձախողել ենք, Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում, նորանոր տարածքների հավակնություններ ունի: Թե ինչո՞ւ չի ասվում, ես մի քանի վարկած ունեմ, որոնցից մեկն այն է, որ փորձում են հասարակությանը բթացնել, թմբիրի մեջ թողնել, նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեն, որով նոր զիջումների սկիզբը կդնեն»:

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Ժիրայր Լիպարիտյանը հայտարարեց, որ եթե Հայաստանն ուզում է պահել պետականությունը, պետք է փաստաթուղթ ստորագրի, այլապես կլինի նոր պատերազմ, և Հայաստանը շատ ավելին կարող է կորցնել. «Եթե չտանք, և Ալիևը շատ ավելին վերցնի, ինչպես եղավ 2020թ. պատերազմի ժամանակ, ի՞նչ ենք անելու, իսկ եթե մենք մի բան ստորագրենք, գոնե 10-20 տոկոս շանս կա, որ ուրիշ բան չի պատահի»:

Գառնիկ Դանիելյանը նկատեց. «Ժիրայր Լիպարիտյանի դավաճանական հայտարարությունները նոր չեն, նա բազմիցս այդպիսի հայտարարություններ է արել: Ինձ համար անընդունելի է, որ Հանրային հեռուստաընկերությունը նման մարդկանց տաղավար է հրավիրում և այդ դավաճանական խոսույթով հանդես է գալիս, հասարակությանը կերակրում է նման ստահոդ ինֆորմացիաներով:

Թշնամին երբեք կանգ չի առնելու և ժիրայրլիպարիտյանների նման մարդիկ ընդամենը գործիք են իշխանության ձեռքին, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե մենք անկարող ենք, որևէ բան չենք կարող անել, ոչինչ չի ստացվում, նորից կասեն՝ փրկեցինք էսքան մարդու՝ տվեցինք Սոթքը կամ Տավուշի գյուղերը:

Ժիրայրլիպարիտյանները նման բաների համար են, որ ժողովրդին վախեցնեն, նրանց հույսն ու հավատը կոտրեն և նոր զիջումների տանեն, դրա համար էլ իրենց եթեր են տալիս Հ1-ում, որ նմանհայտարարություններ անեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս