«Կրկնվում է 44-օրյա պատերազմի սցենարը. մեր ղեկավարը մահապարտ է մեկ բանի համար՝ աթոռի համար». Աշոտ Սևյան
Երեկ՝ մայիսի 11-ին, Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են արձակել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանական երեկվա սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել է չորս վիրավոր, իսկ այսօր Սոթքի ուղղությամբ հերթական կրակոցներից երկու վիրավոր ենք ունեցել։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը խոսելով Գեղարքունիքի մարզի սահմանային իրավիճակի հետագա զարգացումների ու թշնամու նպատակների մասին, ասաց, որ նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերից հետո թշնամին կարողացավ լավ դիրքավորվել ՀՀ տարածքում և նախապատրաստվել այս հարձակումներին։
«Լավագույն դեպքում թշնամին ամբողջությամբ կվերցնի Սոթքի ոսկու հանքը, և իմ պատկերացմամբ՝ այդ ճանապարհով կհասնեն նաև Ջերմուկի հանքին։ Թշնամու նպատակն է նաև՝ այս ամենով վախ տարածել հայ հանրության շրջանում։ Ամեն դեպքում պարզ է, չէ՞, որ Պրահայում սրանք Ադրբեջանի հետ ամեն ինչ պայմանավորվել են, որպեսզի նորից չկոչվեն դավաճան, կրկին այսպիսի բաներ հրահրելով՝ գնալու են նոր զիջումների։
Իսկ զիջումներին վերջնակետ չի լինում, որքան զիջում ես, այնքան ավելի շատ ուզում են»,- նշեց Աշոտ Սևյանը։
Ըստ նրա, իսկապես արդեն զզվելի է այսքան խոսել ու ոչինչ չանել։
«Արծրուն Հովհաննիսյանի օրին են ընկել, մարդիկ մեր խփված տեխնիկան ցույց են տալիս ու փորձում են քարոզել, թե՝ տեսեք, մեր զորքն ինչ վնասներ է պատճառել թշնամուն, այնինչ դա մեր ոսկու հանքի տեխնիկան է։ Այսինքն՝ հիմա էլ է կրկնվում նույն 44-օրյա պատերազմի սցենարը՝ մարդկանց հիասթափեցնել, վախեցնել, նույն սցենարն է, որևէ տարբերություն չկա։
Որքանով որ ես եմ տեսել երեկ ու այսօր, Վարդենիում որևէ լուրջ պատրաստություն չեն տեսնում, մարդիկ հանգիստ շրջում են, ու իրենց հետաքրքիր չէ, թե 5-10 կմ այն կողմ ինչ է կատարվում»,- հավելեց նա։
Ազատամարտիկի խոսքով՝ այս հարցի լուծումը կլինի այն ժամանակ, երբ երկրի առաջին դեմքը ցանկություն ունենա խնդիրները լուծել։ Այս համատեքստում Աշոտ Սևյանը հիշեցրեց, որ 1992-1994 թվականներին կամավորների մի մասը զոհվել էր, մի մասը՝ վիրավորվել, Վազգեն Սարգսյանի մի կոչով բոլորին փողոցներից տարան մարտի դաշտ, նույնիսկ ձերբակալելով։
«Բայց հիմա մենք նման կոչ անող չունենք, փոխարենը՝ ունենք մեկին, ով ասում է՝ թող Ալիևն ասի՝ ինչքան տարածք է ուզում, մենք կմտածենք։ Ընդունել են պարտվողական դիրք ու սպասում են հրաշքների։
90-ականներին, երբ ես կամավոր մեկնեցի պատերազմի դաշտ, մատների վրա հաշված մարդիկ են եղել, եթե Վազգենի բռունցքը չլիներ, այդ շարժումը, պայքարը շարունակություն չէր ունենա։ Ամեն ինչ ղեկավարից է կախված, եթե նա հայրենասեր է, պատրաստ է մարտնչել, լինի մահապարտ, ապա ժողովուրդը սկսում է օրինակ վերցնել, ազգայինի զգացողությունը մեծանում է։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ մեր ղեկավարը մահապարտ է մեկ բանի համար՝ զուտ աթոռի համար, աթոռից դուրս ոչինչ են։ Նայողն էլ մտածում է, որ լավ, եթե սա մտածում է իր տների, ամառանոցների, մեքնենաների համար, ես ինչո՞ւ գնամ մեռնեմ՝ չգիտակցելով, որ վաղը դրանք փախնելու են, ու այս երկրում մնալու ենք մենք ու մեր ընտանիքները։ Չեմ ուզում որևէ մեկին վարկաբեկել, բայց ո՛չ արդեն ընդդիմադիրներին եմ տեսնում, ո՛չ իշխանությանը, տպավորություն է, որ երկուսով միասին գնում են պետականության կործանման։ Ուղղակի մի Գոյի թատրոնն է, ավելի մեծ մասշտաբի, ես լավ բան չեմ տեսնում։ Չի կարելի, մեր զինվորները պատասխան են տվել, բայց քարոզչական կապիկությունները չի սազում մեր ազգին»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը տեսնելով՝ գիտակից մարդիկ ավելի են հիասթափվում, և հինգ տարի շարունակ խոսելու փոխարեն՝ սթափվել է պետք։
«Ամեն դեպքում, ինչ էլ լինի, քանի դեռ մեզ նման գիտակից մարդիկ կան, թեկուզ քիչ թվով, չպետք է ընկճվել, հայ ազգն ապրելու է»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։