Բաժիններ՝

Ինչքա՞ն է թանկացել անշարժ գույքը. ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 49,395 իրավունքի պետական գրանցման գործարք. այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի  եռամսյակային հաշվետվությունից։ 

2023 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում՝ 26.8 տոկոս, իսկ առավել ցածրը՝ Վայոց ձորում՝ 2.2 տոկոս։

2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ աճել է 15.0 տոկոսով։

Կարդացեք նաև

Բնակարանների 1 քառակուսի մետրի միջին գինը նույն ժամանակահատվածի համեմատ աճել է:  Երևանում այն հետևյալ տեսքն ունի.

Կենտրոնում 1 քմ արժեքը՝ 796 200 դրամ, աճը` 14,3 տոկոս
Արաբկիրում 1 քմ արժեքը՝ 556 200 դրամ, աճը՝ 12,8 տոկոս
Քանաքեռ-Զեյթունում 1 քմ արժեքը՝ 392 700 դրամ, աճը՝ 8 տոկոս
Նոր-Նորքում 1 քմ արժեքը՝ 336 000 դրամ, աճը՝ 7,8 տոկոս
Էրեբունիում 1 քմ արժեքը՝ 348 500 դրամ, աճը՝ 10,1 տոկոս
Շենգավիթում 1 քմ արժեքը՝ 350 200 դրամ, աճը՝ 7,9 տոկոս
Դավթաշենում 1 քմ  արժեքը՝ 406 100 դրամ, աճը՝ 13 տոկոս
Աջափնյակում 1 քմ արժեքը՝ 364 500 դրամ, աճը՝ 8,9 տոկոս
Մալաթիա-Սեբաստիայում 1 քմ-ն՝ 352 000 դրամ, աճը՝ 11 տոկոս
Ավանում 1 քմ արժեքը՝ 348 600 դրամ, աճը՝ 9.3 տոկոս
Նուբարաշենում 1 քմ արժեքը՝ 206 000 դրամ, աճը՝ 8.1տոկոս

Ի դեպ, օրերս անշարժ գույքի շուկայի գերտաքացման մասին էր խոսել նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ արձանագրելով.

«Մասնավորապես, վերջին 5 տարիների ընթացքում հիփոթեքային վարկավորման ծավալների աճն ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով։ Այսինքն՝ վերջինների միջև դիտարկվում են միմյանց փոխսնուցող աճեր, որն անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկի մասին է վկայում»:

ԿԲ վերլուծության համաձայն՝ 2022թ. դեկտեմբերի դրությամբ անշարժ գույքի գների հնարավոր գերարժևորման չափը գնահատվել է 16-22 տոկոս, իսկ արդեն 2023թ. առաջին եռամսյակի դրությամբ իրականացված գնահատումների համաձայն՝ գերարժևորման չափն ավելի է մեծացել և կազմել մոտ 25 տոկոս:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում նկատեց՝ ԿԲ ներկայացրած թվերն ամբողջովին չեն ներկայացնում շուկայում առկա իրավիճակը:

«Գներն այժմ կայուն վիճակում են գտնվում: ԿԲ-ն ճիշտ է իր կանխատեսումների և հաշվարկի մեջ, ուղղակի իրենց ներկայացրած թվերից ավելին է եղել արժևորումը՝ ըստ մեր հաշվարկների, քանի որ պետությանը ներկայացվող հաշվետվությունները ոչ միշտ է, որ ճիշտ են. շատ գնորդներ կան՝ ոչ ճիշտ գումար են նշում, ու այնտեղ որոշ չափով տոկոսային շեղվածություն է առաջանում»,- պարզաբանեց Վահե Դանիելյանը:

Անշարժ գույքի շուկայի մասնագետը նկատեց՝ գների հիմնական աճը եղել է 2022 թվականին, որն իներցիայով շարունակվել է 2023 թվականին:

«2022թ. ընդհանրացած 30-40 տոկոսի չափով գնաճ ենք ունեցել: ԿԲ-ն փորձում է այդ տաք իրավիճակը սառեցնել, որպեսզի աճն անկառավարելի չլինի, կայուն լինի: Կարծում եմ՝ գները դեռևս նույն մակարդակում կպահպանվեն, իսկ հետագայում՝ գուցե և նորից բարձրանան արտաքին գործոններով պայմանավորված. միջազգային իրավիճակ, ռուս-ուկրաինական հակամարտություն, ՀՀ-ն է ինչ-ինչ բանակցություններ վարում, աշխարհում ճգնաժամեր են:

Իսկ ճգնաժամերի ժամանակ, սովորաբար, շատ փող են տպում, և շուկայում դրամային զանգվածը մեծանում է, ինչը բերում է փողի արժեզրկման` դևալվացիա (այսինքն՝ ոչ թե գներն են բարձրանում, այլ փողն առաջվա գնողունակությունն էլ չունի): Այժմ դոլարն արժեզրկվում է, ու համաշխարհային արժույթները կապված են ամերիկյան դոլարի հետ»,- նշեց նա:

Անդրադառնալով վարձակալության շուկայի միտումներին՝ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ գների նվազման միտում կա:

«2022 թվականին որ 30-40 տոկոսով բարձրացան, հետ եկան նախորդ տարվա սեպտեմբերյան գների մակարդակին: Հիշեցնեմ՝ սեպտեմբերի վերջից ՌԴ-ից զորակոչով պայմանավորված՝ ներհոսք եղավ, որոնց մեծ մասը երեք ամիս անց՝ զորակոչից հետո, հեռացան ՀՀ-ից»,- մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս