Անշարժ գույքի գների գերարժևորումն առաջին եռամսյակում ավելի է մեծացել՝ կազմելով 25 տոկոս. ԿԲ-ն մտավախություն է հայտնում

«Աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված՝ աճող անորոշությունների միջավայրում, համաշխարհային և ներքին տնտեսական ակտիվության ապագա հեռանկարների և գնաճի ռիսկերը պահպանվում են բարձր մակարդակում,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ֆինանսական կայունության ռիսկերին անդրադառնալով՝ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, – Վերջինից ածանցված՝ բարձր են գնահատվում նաև տնտեսության պարտքային բեռի հնարավոր աճի և դրանից բխող վարկային կորուստների նյութականացման ռիսկերը»:

Ռիսկի հաջորդ գործոնը, ԿԲ նախագահի արձանագրմամբ, վերջին տարիների ընթացքում շարունակաբար արձանագրվող հիփոթեքային վարկերի և անշարժ գույքի գների աճն է, որը, ըստ նրա, վկայում է անշարժ գույքի և հիփոթեքային շուկայի որոշակի գերտաքացման մասին։

«Մասնավորապես, վերջին 5 տարիների ընթացքում հիփոթեքային վարկավորման ծավալների աճն ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով. այսինքն՝ վերջինների միջև դիտարկվում են միմյանց փոխսնուցող աճեր, որն անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկի մասին է վկայում»,- ասաց Մարտին Գալստյանը՝ փոխանցելով ԿԲ-ի մտավախություններն անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող երևույթների առնչությամբ:

ԿԲ վերլուծության համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի դրությամբ անշարժ գույքի գների հնարավոր գերարժևորման չափը գնահատվել է 16-22 տոկոս, իսկ արդեն 2023 թ. առաջին եռամսյակի դրությամբ իրականացված գնահատումների համաձայն՝ գերարժևորման չափն ավելի է մեծացել և կազմել մոտ 25 տոկոս:

Կարդացեք նաև

«ԿԲ-ն վերջին 2 տարվա ընթացքում շարունակաբար խոսում է անշարժ գույքի շուկայում արժևորման երևույթների՝ տների գների աճի մասին, և 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մեր դիտարկումների առավելագույն մակարդակին ենք հասել, որը կազմել է 25 տոկոս»,- ասաց ԿԲ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս