«Միացյալ Նահանգները չկարողացավ հաղթահարել այս փուլը, եթե կա փաստաթուղթ, ինչո՞ւ չի ստորագրվում». Գրիգոր Բալասանյան

Երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Առլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:

Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։

«Նախարարները և նրանց թիմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»,- նշված էր ՀՀ ԱԳ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ ինչո՞ւ հանկարծ Վաշինգտոնում «Խաղաղության պայմանագիրը» դարձավ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագիր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը պատասխանեց, որ, ըստ էության, ի սկզբանե այն երկկողմանի հարաբերությունների կարգավորման պայմանագիր էր, որովհետև նախատեսվում էր, որ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով պիտի ստեղծվեր, որը պետք է զբաղվեր հարաբերությունների կարգավորմամբ և սահմանների ճշգրտմամբ, ինչպես նաև կումունիկացիաների բացմամբ, և այլն։

«Հետո շրջանառության մեջ մտցրեցին «խաղաղության պայմանագիր», այնուհետև՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինը, նման տերմին երբեք չի եղել, սա Ալիևն է մտցրել։

Ինչ վերաբերում է Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, ապա, կարծում եմ՝ Միացյալ Նահանգները չկարողացավ հաղթահարել այս փուլը, քանի որ ըստ էության չկարողացավ ապահովել տարածաշրջանային պետությունների կոնսենսուսն իր կողմից առաջարկվող պայմանագրի նախագծի վերաբերյալ»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։

Նա նկատեց՝ նման բան երբեք չի եղել. Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները չորս օր բանակցեցին, սակայն վերջում նույնիսկ համատեղ ասուլիսով հանդես չեկան։ Միացյալ Նահանգները հույս է հայտնում, որ հետո լավ կլինի, իսկ Բլինքենը, այնուհետև Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում, հայտարարեցին, որ արդեն կա փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի։

«Եթե կա փաստաթուղթ, ինչո՞ւ այն չի ստորագրվում, և անգամ այսօր Պետդեպարտամենտը հայտարարում է, որ կողմերը որոշ հարցերի վերաբերյալ ունեն ծայրաստիճան տարբեր մոտեցումներ։ Կարծում եմ՝ այստեղ իր վճռորոշ դերն ունեցավ նաև Մոսկվայից որոշակի ակտիվությունը, և չեմ բացառում՝ զանգը, որովհետև Փաշինյանը Պրահայում հանկարծ հայտարարեց, որ մյուս շաբաթ գնում է  Մոսկվա։ Այս ամենն ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Միացյալ Նահանգները չկարողացավ միանձնյա որոշում կայացնել տարածաշրջանի վերաբերյալ և ստիպել կողմերին ստորագրել պայմանագրի իր տարբերակը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախում մաքսակետ տեղադրելուն և հարցին՝ Ռուսաստանին ու Իրանին որքանո՞վ է ձեռնտու այդ մաքսակետը, եթե այն մնա, ապա տարածաշրջանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց, որ չի կարծում, թե Ռուսաստանն ու  Իրանը դրան համաձանություն կտան, և թերևս սրանով է պայմանավորված Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի մեկնումը Բաքու, որտեղ հանդիպել է Պաշտպանության նախարարի հետ։

«Կարծում եմ, ըստ էության, այս հարցն է քննարկվում, քանի որ սա ուղղակի խախտում է նոյեմբերի 9-ի արձանագրությունները, և 5 կմ լայնություն ունեցող միջանցքի պատասխանատուն ռուս խաղաղապահներն են։ Հետևաբար՝ սա և՛ իմիջային խախտում է, և՛ խափանում է մարդկանց ազատ տեղաշարժը։

Այս ամենը որևէ պարագայում չէր կարող ձեռնտու լինել Ռուսաստանին ու Իրանին։ Ըստ իս, մի քիչ դժվար է լինելու, բայց փորձելու են դիվանագիտական կամ այլ ճանապարհով հասնել ոչ թե այդ անցակետի ապամոնտաժմանը (քանի որ դա արդեն կլինի իմիջային հարված Ադրբեջանին, ինչին նա չի գնա), այլ գոնե  կոնսերվացմանը։ Այսինքն՝ այդ անցակետը կմնա, բայց այնտեղ ոչ ոք ծառայություն չի անցկացնի, կլինի մի տարածք, որի միջով կգնան-կգան։ Կկոնսերվացնեն, բայց կրկնում եմ՝ Ադրբեջանն ամբողջովին չի ապամոնտաժի, քանի որ սա միջազգային իմիջի հարց է, թեպետ միջազգային բոլոր կենտրոնները հայտարարում են, որ այդ անցակետի տեղադրումը խախտում է բոլոր  տեսակի պայմանավորվածությունները»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս