«Որպեսզի խաղաղության պայմանագիրը կենսունակ լինի, պետք է ապահովվեն որոշակի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն պայմանագիրը». Սարգիս Խանդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողներին հորդորում է սպասել Միրզոյան-Բայրամով հանդիպման ավարտին և դրանից հետո միայն խոսել  արդյունքների մասին։

Ըստ նրա, ՀՀ արտգործնախարարության հաղորդագրությունը հակիրճ է այդ հանդիպման վերաբերյալ, քանի որ հանդիպումը դեռևս շարունակվում է։

«Ինչպես գիտեք, բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի կամ խաղաղության տեքստի շուրջ։ Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, դրանց արդյունքների մասին խոսելը վաղ կլինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական թիմի պատգամավորը։

Հարցին՝ այս բանակցություններին հայկական կողմի նպատակը ո՞րն է, ո՞րն է այն առավելագույն կետը, որին ցանկանում է հասնել, Սարգիս Խանդանյանը պատասխանեց՝ հայկական կողմի նպատակն է տարածաշրջանում հասնել համապարփակ խաղաղության, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը,  Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրումը։ Ենթադրում եմ, որ այս բոլոր թեմաները բանակցությունների սեղանի վրա են։

Կարդացեք նաև

Թե ինչո՞ւ խաղաղության պայմանագիրը փոխեց իր անունը և ստացավ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր անվանումը, և արդյո՞ք սրանով փոխվում է համաձայնագրի բովանդակությունը՝ հարցին էլ Սարգիս Խանդանյանը պատասխանեց, թե դրա վերաբերյալ տեղեկություններ չունի։

«Գիտեմ այն, ինչ հրապարակային է, և ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ասել են, որպեսզի խաղաղության պայմանագիրը կենսունակ լինի, պետք է ապահովվեն որոշակի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն պայմանագիրը։ Պետք է Հայաստանն ու Ադրբեջանը բանակցեն այդ երաշխիքների շուրջ, համաձայնության գան երկուստեք։ Մենք կարծում ենք, որ դա պետք է լինի միջազգային հանրության ակտիվ ներգրավմամբ՝ լինի միջազգային կազմակերպությունների, թե երկրների տեսքով, այսինքն՝ միջազգային հարաբերությունների, երբ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրերն ունեցել են երաշխավորող կողմեր»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս